Մատչելիության հղումներ

Թուրքիան որոշել է իրագործել Կարս - Բաքու երկաթուղու շինարարության ծրագիրը


Ի երախտագիտություն Հյուսիսային Կիպրոսի միջազգային շրջափակման վերացման հարցում Ադրբեջանի իրականացրած ջանքերի՝ Թուրքիայի կառավարությունը որոշել է սկսել Ադրբեջանի հետ երկաթուղային կապի հաստատման ծրագրի իրագործումը:

Անցած ամիս ադրբեջնական մասնավոր ավիաընկերություններից մեկը սկսել է իրականացնել կանոնավոր չվերթներ Բաքվի եւ չճանաչված Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետության մայրաքաղաք Լեֆկոշի միջեւ:

Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ, այս շաբաթ Ստամբուլում կկայանա Թուրքիայի, Ադրբեջանի եւ Վրաստանի տրանսպորտի նախարարների հանդիպումը, որի ընթացքում կքննարկվեն Կարս - Ախալքալակ - Թբիլիսի - Բաքու երկաթուղու կառուցման նախագծին առնչվող հարցերը:

Ըստ նախագծի, կառուցվելու է Կարս - Ախալքալակ երկաթուղու 98-կիլոմետրանոց հատվածը (68-ը Թուրքիայում, 30-ը՝ Վրաստանում), որը կմիացվի արդեն գործող Ախալքալակ - Բաքու երկաթուղուն: Ըստ նախնական հաշվարկների, նոր երկաթուղու կառուցման համար անհրաժեշտ է առնվազն 500 միլիոն դոլար:

Հայաստանի իշխանությունները բազմիցս հայտարարել էին, որ Կարս - Գյումրի երկաթուղու առկայության պայմաններում նոր երկաթուղու կառուցումը «անհեթեթություն» է:

ԱՄՆ Կոնգրեսում հայկական հարցերով զբաղվող խմբի անդամներ Ջո Նոլենբերգը, Ֆրենկ Փալոնը եւ Ջորջ Ռադանովիչը հուլիսի 20-ին Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատ են ներկայացրել օրինագիծ, որով կարգելվի Միացյալ Նահանգներին աջակցել Հայաստանը շրջանցող Կարս - Ախալքալակ երկաթուղու ծրագրվող շինարարությանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG