Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Հայաստանի Հանրապետություն» թերթը, անդրադառնալով համահայկական երիտասարդական համաժողովի մասնակիցների հետ Սերժ Սարգսյանի հանդիպմանը, ընդգծում է. - «Հայաստանում գունավոր հեղափոխություն նախարարը չի սպասում՝ դա ուղղակի բացառվում է»: «Ինչ վերաբերում է այն հարցին, թե ես հրաման կտա՞մ բանակին ծրագրվելիք գործողություններին միջամտելու համար, ապա այդ հրամանը պետք է տա երկրի գերագույն հրամանատարը, եւ այս դեպքում պաշտպանության նախարարը պետք է ենթարկվի գերագույն հրամատարին: Իսկ ես պատրաստ եմ կատարելու գերագույն հրամանատարի հրամանը», - ասել է Սերժ Սարգսյանը: Նույն հանդիպումից «Առավոտ»-ը մատուցում է. - «Նախարարի համոզմամբ, Հայաստանի իշխանությունները բավականաչափ ուժեղ են, որպեսզի հեղաշրջումների դեմն առնեն»: «Իրենցից ո՞վ է էդ Հերկուլեսը, որ գալու է իմ գլուխը ջարդի ու նստի իմ աթոռին: Այսինքն, նրանք ո՞նց են պատկերացնում, որ գնան Քոչարյանի գլուխը ջարդեն ու նստեն նրա աթոռին: Ինչպե՞ս կարելի է դա պատկերացնել, եթե Քոչարյանը կամավոր հրաժարական չի տալիս: Նրանք ո՞վ են, որ մեր նկատմամբ ուժ կիրառեն»:

«Կրկնվեց՝ այն էլ ավելի կոպիտ ձեւով, 2004-ի գարնանը հրապարակված թեզը «սատկացնելու» վերաբերյալ», - արձագանքում է «Իրավունք»-ի մեկնաբանը: - «Ավելին՝ Սերժ Սարգսյանը ուղղակի տեքստով ակնարկեց, որ հեղափոխության դեպքում երաշխավորված չէ Ռոբերտ Քոչարյանի անձնական անվտանգությունը եւ օլիգարխների դղյակների անձեռնմխելիությունը եւ հայտնեց, որ պատրաստ է կատարել գերագույն գլխավոր հրամատարի ցանկացած հրաման»: «Պարզ է, որ պաշտպանության նախարարի ջղագրգիռ ելույթը դատարկ տեղից չի առաջ եկել եւ ունի խորքային պատճառներ», - զարգացնում է մեկնաբանը: - «Պետք է ենթադրել, որ նրան անհանգստացնողը արտաքին ճնշումներն են, գումարած աշնանը տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին սպասվող «բոլորը բոլորի դեմ» սցենարը, որի ընթացքում հնարավոր են ցանկացած վերադասավորումներ ցանկացած ճամբարների միջեւ»:

Գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը, «Հայոց աշխարհ»-ում անդրադառնալով մայիսի 10-ին Թբիլիսում ԱՄՆ նախագահի ուղղությամբ նետված նռնակի հայկական արտադրության մասին լուրերին, պարզաբանում է. - «ԱՄՆ-ի ներկայացուցչի հայտարարության ռուսերեն թարգմանության մեջ նշվել է «արմեյսկայա գրանատա» բառակապակցությունը: Դրա վրա հիմնվելով, տեղեկատվություն էր տարածվել, որ ամերիկացիներն իբր հայտարարել են, թե դա եղել է «արմյանսկայա գրանատա», եւ ողջ թյուրիմացությունը հենց դրանից է սկսվել... Իրականում դա եղել է ռուսական կամ խորհրդային արտադրության հարձակողական նռնակ: Սխալ թարգմանության հանգամանքը միտումնավոր աղավաղվում է ադրբեջանական պաշտոնյաների կողմից, սակայն ակնհայտ է, որ ո’չ ձերբակալված անձը, ո’չ էլ այս գործի հանգամանքները որեւէ կերպ չեն առնչվում Հայաստանին»: «Լաթի մեջ փաթաթված այն անվնաս առարկան, որը մայիսի 10-ին այդպես էլ չպայթեց եւ չէր էլ կարող պայթել, այժմ կամաց-կամաց «գլորվում է» դեպի հյուսիս, քանզի Վրաստանի ղեկավարությանը շուտափույթ անհրաժեշտ է սուր միջազգային սկանդալի տեսք տալ ռուս-վրացական հարաբերություններում կուտակվող բարդ պրոբլեմներին», - մեկ այլ հրապարակման մեջ մեկնաբանում է «Հայոց աշխարհ»-ը:

ՀՅԴ Հայաստանի գերագույն մարմնի անդամ Սպարտակ Սեյրանյանը «Առավոտ»-ի հարցազրույցում բացատրելի է համարում, թե ինչու է ՄԱԿ-ի (Միավորված աշխատանքային կուսակցություն) ղեկավար Գուրգեն Արսենյանը հանդես գալիս ընդդեմ կոալիցիայի. - «Այս կազմակերպությունը տեւական շրջան փորձում էր իր տեղն ունենալ իշխանության մեջ՝ հայհոյելով ընդդիմությանը: Չհաջողվեց: Եվ հիմա փորձում է ընդդիմության մեջ տեղ ունենալ՝ հայհոյելով իշխանությանը»: Ի պատասխան Գուրգեն Արսենյանի հայտարարությանը, թե ՄԱԿ-ը գաղափարական պատերազմ է հայտարարում ՀՅԴ-ին, Սպարտակ Սեյրանյանը հակադարձում է. - «Արսենյանը շփոթում է բիզնեսը եւ քաղաքականությունը ու հաջողված բիզնես-ծրագրի շհորհիվ կյանքի կոչված ՄԱԿ-ը համարում այս կամ այն քաղաքական ուժին գաղափարական այլընտրանք»: «Առավոտ»-ի հարցին, թե ընդունո՞ւմ է արդյոք, որ կոալիցիան իր պահվածքով թիմակիցներին մղել է ընդդիմության ասպարեզ, Սեյրանյանը բնորոշում է. - «Մարդը գտնում է, որ եթե քաղաքական ինչ-որ ուժերի հետ միասին պաշտպանել է որեւէ թեկնածուի, ապա հետո պիտի ստանա իր պաշտպանելու համար համարժեք վճար, փոխհատուցում... Դարձյալ նույն բիզնես-ծրագիրն է. ինչ-որ ներդրում եմ կատարել ընտրությունների ժամանակ՝ բարի եղեք համարժեքը վճարել, այլապես գնում եմ ընդդիմություն, ձեզ էլ հայտարարում սառը պատերազմ»:

«Ես սա համարում եմ ներկա իշխանությունների կողմից խիզախում», - «Առավոտ»-ում հայտարարում է ՀՀԿ խորհրդարանական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը: Ըստ նրա, ոչ մի իշխանություն իր լծակները հենց այնպես բաց չի թողնում, իսկ «այսօրվա իշխանությունները նման սահմանադրական փոփոխություններով հենց դա են անում»:

«Իրավունք»-ի հարզացրույցում Ազգային ժողովի պատգամավոր Մանուկ Գասպարյանը, ով քաղաքական նոր կուսակցություն է հիմնել, ասում է. - «Եթե Հայաստանում պետք է իշխանափոխություն տեղի ունենա փոխանցման եղանակով, ուրեմն ավելի լավ է մնա Ռոբերտ Քոչարյանը: Ինձ համար անընդունելի է, որ այսօրվա իշխանության մաս կազմողը պետք է շարունակի գնացողների գործը: Դա վերաբերում է ե’ւ Աղվան Հովսեփյանին, ե’ւ Սերժ Սարգսյանին»:

«Ըստ շրջանառվող լուրերի, Գեղարքունիքի մարզպետին հնդիկ ոսկեհանները ջիպ են նվիրել», - փոխանցում է «Ազգ»-ը: - «Հայտնի է, որ նրանք ուզում են Սեւանա լճի ջրհավաք ավազանում՝ Սոթքում, ոսկու կորզման ֆաբրիկա կառուցել եւ ոսկու արդյունահանում սկսել»: Թերթը նշում է, որ այս ծրագիրը ապրիլի 5-ին տապալվեց, բայց դարձյալ վերակենդանացվում է. - «Առատաձեռն հնդիկները 4 ջիպ էլ նվիրել են բնապահպանության նախարարությանը: Ասում են, մարզպետն արդեն շրջագայում է ջիպով», - ներկայացնում է «Ազգ»-ը:


Հրաչ Մելքումյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG