Մատչելիության հղումներ

Հայաստանն ու Վրաստանը փորձելու են համատեղ լուծել Ջավախքի սոցիալական խնդիրները


Երկուշաբթի օրը Հայաստանի վարչապետ Անդրանիկ Մարգարյանը ավարտեց երկօրյա աշխատանքային այցը Վրաստան, որի հիմնական նպատակը Ջավախքի սոցիալ-տնտեսական վիճակը բարելավելուն ուղղված համատեղ ջանքերի քննարկումն էր:

Վրաստանցի գործընկեր Զուրաբ Նողաիդելու հետ կիրակի օրը Ջավախքում տեղի բնակիչների հետ հանդիպումներից հետո, երկուշաբթի օրը Անդրանիկ Մարգարյանը Թբիլիսիում հանդիպումներ ունեցավ Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլու եւ խորհրդարանի խոսնակ Նինո Բուրջանաձեի հետ:

Վրաստանի խորհրդարանի հայազգի պատգամավոր Վան Բայբուրթյանը «Ազատություն» ռադիոկայանին հեռախոսով փոխանցեց, որ երկու հանդիպումներն էլ «հետաքրքիր ու արդյունավետ» են եղել: Բայբուրթյանի փոխանցմամբ, ե’ւ նախագահ Սահակաշվիլին, ե’ւ խոսնակ Բուրջանաձեն ընդգծել են, որ այսպիսի գործնական հանդիպումներն անպայման արդյունք կտան:

Հայազգի պատգամավորի փոխանցմամբ, Վրաստանի խորհրդարանի խոսնակն ասել է. - «Մենք պատրաստ ենք ամեն ինչ անել, որպեսզի սոցիալ-տնտեսական վիճակը Ջավախեթիում բարելավվի: Վրացական կողմը շատ ուրախ է, որ Հայաստանը իր պատրաստակամությունն է հայտնում նյութական, ֆինանսական աջակցություն ցուցաբերել Ջավախեթիի սոցիալ-տնտեսական հարցերի լուծմանը»:

Վրաստանի խորհրդարանի խոսնակի հետ հանդիպման ժամանակ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը, կրթական խնդիրներից զատ, բարձրացրել է նաեւ հայակական եկեղեցիների պահպանման հարցը: Վան Բայբուրթյանի վկայությամբ, ներկայացված խնդիրները «ընդունելի են եղել» Նինո Բուրջանաձեի համար:

«Վրացական կողմը լիովին պատրաստ է հայկական կողմի հետ համագործակցել, ընդունել Հայաստանի աջակցությունը», - Բուրջանաձեի ասածը փոխանցեց Բայբուրթյանը:

Բուրջանաձեն հանդիպումից հետո ասել է լրագրողներին, որ Հայաստանի վարչապետը խնդրանքով դիմել է, որպեսզի Հայաստանի եւ Վրաստանի կառավարություններն ու եկեղեցիները վերանայեն Վրաստանի տարածքում գտնվող եկեղեցիների պատկանելության հարցը, որպեսզի ապագայում բացառվեն այնպիսի միջադեպերը, ինչպիսին վերջերս տեղի ունեցավ Ախալքալակի շրջանի Սամսար հայաբնակ գյուղում: Այստեղ վերջերս բախում էր տեղի ունեցել տեղաբնակների եւ, ինչպես նախապես հաղորդվում էր՝ վրացի ուսանողների միջեւ: Բայբուրդյանը «Ազատություն» ռադիոկայանին ասաց, որ եկեղեցում եղել էին վրացի երիտասարդները Թբիլիսիի պետական համալսարանի ուսանողներ չեն եղել եւ չեն ունեցել Վրաստանի մշակույթի նախարարության հուշարձանների պահպանության բաժնի թույլտվությունը:

«Ե’վ Հայաստանում, ե’ւ Վրաստանում, ե’ւ հատկապես Սամցխե -Ջավախքում մարդիկ պետք է գիտակցեն, որ ազգամիջյան կրքեր բորբոքելով, նրանք պարզապես ջուր են լցնում մեր թշնամիների ջրաղացին», - այդ կապակցությամբ ասել է Նինո Բուրջանաձեն:

Երեկ Գանձայում, հայ մեծ բանաստեղծ Վահան Տերյանի ծննդյան 120-ամյակին նվիրված տոնակատարության ժամանակ Անդրանիկ Մարգարյանը ջավախքահայությանը խորհուրդ էր տվել «լինել այնքան խոհեմ ու իրատես, որպեսզի չխաթարվի երկու ժողովուրդների բարեկամությունը»:

Հայաստանի վարչապետի՝ Վրաստանի նախագահի եւ խորհրդարանի խոսնակի հետ հանդիպումների ընթացքում պայմանավորվածություններ են ձեռք բերվել Ջավախքում համատեղ ուժերով ձեռնարկություններ կառուցելու մասին: Բայբուրդյանի փոխանցմամբ, դրանք կլինեն հիմնականում գյուղատնտեսական մթերքի վերամշակման գործարաններ:

Պակաս կարեւոր չէ նաեւ ճանապարհների բարեկարգման խնդիրը: Ջավախքի բնակչության հետ երեկվա հանդիպումների ժամանակ երկու երկրների վարչապետերը վստահեցրել էին, որ այդ ուղղությամբ արդեն որոշակի քայլեր արվել են:

Անդրանիկ Մարգարյանը ասաց, որ ճանապարհաշինության հիմնական աշխատանքները կատարվելու են «Հազարամյակի մարտահրավերները» ամերիկյան անհատույց օգնության ծրագրի շրջանակներում, որում ընդգրկված են ինչպես Հայաստանը, այնպես էլ Վրաստանը:

«Ճանապարհային շինարարությունը, ես կարծում եմ, կտեւի երկու-երեք տարի», - ասաց Վրաստանի վարչապետ Նողաիդելին: - «Մեն կսկսենք հաջորդ տարի, ամերիկացիները կսկսեն 2007 թվականից»:

Համատեղ ֆինանսավորմամբ աշխատանքներ են տարվում նաեւ կրթական խնդիրների լուծման ուղղությամբ: Մինչեւ սեպտեմբեր, ամենայն հավանականությամբ, կհաստատվի ու կհստակեցվի դպրոցաշինության համատեղ ծրագիրը:


Կարինե Քալանթարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG