Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Ազգ»-ի արձագանքով՝ անշուշտ ցավալի է, որ նախագահ Բուշի նկատմամբ մահափորձի մեջ կասկածվում է 27-ամյա ազգությամբ հայը: «Հաշվի առնելով Վրաստանում ձեւավորված հակահայկական մթնոլորտը, չպետք է բացառել, որ այս դեպքը վրաց ազգայնամոլ առաջնորդների համար լավ առիթ կլինի վիրահայության հանդեպ հետագա ճնշումներ բանեցնելու», - գրում է թերթը: «Մեզ մնում է միայն ցավով արձանագրել այս փաստը եւ սպասել կատարվածի քաղաքական հետեւանքներին», - մատուցում է «Առավոտ»-ի խմբագրականը՝ շարունակելով. - «Քանզի սոսկ հանգամանքը, որ կասկածյալը հայազգի է, չի կարող մեզ համար քաղաքական տհաճ հետեւանքներ չունենալ»:

«Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Ալբերտ Բազեյանը «Հայկական ժամանակ»-ի հարցազրույցում հայտարարում է, թե գաղափարական տարաձայնություններ ունի կուսակցության հետ. - «Ես չեմ կիսում «Հանրապետություն» կուսակցության գործողությունների համար քաղաքական պատասխանատվությունը, քանզի գտնում եմ, որ այդ գործողությունները կուսակցությանը տանում են դեպի բացարձակ ինքնամեկուսացում: Նման քաղաքական վարքագիծը նշանակում է թքած ունենալ Եվրախորհրդի եւ միջազգային այլ կառույցների տեսակետերի վրա»: «Վճռական «ոչ»-ը այս պահին խիստ ժամանակավրեպ է», - գտնում է Ալբերտ Բազեյանը՝ հայտնելով, թե քվեարկության ժամանակ, երբ ընդունվում էր կուսակցության հայտարարությունը, ինքը ձեռնպահ է մնացել: Անդրադառնալով հեղափոխության հնարավորությանը՝ Բազեյանը նշում է. - «Դատելով թե’ «Հանրապետություն» կուսակցության եւ թե’ ընդդիմադիր դաշտի գործողություններից, ես հեղափոխության որեւէ հնարավորություն այս պահին չեմ տեսնում»: Իսկ հարցին, թե ինչո՞ւ այլեւս չի մասնակցում «Արդարություն» դաշինքի նիստերին, Ալբերտ Բազեյանը պատասխանում է, թե «Հանրապետություն» կուսակցությունը իրեն «չի լիազորում մասնակցել այդ նիստերին»: Հարցին էլ, թե «Հանրապություն» կուսակցության հետ ունեցած գաղափարական հակասությունը կարո՞ղ է հանգեցնել կուսակցությունից իր դուրս գալուն, «Հանրապետություն» կուսակցության նախկին ղեկավարը պատասխանում է. - «Քիչ հավանական է, բայցեւ ոչինչ չեմ բացառում»:

«Հայաստանում ներքաղաքական կայունությունը հասել է իր գագաթնակետին. չկա ոչ մի վաստակաշատ ընդդիմադիր, որ կարողանա քամի տատանել այս անտանելի շոգին: Կարող է թվալ, թե պատճառն իսկապես շոգն է, բայց խնդիրն այն է, որ հարաբերական այս անդորրը գրեթե ոչնչով չի տարբերվում «թեժ» հորջորջվող գարուններից, աշուններից ու ձմեռներից», - շարադրում է «Տարեգիր»-ը:

«Իրավունք»-ում տնտեագետ էդուարդ Աղաջանովը վերլուծում է. - «Հայաստանյան իրականության ոչ թափանցիկ վիճակը, չինովնիկական կամակատարությունները, անպատժելիությունը ձեւավորել են մի պետություն, որը շատ աղքատ է, բայց ունի բավականին հարուստ չինովնիկներ: Հասարակության մեջ ձեւավորվում է մարդկանց կրիտիկական զանգված, ովքեր համարում են, որ այս իշխանությունը իրենցը չէ… Նման մթնոլորտը, իհարկե, կարող է գունավոր հեղափոխության էլ հանգեցնել»:

«Այս ամառ իշխանությունները կարող են հանգիստ շունչ քաշել, քանի որ, ինչպես ցույց են տալիս քաղաքական գործընթացները, այսօր ոչ թե իշխանություն - ընդդիմություն, այլ, որքան էլ տարօրինակ է՝ ընդդիմություն - ընդդիմություն պայքար է գնում», - արձանագրում է ՀՅԴ «Երկիր» պաշտոնաթերթը: «Ընդդիմությունը միասնական է ոչ թե Ռոբերտ Քոչարյանի, այլ Արամ Սարգսյանի դեմ», - ձեւակերպված է «Չորրորդ իշխանություն»-ում:

«Իրավունք»-ին եւ «Այբ-Ֆե»-ին տված հարցազրույցներում «Արդարություն» դաշինքի ղեկավար Ստեփան Դեմիրճյանը շեշտադրում է. - «Մենք երբեւէ չենք ասել, թե սպասելու ենք 2007 կամ 2008 թվականներին: Մենք երբեք չենք ասել, թե գնում ենք հերթական ընտրությունների»: «Երկրում հնարավորինս արագ օրինական իշխանության հաստատման հարցում դաշինքում որեւէ տարակարծություն չկա: Պառակտման մասին խոսելու որեւէ հիմք չկա», - «Այբ-ֆե-ում հավաստացնում է դաշինքի ղեկավարը: Պատասխանելով դաշինքից «Հանրապետություն» կուսակցության դուրս գալու հնարավորության մասին հարցին՝ Ստեփան Դեմիրճյանը նշում է. - «Ես որեւէ հիմք չեմ տեսնում դրա համար, բայց դա իրենց որոշելու հարցն է... Մենք միշտ էլ ամեն ինչ արել եւ անելու ենք դաշինքի ամրապնդման համար, բայց եթե որեւէ կուսակցություն գտնում է ոչ նպատակահարմար դաշինքում իր մնալը, դա իր գործն է: Բայց կարծում եմ, որ առաջին հերթին կորուստներ կունենա դաշինքից դուրս եկողը»:

«Մենք իշխանությունը կվերցնենք քաղաքական եղանակով 2007-ին՝ առանց իրենց հարցնելու», - նկատի ունենալով կոալիցիային՝ «Իրավունք»-ում հայտարարում է Միավորված աշխատանքային կուսակցության ղեկավար Գուրգեն Արսենյանը:

«Դատելով ամեն ինչից, կրթության եւ գիտության նախարար Սերգո Երիցյանը կամ հոգեբանի խորհրդատվության, կամ վախ բռնողի կարիք ունի», - ախտորոշում է ՀՅԴ պաշտոնաթերթ «Երկիր»-ը: - «Արդեն որերորդ անգամ նա կարեւոր հարցերով իր ասուլիսների մասին տեղյակ չի պահում այն լրատվամիջոցների ներկայացուցիչներին, որոնք այս կամ այն չափով քննադատել են իր գործունեությունը կամ առնվազն այդ գործունեությունը չեն ներկայացրել որպես ազգափրկիչ ու հանճարեղ»:


Հրաչ Մելքումյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG