Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


(Շաբաթ, 23-ը հուլիսի)

«Հայկական ժամանակ»-ի մեկնաբանը անդրադառնում է սահմանադրական գործընթացում համագործակցելու՝ մեծամասնությանն ու ընդդիմությանն ուղղված Վենետիկի հանձնաժողովի կոչին: «Պատրա՞ստ է ընդդիմությունը, ինչպես պահանջվում է եզրակացության տեքստում, Վենետիկի հանձնաժողովին իր քաղաքական հասունությունն ապացուցելու համար, մասնակցել սահմանադրական «այո»-ի քարոզարշավին». - իր իսկ ձեւակերպած այս հարցադրմանը «Հայկական ժամանակ»-ը պատասխանում է. - «Ազգային միաբանություն»-ը պատրաստ է եւ իր «այո»-ն ռեալիզացնելու է «Այո ասելով Սահմանադրությանը՝ ասում ենք ոչ այս իշխանություններին» առայժմ միայն իրենց հասկանալի կարգախոսով: «Արդարության» «այո»-ն կախված է մի քանի «թիթիզ» ուլտիմատումներից, իսկ «Հանրապետություն» կուսակցությունը չի պատրաստվում այդ գնով Վենետիկի հանձնաժողովին ապացուցել իր քաղաքական հասունությունը»:

«Էջմիածնի իշխանությունները շտապում են քշել Գավառագիտական թանգարանն իր շենքից, որը հաջողությամբ վաճառել են», - գրում է «Առավոտ»-ը: - «Թանգարանի տնօրենն այդ առիթով դժգոհեց եւ հիշեցրեց ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ պայմանավորվածությունները, ինչին քաղաքապետարանի մշակույթի պատասխանատու Վահան Հովհաննիսյանը տվեց շատ հակիրճ եւ միանգամայն անկեղծ պատասխան՝ «Ես փաթաթած ունեմ ՅՈՒՆԵՍԿՕ-ն»: «Պետք է ասել, որ պարոն Հովհաննիսյանը բոլոր հիմքերն ունի ամեն ինչ փաթաթելու, քանի որ մշակույթի նախարարի եղբայրն է եւ քաղաքապետի բարեկամը», - շարունակում է թերթը՝ փաթաթելու գործընթացը տարբեր կառույցներից հասցնելով մինչեւ կառավարություն, մինչեւ բաշխիչ ցանցերի գործարքը: - «Մեր կառավարությունն օրենքը, այուամենայնիվ, փաթաթել է: Փոխարենը՝ տվյալ դեպքում չի փաթաթել հասարակական կարծիքը. էներգետիկայի բոլոր օղակներն այլ պետությանը հանձնելը շատ էլ ողջունելի քայլ է մեր ռուսասեր ժողովրդի համար»: «Գոլոս Արմենիի» թերթի հայացքով, բոլորովին անհասկանալի է Հայաստանի կառավարության դիրքորոշումը, որն առնվազն պետք է իրեն վիրավորված զգար՝ «իհարկե, այն դեպքում, եթե այդքան խճողված ու բավականին կասկածելի սցենարին մասնակցություն չի ունեցել»:

«Արդեն տպավորություն է ստեղծվում, որ Հայաստանը ոչ թե Ռուսաստանի ֆորպոստն է, այլ ՌԱՕ ԵԷՍ-ի», - բանաձեւված է «Հայկական ժամանակ»-ում: Ուշագրավ համարելով «Ինտեր ՌԱՕ ԵԷՍ» ընկերության փոխտնօրեն Միխայիլ Մանտրովի հայտարարությունը, թե էլցանցերի վարձակալության համար 73 միլիոն դոլար են վճարել, որպեսզի հետագայում գնելու առաջնահերթություն ունենան՝ մեկնաբանը պարզաբանում է. - «ՌԱՕ ԵԷՍ-ը հաստատ գիտի, որ Հայաստանի կառավարությունը էլցանցերը ՌԱՕ ԵԷՍ-ին վաճառելու համաձայնություն երբեք չի տա: Ոչ թե չի ուզում, ընդհակառակը՝ շատ է ուզում: Չի տա այն պարզ պատճառով, որ այդ գործարքին դեմ է Համաշխարհային բանկը, եւ կառավարությունը չի կարող արհամարհել այդ հանգամանքը»: «Համաշխարհային բանկը պարզապես չէր ցանկանա Հայաստանում տեսնել մի ընկերության, որը տիրապետում է մեր ամբողջ էներգետիկային՝ սկսած արտադրությունից, վերջացրած բաշխումով... Դա չպետք է ցանկանար տեսնել նաեւ Հայաստանի յուրաքանչյուր ողջամիտ քաղաքացի», - շեշտադրված է «Հայկական ժամանակ»-ում: «Եթե փորձենք ամփոփել, թե, ի վերջո, ո՞րն է այս գործարքի առնչությամբ ստեղծված ողջ աղմուկի պատճառը, ապա կարելի է եզրակացնել, որ դա Ռուսաստանի եւ Արեւմուտքի շահերի հակադրությունն ու բախումն է», - գլոբալացնում է «Ազգ»-ը: - «Դեռեւս Հայաստանի բաշխիչ ցանցերի սեփականաշնորհման առաջին փուլում՝ 2000 թվականին, Արեւմուտքը կտրականապես դեմ էր ռուսական ընկերությունների կողմից դրանց ձեռք բերելուն: Այդ հանգամանքը նկատի ունենալով էլ՝ ռուսներն այս անգամ ընտրեցին վարձակալության միջոցով ցանցերը ձեռք բերելու ճանապարհը»:

Միավորված աշխատանքային կուսակցության (ՄԱԿ) քաղաքական խորհրդի երեկվա նիստից «Առավոտ»-ը փոխանցում է. - «ՄԱԿ-ը «սառը պատերազմ» է հայտարարում կոալիցիային եւ, ինչպես արտահայտվել է Գուրգեն Արսենյանը՝ շարունակեու են չորով... Ըստ այդմ՝ կուսակցության գաղափարական հակառակորդը լինելու է ՀՅԴ-ն, ադմինիստրատիվ հակառակորդը՝ ՀՀԿ-ն, մասամբ էլ «Օրինաց երկիր»-ը: Իսկ «Հայաստանի Հանրապետություն» թերթի մատուցմամբ՝ ՄԱԿ-ը դեմ է «արտահերթ գործընթացներին, մանավանդ՝ ցնցումեր առաջ բերած»: Բայց եթե հանկարծ նման բան տեղի ունենա, Գուրգեն Արսենյանը ՄԱԿ-ին հորդորում է նախօրոք ունենալ «անհապաղ գործողությունների պլան»: Թերթը հավելում է. - «Լրագրողների շարքերից առաջարկ հնչեց սկսել «էվակուացիոն պլանից», որը փակցված էր նիստերի դահլիճի դռանը՝ ներսի կողմից»:

«1995-ին միայն ամենահզոր Վանիկ Սմբատիչը կարող էր ռեկորդային ժամկետներում կուսակցություն ստեղծել եւ այն անցկացնել խորհրդարան: Այսօր այդպիսի խնդիր կարող է լուծել ցանկացած մեկը, ով պատրաստ է դրա համար գումար ներդնել, ու բոլորին անհայտ կուսակցությունը 5 անդամանոց ֆրակցիա կունենա... Ներկայիս խորհրդարանում փաստն ակնհայտ է», - արձանագրում է «Գոլոս Արմենիի»-ին՝ ընդգծված մատուցելով. - «Մի՞թե կա մեկը, ով չի հասկանում, որ կուսակցությունների նախընտրական ցուցակների անցողիկ տեղերում ունեւոր մարդկանց ընդգրկումը ոչ այլ ինչ է, քան սովորական կոռուպցիա»:


Հրաչ Մելքումյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG