Մատչելիության հղումներ

Տնտեսական աճը Հայաստանում ապահովել են գյուղատնտեսությունն ու շինարարությունը


Հայաստանը շարունակում է պահպանել տնտեսական աճի բարձր տեմպերը: Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, այս տարվա առաջին վեց ամիսներին երկրի Համաշխառն ներքին արդյունքն աճել է ավելի քան 10 տոկսով։ Այս աճի մեջ վերստին որոշիչ է տնտեսության երկու ճյուղերի՝ գյուղատնտեսության եւ շինարարարության դերը։

Վիճակագրությունը փաստում է, որ տնտեսական աճին զուգահեռ ավելի մեծ չափով աճում են մարդկանց պաշտոնական եւ ոչ պաշտոնական եկամուտները, մասնավորապես՝ աշխատավարձերը։ Այս տարվա առաջին կիսամյակում մեկ աշխատողի միջին ամսական աշխատավարձը Հայաստանում աճել է 25,5 տոկոսով եւ հունիսի վերջին կազմել է 52 հազար 300 դրամ։ Սակայն, զգալի տարբերություն կա տնտեսության պետական եւ մասնավոր հատվածներում վճարված աշխատավարձերի մակարդակների միջեւ. եթե հունիսի վերջին մասնավոր հատվածում վարձու աշխատողի միջին աշխատավարձը մոտ 63 հազար դրամ էր, ապա բյուջետային աշխատողների միջին աշխատավարձը ընդամենը 33,5 հազար դրամ էր կազմում։

Ազգային վիճակագրական ծառայության կիսամյակային ամփոփագրում հանրապետությունում միջին աշխատավարձը համեմատվել է նվազագույն սպառողական բյուջեի հետ. ըստ այդմ՝ միջին աշխատավարձը գերազանցում է շնչի հաշվով նվազագույն սպառողական բյուջեն շուրջ 61 տոկոսով։

Մինչդեռ, ներկա դրությամբ հանրապետությունում միջին աշխատավարձը դոլարային արտահայտությամբ ընդամենը 123 դոլար է։ Եթե դրամային արտահայտությամբ միջին աշխատավարձը անցյալ տարվա հունվար - հունիսի նկատմամբ աճել է շուրջ 25 տոկոսով, ապա դոլարային արտահայտությամբ այդ աճը մոտ 50 տոկոս է։ Սա պայմանավորված է ազգային դրամի արժեվորմամբ՝ շնորհիվ, իհարկե, Կենտրոնական բանկի կոշտ դրամավարկային քաղաքականության։

Դրամի արհեստական դեֆիցիտը, անշուշտ, նպատակ ունի պահպանել սղաճի հաստատված սցենարը։ Եվ իրոք, նույն վիճակարգական աղբյուրը վկայում է, որ այս տարվա առաջին կիսամյակում գներն Հայաստանում աճել են ընդամենը 2,3 տոկոսով։ Մինչդեռ, ԱՊՀ երկրների մեծ մասում, այդ թվում՝ Ռուսաստանում գների աճը երկնիշ թվով է նկարագրվում։

Նույնիսկ ԱՊՀ երկրներից շատերի համեմատ Հայաստանում վճարվող աշխատավարձերը ավելի քան համեստ են. Ասենք, հունիսի վերջի դրությամբ Ռուսաստանում միջին աշխատավարձը ավելի քան 300 դոլար էր, Ուկրաինայում 165, Բելառուսում՝ 221 դոլար։ Ավելի մեծ են վաստակները մերձբալթյան եւ Արեւելյան Եվրոպայի երկրներում. միջին լիտվացին այժմ ամսական վաստակում է 445, էստոնացին՝ 575, չեխը՝ 710 դոլար։ Լեհաստանում միջին աշխատավարձը 730 դոլար է, Հունգարիայում՝ 770։ Այս թվերն էլ, սակայն, զգալիորեն զիջում են միջին եվրոպացու աշխատավարձին։ Դոլարային արտահայտությամբ այն այսօր 5217 դոլար է։


Ատոմ Մարգարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG