Մատչելիության հղումներ

Վերաօծվել է Ախալքալակի շրջանի Մեծ Սամսար գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցին


Օգոստոսի 1-ին Ախալքալակի շրջանի Մեծ Սամսար գյուղում Վիրահայոց թեմի Առաջնորդ Տ. Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի ձեռամբ վերաօծվել է Սուրբ Աստվածածին եկեղեցին: Աղոթատունը նորոգվել է գյուղի հիմնադիր Տ. Բարսեղ քահանայի թոռներից մեկի՝ ռուսաստանաբնակ Սամվել Բարսեղյանի միջոցներով:

Ինչպես տեղեկացնում է Մայր Աթոռ Ս. Էջմիածնի տեղեկատվական համակարգը, արարողությանը ներկա էին Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Համլետ Մովսիսյանը, Ախալքալակի քաղաքապետ Նաիրի Իրիցյանը, «Ջավախք» ժողովրդական շարժման նախագահ Նորիկ Կարապետյանը, Ջավախքի մտավորականների ֆորումի համանախագահ Դավիթ Ռստակյանը, շրջանի հայտնի մտավորականներ, մշակույթի գործիչներ:

Մեծ Սամսար գյուղը հիմնվել է հոգեւորականի՝ Տեր Բարսեղ քահանայի կողմից՝ 1848 թվականին, ինչը խոսում է սամսարցիների եկեղեցու հանդեպ ունեցած մեծ սիրո եւ հավատարմության մասին: Ըստ պատմական որոշ տեղեկությունների, գյուղը հաստատված է ավերված Սամսար քաղաքատեղիում: Որոշ գիտնականներ Սամսար քաղաքը նույնացնում են Սամոսատի հետ:

Առ այսօր, Մեծ Սամսարի տարածքում գտնվում են 11-12-րդ դարերի Խաչ Մաղալ ժայռափոր եկեղեցին եւ 11-13-րդ դարերի ժայռափոր երեք եկեղեցիներ ու մեկ մատուռ: Կան նաեւ նշված դարաշրջանին պատկանող խաչքարեր: Այս ամենը ուշադրությամբ պահվում եւ պահպանվում է տեղի հայ բնակչության կողմից: 1850-ականներին կառուցվել էր գյուղամիջի Սուրբ Աստվածածին եկեղեցին, որը 1899 թվականին խոնարհվել էր երկրաշարժից, բայց 1902 թվականին վերականգնվել տեղի բնակչության միջոցներով:

Հիշեցնենք, հուլիսի 15-ին Ախալքալակի շրջանի հայերը ծեծի են ենթարկել Թբլիսիի պետական համալսարանի Ախալքալակի մասնաճյուղի ուսանողներին, որոնք մաքրման աշխատանքներ էին տանում 12-րդ դարի ժայռափոր Սուրբ Գեւորգ եկեղեցում: Ամբողջ օրը նրանք դուրս չեն եկել եկեղեցուց, ըստ ուսանողների՝ աղոթել են:

«Ազատություն» ռադիոկայանին Ջավախքի «Վիրք» կուսակցության համանախագահ Դավիթ Ռստակյանը հայտնել էլ, որ ուսանողները իրենց մոտ եղած գործիքներով փորձել են քանդել եկեղեցին, քարեր փոկել, ինչից էլ առաջել է վեճը ուսանողների, նրանց հետ ժամանած վերանորոգողների եւ տեղի հայ կանանց միջեւ: Ի վերջո, կանայք եկեղեցուց դուրս են վռնդել ուսանողներին:

Իսկ Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Վան Բայբուրթը «Ազատություն» ռադիոկայանին հուլիսի վերջին Ջավաքում հայտնել էր, որ դրանք ամենեւին էլ ուսանողներ չէին, այլ «վրացի հայրենասեր երիտասարդներ», ովքեր չէին ներկայացնում Թբիլիսիի պետականի համալսարանը եւ չունեին Սուրբ Գեւորգ եկեղեցում վերականգնողական աշխատանքներ իրականացնելու Վրաստանի մշակույթի նախարության հուշարձանների պահպանության բաժնի հատուկ թույլտվությունը:

Դեպքի առնչությամբ հարուցվել էր քրեական գործ, միջադեպի մասնակիցներն ու վկաները այժմ հարցաքննվում են:


Կարինե Քալանթարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG