Մատչելիության հղումներ

Պենտագոնի ներկայացուցիչը հերքում է, թե Միացյալ Նահանգները մտադիր է ռազմակայաններ տեղակայել Ադրբեջանում


ԱՄՆ պաշտպանության նախարարության մամլո խոսնակ Ջո Կարպենտերը հայտարարել է, որ Ուզբեկստանից Ադրբեջան ամերիկյան ռազմակայանի տեղափոխման մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը:

Վկայակոչելով ամերիկյան լրատվամիջոցները՝ Բաքվի «525-րդ թերթ»-ը հաղորդում է, որ Պենտագոնի խոսնակը խորհուրդ է տվել ռուսաստանյան լրատվամիջոցներին «չշահարկել» այդ թեման՝ նկատի ունենալով «Նեզավիսիմայա գազետա»-ի հրապարակումն այն մասին, որ Ուզբեկստանի «Կարշի-Խանաբադ» ռազմակայանի հարցը քննարկվել է ԱՄՆ պետքարտուղար Կոնդոլիզա Ռայսի եւ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի բանակցությունների ժամանակ:

Ըստ աղբյուրի, Վաշինգտոնում Ռայս - Մամեդյարով բանակցությունների ընթացքում հիմնական ուշադրությունը հատկացվել է ահաբեկչության դեմ գլոբալ պայքարին եւ Ադրբեջանում նոյեմբերին կայանալիք խորհրդարանական ընտրությունների՝ միջազգային չափանիշներին համապատասխանելու անհրաժեշտությանը:

Իսկ ANS-ի փոխանցմամբ, Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Ռինո Հարնիշը շաբաթ օրը Սումգայիթում կայացած հանդիպումների ժամանակ հայտարարել է. - «Միացյալ Նահանգները մտադիր չէ ռազմակայաններ տեղակայել Ադրբեջանում»:

Արտգործնախարար Մամեդյարովը, իր հերթին, Միացյալ Նահանգներում գտնվելիս, Կարնեգի հիմնադրամի իր ելույթում ասել էր, թե հանդիպումների ժամանակ ամերիկյան կողմը «հանդես չի եկել» Ադրբեջանում ռազմակայաններ տեղակայելու առաջարկությամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG