Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Ազգ»-ը, վկայակոչելով կառավարությունը մոտ կանգնած հավաստի աղբյուրներ, փոխանցում է. - «Միդլենդ Ռիսորսիզ» ընկերությունն արդեն տեղեկացրել է Հայաստանի իշխանություններին իր սեփական «Հայաստանի էլեկտրացանցերի» բաժնետոմսերի ճակատագրի մասին»: Ըստ թերթի՝ ընկերությունը տեղեկացրել է, որ չի հրաժարվել «Հայաստանի էլեկտրացանցեր»-ի՝ իրեն պատկանող բաժնետոմսերից, բայց «հավատարմագրային կառավարումը, ներդրումների կատարումը ու շահույթի ստացումը հանձնում է ՌԱՕ ԵԷՍ [«Ռուսաստանի միացյալ էներգահամակարգեր»] ընկերության «Ինտերէներգո» ձեռնարկությանը»:

Արձագանքելով ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության երեկվա հայտարարությանը, ուր ասվում է, որ այս կազմակերպությունը վերանայում է Հայաստանի օժանդակության իր փաթեթը՝ սույն որոշումը կապելով «Հայաստանի էլեկտրացանցեր» ընկերության շուրջ տեղի ունեցող իրադարձությունների հետ, «Հայկական ժամանակ»-ը բխեցնում է. - «Հայաստանին տրամադրվող ամերիկյան օգնության ծավալները կարող են կրճատվել, ծրագրերը կարող են սառեցվել, կամ ընդհանրապես դադարեցվել»: Ըստ թերթի՝ միակ բանը, որ կարող է անել Հայաստանի կառավարությունը պատժամիջոցներից խուսափելու համար, գործարքը չեղյալ անելն է՝ այն պատճառաբանությամբ, որ այն տեղի է ունեցել սահմանված կանոնակարգի եւ օրենքների խախտմամբ:

«Զարմանալ կարելի է, որ Հայաստանի իշխանության ամենավերնախավում հայտնվում են մարդիկ, որոնց համար սրտամոտը ոչ թե պետական կառավարումն ու պետական ծառայությունն է, այլ հյուրանոցային կամ այլ կարգի բիզնեսները: Սա է, թերեւս, պատճառը, որ Հայաստանում պետական պաշտոնը շատերը վարում են բիզնեսի կանոններով», - եզրահանգում է «Հայկական ժամանակ» թերթը՝ անդրադառնալով կապի եւ տրանսպորտի փոխնախարար Հայկ Ճշմարիտյանի հրաժարականին: Թերթում նշված է, որ «Գոլդեն փելես» հյուրանոցի բաժնետեր Հայկ Ճշմարիտյանը իր հրաժարականը բացատրել էր իր համար «ավելի սրտամոտ աշխատանքով զբաղվելու ցանկությամբ»: «Տվյալ դեպքում Հայկ Ճշմարիտյանի ֆունկցիան թերեւս ավելի խոշոր ֆիգուրներից ուշադրություն շեղելն ու թեման ամփոփելն է... Դժվար է հավատալ, որ «Գոլդեն փելես»-ի իրական սեփականատերերը Հայկ Ճշմարիտյանի քրոջ ամուսին, Մաքսային պետական կոմիտեի նախագահ Արմեն Ավետիսյանն ու պաշպանության նախարար Սերժ Սարգսյանը չեն», - կասկածում է մեկնաբանը: Փոխնախարարի մեկ այլ ազգակցական կապ նշված է «Հայոց աշխարհ»-ում. - «Նկատենք, որ հրաժարական տված կապի եւ տրանսպորտի փոխնախարարը առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարար Կարեն Ճշմարիտյանի մերձավոր ազգականն է, որքան հայտնի է՝ հորեղբոր որդին», - գրում է թերթը: - «Անհայտ է՝ այս հրաժարականով գործադիր իշխանությունը արժեքավոր կադր կորցրե՞ց, թե՞ բիզնեսի դաշտն արժեքավոր մասնակից ձեռք բերեց: Թերեւս ո’չ առաջինը, ո’չ էլ երկրորդը»:

«Վերջին 10 տարում մեր իշխանությունների նվիրվածությունը եվրոպական արժեքներին ձեռք է բերել պարբերական հիվանդության բնույթ», - ախտորոշված է «Առավոտ»-ի խմբագրականում: - «Սկզբից իշխանությունները կեղծում են ընտրությունները, լցոնում են քվեատուփերը, նկարում են ընտրությունների արդյունքները, քրեական տարրերի ու ուժային կառույցների միջոցով ջարդում-փշրում-ձերբակալում են, այնուհետեւ առաջարկում են ընդդիմությանը՝ եկեք երկխոսենք քաղաքակիրթ եվրոպացիների նման: Մի բան էլ նեղանում են, եթե ընդդիմությունը արդարացի կասկածներ ունի այդ առաջարկների անկեղծության վերաբերյալ»: Մեկնաբանը չի խնայում նաեւ ընդդիմությանը. - «Չհավատացողներից մեկը «Հանրապետություն» կուսակցությունն է, որի անդամներից շատերը կեղծել են 95, 96, 98, եւ 99 թվականների ընտրությունները. ի՞նչ է, այն ժամանակ կարելի էր, իսկ 2003-ին չէ՞ր կարելի... Այնուհետեւ երկուսուկես տարի հեղափոխություն հայտարարելով եւ այն չիրականացնելով՝ գործիչների այս խումբը նպաստում է ներկայիս իշխանության ամրապնդմանը նույնքան, որքան ՀԺԿ-ն ու «Ազգային միաբանություն»-ը, որոնք պարբերաբար այս իշխանությունների հետ «խաղեր են տալիս» եւ նույն Եվրախորհրդի ազդեցության տակ որոշել են դառնալ կառուցողական», - ի մի է բերում «Առավոտ»-ը:

«Հայաստանյան գործիչները ամերիկյան այցերից հետո փորձում են խորհրդավորության մշուշով պատել իրենց հանդիպումները, ակնարկներ անել ինչ-ինչ կարեւոր պայմանավորվածությունների շուրջ, տպավորություն ստեղծել, թե հենց իրենք են ԱՄՆ-ի ընտրյալը: Ինչու՞ խախտեցիք արդեն իսկ հաստատվող այդ ավանդույթը», - «Առավոտ»-ի հարցին ԱՄՆ-ից օրերս վերադարձած Արտաշես Գեղամյանը պատասխանում է. - «Քաղաքական այն գործիչը, որը սեփական կայացման խնդիրը պայմանավորում է այս կամ այն, այդ թվում, ինչու ոչ՝ ամենազարգացած եւ ամենազորեղ ժողովրդավարության շտեմարան հանդիսացող երկրով, միայն ապացուցում է, որ դեռ կարդալու, սովորելու, պատմությունից դասեր քաղելու խնդիր ունի»:

Երիտասարդ հանրապետական պատգամավոր Արմեն Աշոտյանը «Առավոտ»-ի հարցազրույցում ներկայանում է. - «Ընդունվել եմ Մոսկվայի քաղաքագիտական ուսումնասիրությունների դպրոց: Մեկ տարի հետո՝ շնորհիվ այնտեղ ձեռք բերած գիտելիքների, ես ինձ ավելի վստահ ու պատրաստ կզգամ լուրջ քաղաքական պայքարի՝ ոչ միայն օրենքներ դակելու եւ միջանձնային հարաբերություններ պարզելու դաշտում»:


Հրաչ Մելքումյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG