Մատչելիության հղումներ

Ուզբեկստանում ԱՄՆ-ի ռազմակայանը կարող է տեղափոխվել Ադրբեջան


Ադրբեջանցի փորձագետների կարծիքով, այս ամիս ԱՄՆ պաշտպանության նախարար Դոնալդ Ռամսֆելդի՝ Ադրբեջան կատարելիք այցի ընթացքում կարող է քննարկվել նաեւ Ուզբեկստանում գտնվող ԱՄՆ ռազմակայանի՝ Ադրբեջան տեղափոխելու հնարավորությունը:

Բաքվի «Էխո» թերթի փոխանցմամբ, Ադրբեջանի Միլլի Մեջլիսի (խորհրդարանի) անդամ Ալիմամեդ Նուրիեւը կարծիք է հայտնել, որ Միացյալ Նահանգները ստիպված են նման քայլի դիմել Ուզբեկստանի ներկայացրած վերջնաժամկետի (180 օրվա ընթացքում դուրս բերել Խանաբադի ռազմակայանը) եւ Ղրղըզստանում ամերիկյան ռազմակայանի շուրջ ստեղծված անորոշության պատճառով:

«Ամերիկացիները մշտական եւ կայուն գործընկերոջ կարիք ունեն, եւ այդ դերը կարող է ստանձնել հենց Ադրբեջանը», - նշել է Նուրիեւը՝ ավելացնելով, որ Ադրբեջանի ազգային անվտանգության մասին օրենքը չի արգելում երկրի տարածքում այլ պետությունների ռազմակայանների տեղակայումը:

Իսկ ռազմական փորձագետ Ուզեիր Ջաֆարովի համոզմամբ, ամերիկյան ռազմակայանի տեղափոխումը Ուզբեկստանից Ադրբեջան «քիչ հավանական է»:

«Ամերիկացիները ընդմիշտ չեն դուրս են բերում իրենց զորքերը: Շուտով նրանք կվերադառնան Ուզբեկստան», - գտնում է ռազմական փորձագետը՝ ավելացնելով, որ Ադրբեջան կարող է տեղափոխվել «Խանաբադ» ռազմակայանի մի մասը միայն՝ «արագ արձագանքման խմբերի» տեսքով:

Ջաֆարովը նաեւ բացառում է Իրանին Միացյալ Նահանգների կողմից կանխարգելիչ հարվածներ հասցնելու հնարավորությունը, քանի որ «դա
բացասական հետեւանքներ կունենա ողջ տարածաշրջանի համար»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG