Մատչելիության հղումներ

ԱՄՀ-ի բարձրաստիճան պաշտոնյան տպավորված է Հայաստանի առաջընթացով


Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) կառավարիչ տնօրենի տեղակալ Օգուստին Կարստեսնը երկօրյա աշխատանքային այցի ավարտին հրավիրած մամուլի ասուլիսում հայտարարեց, թե իր այցի նպատակներից է եղել շնորհավորել Հայաստանի իշխանություններին վերջին տարիներին «բավական հաջող տնտեսական զարգացումների եւ լավ մակրոտնտեսական քաղաքականություն իրականացնելու» կապակցությամբ:

Այդ ամենի արդյունքում, ըստ Կարստենսի, Հայաստանը գրանցել է «բարձր տնտեսական աճ, ցածր սղաճ եւ աղքատության մակարդակի զգալի կրճատում»:

«Այցիս նպատակն էր հանդիպել հայաստանյան իշխանությունների հետ եւ քննարկել վերջին մի քանի տարիների ընթացքում ձեռք բերված տպավորիչ առաջընթացը», - ասաց Կարստենսը, ով այցի ընթացքում հանդիպումներ է ունեցել Հայաստանի վարչապետի, Ազգային ժողովի փոխխոսնակի, երկրի ֆինանսների նախարարի, արտգործնախարարի եւ Կենտրոնական բանկի նախագահի հետ:

«Որքանով տեղյակ եմ, ներկայումս Հայաստանում աղքատության մակարդակը մոտ 30 տոկոս է, եւ սա հիմնված է 2003 թվականի տնային տնտեսությունների հետազոտության վրա», - ասաց նա՝ շարունակելով. - «Իսկ 1999 թվականին աղքատության մակարդակը կազմում էր մոտ 50 տոկոս: Պետք է նշել, որ աղքատության կրճատման հարցում շատ քիչ երկրներ են կարողացել համեմատաբար կարճ ժամանակահատվածում այսպիսի առջընթաց գրանցել»:

ԱՄՀ բարձրաստիճան ներկայացուցիչը ասաց, որ ներկայումս աշխատանքեր են տարվում 2004 թվականի տվյալները մշակելու ուղղությամբ, եւ «հավանական է, որ աղքատության կրճատման ցուցանիշներն ավելի նվազած լինեն»:

Հարցին, թե հավատո՞ւմ է ինքը, որ Հայաստանում աղքատության մակարդակը իրոք 30 տոկոս է, Կարստենսը պատասխանեց. - «Ես կարծում եմ, որ այդ թվերը վստահելի են: Մենք որեւէ հիմք չունենք չհավատալու մեզ տրամադրված թվերին»:

«Սա չի նշանակում, որ մենք բավարարված ենք արդյունքներով եւ չենք խրախուսելու իշխանություններին, որ նրանք է’լ ավելի առաջ գնան», - շարունակեց նա: - «Հայաստանում մեկ շնչին ընկնող համախառն ներքին արդյունքը շատ ցածր է, եւ շատ անելիք կա կենսամակարդակի բարձրացման եւ եկամուտների վերաբաշխման առումով»:

Հայ պաշտոնյաների հետ հանդիպումներում, ԱՄՀ-ի ներկայացուցիչը քննարկել է նաեւ ապագայում տնտեսական բարեփոխումների առաջընթացն ապահովելուն ուղղված քայլերը: Հարկ է նշել, որ ԱՄՀ-ի Գործադիր խորհուրդը այս տարի Աղքատության կրճատման եւ տնտեսական աճի վարկի շրջանակներում հաստատել է եռամյա նոր ծրագիր, որի շրջանակներում Հայաստանը կստանա մոտավորապես 34 միլիոն դոլարի արտոնյալ վարկ:


Ռուզաննա Ստեփանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG