Մատչելիության հղումներ

Վաշինգտոնում կայացել է Ռայս-Մամեդյարով հանդիպումը


Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ երեքշաբթի օրը Վաշինգտոնում կայացած հանդիպման ժամանակ ԱՄՆ պետքարտուղար Կոնդոլիզա Ռայսը հայտարարել է, որ «որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, Միացյալ Նահանգները պատրաստ է ամեն ինչ անել ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման համար»:

«Թուրան»-ի փոխանցմամբ, տեղեկացնելով այս մասին՝ Էլմար Մամեդյարովը նշել է, որ «քննարկվել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող շատ հարցեր, եւ քննարկումները եղել են շատ արդյունավետ»:

«Բանակցություններում հատուկ ուշադրություն է դարձվել Ադրբեջանում առաջիկա խորհրդարանական ընտրություններին վերաբերող հարցերին: Մենք քննարկել ենք ժողովրդավարության կայացումը ինչպե’ս Ադրբեջանում, այնպես է’լ ողջ տարածաշրջանում: Դոկտոր Ռայսը հայտարարեց, որ Միացյալ Նահանգները կցանկանար ավելի շատ ժողովրդավարություն, ավելի շատ ազատություն տեսնել Ադրբեջանում», - նշել է Մամեդդյարովը:

Ադրբեջանի արտգործնախարարը նաեւ հայտնել է, որ կողմերը անդրադարձել են նաեւ երկկողմ տնտեսական հարաբերություններին, մասնավորապես՝ Բաքու - Թբիլիսի - Ջեյհան նավթամուղի եւ Բաքու - Թբիլիսի - Էրզրում գազատարի նախագծերին:

Իր հնգօրյա աշխատանքային այցի ընթացքում Էլմար Մամեդյարովը հանդիպումներ կունենա ԱՄՆ պաշտպանության նախարարությունում եւ Ազգային անվտանգության խորհրդում: Բացի այդ, նախատեսված է Ադրբեջանի արտգործնախարարի մասնակցությունը Ժողովրդավարության ազգային ինստիտուտում (NDI) եւ Ընտրական համակարգերի միջազգային հիմնադրամում (IFES) կազմակերպվելիք «կլոր սեղաններին»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG