Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


Միացյալ Նահանգներում Հայաստանի դեսպան Թաթուլ Մարգարյանը «Հայաստանի Հանրապետություն» թերթում հայտնում է, որր մինչեւ տարեվերջ կկայանան Հայաստանի վարչապետի, Ազգային ժողովի նախագահի եւ պաշտպանության նախարարի այցելությունները Միացյալ Նահանգներ:

«Էլետրամշուշ» վերնագրի ներքո «Գոլոս Արմենիի» թերթը գրում է. - «Միդլենդ ռիզորսիզ»-ի կողմից Հայաստանի էլցանցերի վաճառքի տեղեկատվության վերաբերյալ հայրենի իշխանությունների համառ լռությունը տվեց իր առաջին դառը պտուղները: ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը, մի կողմից, հստակ արտահայտեց իր մտահոգությունը, մյուս կողմից՝ իրավիճակին չհաշտվելու իր մտադրությունը»: «Կառավարության հերոսական լռությունը միայն ամրապնդում է այն տեսակետը, որ այստեղ ինչ-որ բան հաստատ մաքուր չէ», - բխեցնում է «Գոլոս Արմենիի»-ին:

«Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիան որոշեց գործիք դառնալ Հայաստանի իշխանությունների՝ «Ա1+» հեռուստաընկերության հետ վերջնական հաշվեհարդարի», - շեշտադրված է «Առավոտ»-ի առաջին էջում: - «Ակադեմիայի ներկայացուցիչները երեկ եւս մեկ անգամ սպառնացին վտարել «Ա1+»-ին 14 տարի զբաղեցրած տարածքից»:

«Վարչապետ Անդրանիկ Մարգարյանը դստեր համար սեփականաշնորհել է Թումանյան 24 հասցեում գտնվող գեղարվեստի սրահը: Սակայն այս անգամ ձեւակերպել է իր քրոջ անունով՝ խուսափելով հետագա շահարկումներից», - բացահայտում է «168 ժամ» թերթը՝ ուշագրավ համարելով, որ քաղաքի կենտրոնում գտնվող այս գեղարվեստի սրահը վարչապետը գնահատել է 450 հազար ամերիկյան դոլար:

«Սահմանադրական այս ողջ գործընթացի ժամանակ Քոչարյանը լուծեց եւս մեկ խնդիր՝ պառակտեց առանց այն էլ միասնությամբ աչքի չընկնող ընդդիմությանը», -գնահատում է «168 ժամ»-ը: - «Ընդ որում, այս հարցում միայն Քոչարյանին մեղադրելը այնքան էլ ազնիվ չի լինի, քանի որ ընդդիմությունը կամ առնվազն ընդդիմության սահմանադրական հատվածը կամավոր մասնակցեց այդ գործընթացին... Եվ հիմա իշխանությունները կողքից զվարճանում են՝ հետեւելով, թե ինչպես են իրենց արմատական համարող ընդդիմադիրները իրար բզկտում՝ իշխանությունների կազմակերպած սահմանադրական շոուի շրջանակներում»:

«Այս պահին երկրում չկա նոր քաղաքական իրավիճակ: Այն կստեղծվի, երբ սահմանադրական փոփոխությունների նախագիծը անցնի երկրորդ ընթերցումը: Մինչ այդ ընդդիմության մասնակցությունը այդ գործընթացին առհասարակ նպատակահարմար չեմ համարում, եւ այդ հարցի շուրջ դաշինքում մարտավարական հակասության սրումն էլ վաղաժամ է», - «Հայոց աշխարհ»-ում ասում է ՍԻՄ նախագահ Հրանտ Խաչատրյանը:

Վերջին օրերին «Արդարություն» դաշինքում տեղի ունեցող փոթորիկների մասին «Առավոտ»-ի հարցին դաշինքի ղեկավար Ստեփան Դեմիրճյանը պատասխանում է. - «Դաշինքում ճգնաժամի մասին խոսելը անտեղի է եւ չափազանցված»: «Հանրապետություն» կուսակցության եւ դաշինքի անդամ մյուս կուսակցությունների միջեւ առկա մոտեցումների տարբերությունը դաշինքի առաջնորդը նորմալ է համարում. - «Կարեւոր է այն, որ երկրում հնարավորինս արագ օրինական իշխանության հաստատման հարցում որեւէ տարաձայնություն չկա: Ինչ վերաբերում է մոտեցումների որոշակի տարբերությանը, ապա դա չպետք է հիմք դառնա գործընկերներին պիտակներ կպցնելու համար»:

«Ինչ-որ գործընթացներ են գնում «Արդարություն» դաշինքում, որոնք ես չեմ ցանկանում մեկնաբանել, քանզի դա դաշինքի անդամ կուսակցությունների ներքին գործն է. նրանք պետք է կողմնորոշվեն եւ որոշումներ կայացնեն», - նույն թերթում հայտնում է Ազատական առաջադիմական կուսակցության նախագահ Հովհաննես Հովհաննիսյանը՝ եւս մեկ անգամ պնդելով. - «Խոր գիտակցում եմ, որ գաղափարական, արեւտմամետ, լիբերալ հիմքերի վրա ստեղծված դաշինքն օրվա հրամայականն է: Այսօր չէ, վաղը այն ձեւավորվելու է եւ այս երկրի պատասխանատվությունն իր վրա է վերցնելու»:

«Հայաստանում ընտրություններին ընդամենը մեկ թեկնածուով մասնակցելու ավանդույթ է ձեւավորվել: Այս ավանդույթին հետեւեց նաեւ նոր ձեւավորված Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, որն իր երեկվա նիստում ընտրեց ԿԸՀ նախագահին, տեղակալին եւ քարտուղարին», - արձանագրում է «Հայկական ժամանակ»-ը:

Իրաքում հայ խաղաղապահների առաջին հերթափոխի ավարտի կապակցությամբ, պաշտպանության փոխնախարար Արթուր Աղաբեկյանը «Հայաստանի Հանրապետություն» թերթում նշում է. - «Ազգային ժողովի կողմից հավանության է արժանացել մեր առաքելությունը Իրաքում իրականացնել մեկ տարի ժամանակով, որն ավարտվելու է դեկտեմբերին: Եվ եթե դիմում լինի Հայաստանին, որ շարունակվի առաքելությունը, ապա այն նորից պետք է դառնա Ազգային ժողովի քննարկման առարկա եւ արժանանա երկրի նախագահի հավանությանը»: Պատասխանելով Աֆղանստան հայկական զորախումբ գործողելու հնարավորությանը վերաբերող հարցին, Հայաստանի պաշտպանության փոխնախարարն ասում է. - «Մենք շարունակում ենք այդ խնդիրն ուսումնասիրել եւ պատրաստել անձնակազմ: Դեռ կոնկրետ առաջարկ Հայաստանին չի եղել»:

«Նախօրեին անհայտ անձինք թալանել են էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանի բնակարանը: Դա տեղի է ունեցել այն ժամանակ, երբ Մովսիսյանը Լոռու մարզում մասնակցելիս է եղել ՀՀԿ խորհրդի ընդլայված նիստին, ու տանը մարդ չի եղել», - տեղեկացնում է «Հայկական ժամանակ»-ը: - «Պաշտոնական տվյալներով, գողերն իրենց հետ տարել են 14 հազար դոլարի ոսկյա զարդեր եւ կենցաղային ապրանքներ»: Ոչ պաշտոնական աղբյուրներից «Հայկական ժամանակ»-ին հայտնի է դարձել, որ բնակարանից գողացվել է նաեւ մեծ քանակով որսորդական եւ մարտական զենք-զինամթերք: «Մովսիսիյանը, ասում են, զենքերի բավական հարուստ հավաքածու ունի եւ ինքն էլ որսի սիրահար է», - փոխանցում է թերթը:


Հրաչ Մելքումյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG