Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Հայոց աշխարհ»-ի մեկնաբանը, ըստ էության, որպես հակակշիռ համանախագահների Բաքվում ունեցած հանդիպումների, գտնում է, որ Երեւանում միջնորդներին պետք է ներկայացվեն Շահումյանի շրջանի եւ Գետաշենի ենթաշրջանի գործադիր իշխանության ներկայացուցիչների հետ բանակցություններ վարելու պահանջ՝ «որպես Շուշիի եւ Լաչինի գործադիր իշխանության ներկայացուցիչների հետ նրանց հանդիպման միակ տրամաբանական հակակշիռ»: Մեկնաբանի կարծիքով, ցանկացած համաձայնագրում պետք է շեշտվի «Թուրքիայի կողմից Հայաստանի սահմանները բացելու անթույլատրելիությունը», եւ որ «անվտանգության գոտու ու փախստականների վերադարձի հարցերը անհնարին է լուծել Ղարաբաղից մեկուսի»: «Այս երեք սկզբունքային հարցերի առաջադրումից հետո Հայաստանը ազատորեն կարող է դրսեւորել համանախագահների առաջարկություններն ընդունելու պատրաստակամություն», - ամփոփում է «Հայոց աշխարհ»-ը:

«10-15 տարի հետո հանրաքվե անցկացնելու գաղափարը անհասկալի է. ինչու ոչ հիմա՞, այլ 15 տարի հետո: Ես չեմ կարծում, որ սա լուրջ մոտեցում է հարցին, - «Այբ-Ֆե»-ի հարցազրույցում ասում է ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանը՝ մանրամասնելով. - «Առաջարկությունների այս փաթեթով ստացվում է, որ դու հիմա տալիս ես ինչ-որ բաներ, սակայն անվտանգության երաշխիքները բացարձակապես լուրջ չեն: Եվ հետո հասկանալի չէ, թե ինչու 15 տարի հետո ապրող մարդիկ պետք է հանրաքվե անեն, եթե այդ հարցը դրված է եղել 88 թվականին եւ լուծված է հիմա»:

ՀՅԴ Ղարաբաղի կենտրոնական կոմիտեի անդամ Ժիրայր Շահիջանյանը «Առավոտ»-ում ասում է. - «Այսօր ընդհանրապես որեւէ զիջման դեմ ենք: Սկզբունքորեն դեմ ենք տարածքների վերադարձի որեւէ տարբերակի. սա մեր կուսակցության ուղեգծի մեջ էլ կա»: Նույն թերթը փոխանցում է օրերս Հայաստանի պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի արտահայտած կարծիքը. - «Փոխզիջումների մասին խոսել եմ. խոսել եմ տասը տարի առաջ, խոսելու եմ մինչեւ այն ժամանակ, երբ խնդիրը կլուծվի: Եթե այսօր աշխարհում ցույց տաք գործընթացներ, որոնք կարգավորվում են առանց փոխզիջումների, այն ժամանակ կասեմ, որ ես սխալ եմ»:

«Ինչպե՞ս կարող է փոխշահավետ լինել «նաղդը նիսյայով» փոխարինելը», - տարակուսում է «Այբ-Ֆե»-ի մեկնաբանը՝ ուղենշելով. - «Մեր իրավուքն է կտրականապես մերժել առաջարկվող «փոխզիջումը»: Փարիզում, Քի Ուեսթում ձեռք բերված պայմանավորվածությունները ձախողելով՝ Ադրբեջանը ոչինչ չկորցրեց: Մենք էլ այս պլանի ձախողմամբ չենք կորցնի, իսկ եթե չձախողենք՝ կկորցնենք»:

«Գերիշխող միտքն այն է, թե ադրբեջանցիների ծնելիության տեմպերն ավելի բարձր են, հետեւաբար 10-15 տարի անց նրանք Ղարաբաղում կարող են մեծամասնություն կազմել», - ընդգծված առանձնացած է «Չորրոդ իշխանություն»-ում:

«Հայաստանի Հանրապետություն» թերթի մատուցմամբ, երեկ պատասխանելով լրագրողների հարցերին, Ազգային ժողովի նախագահ Արթուր Բաղդասարյանը կողմ է արտահայտվել Երեւանի քաղաքապետի անուղղակի ընտրությանը. - «Ինչպես աշխարհի շատ երկրներում, Հայաստանում եւս մայրաքաղաքի քաղաքապետը կընտրվի ավագանու կողմից: Կարեւոր է, որ ամրագրվել է ընտրովիության սկզբունքը»: Ասես ի պատասխան այս տեսակետի, ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանը «Հայոց աշխարհ»-ում հակադարձում է. - «Ավագանու կողմից քաղաքապետի ընտրությունը ավելի վատ է, քան եթե նույնիսկ նախագահը նշանակեր, որովհետեւ այդ դեպքում գոնե կիմանայինք, թե քաղաքապետի վատ աշխատանքի դեպքում ում պետք է պահանջ ներկայացնել: Իսկ ավագանու ընտրությունները մեզանում բացառապես կլանային են՝ ոչ քաղաքական: Դրանք անցկացվում են ֆինանսական եւ վարչական ռեսուրսի ազդեցությամբ, երբ իշխանությունն ուղղակի տեղավորում է իր մարդկանց: Եթե քաղաքապետն ընտրվելու է նրանց կողմից, արդեն իսկ պարզ է, թե ում թեկնածուն է լինելու»:

«Եթե մինչ օրս իշխանությունների յուրաքանչյուր քայլը քննադատած ընդդիմության պահվածքը կարելի էր ընկալել ու մեկնաբանել քաղաքական պայքարի տրամաբանությամբ, ապա այժմ նման տրամաբանություն այլեւս չի գործում», - վերլուծում է Դաշնակցության «Երկիր» պաշտոնաթերթը: - «Քանզի տվյալ դեպքում նրանց պայքարը կընթանա ոչ թե իշխանությունների կազմած սահմանադրական բարեփոխումների փաթեթի, այլ երկրի ժողովրդավարացման գործընթացի դեմ»:

«Մի կողմից, խորանում է մարդկանց սոցիալական անհավասարությունը, մյուս կողմից՝ ուռճացվում պետական համակարգը: Մեր փոքրիկ հանրապետությունում ուռճացված պետական այնպիսի համակարգ է գործում, որ ակամա ուզում ես մտածել, թե մեր երկրի աղքատիկ բյուջեն ինչպես է կերակրում չինովնիկների հսկա բանակը», - գնահատված է «Ազգ» թերթում:

«Եթե կոալիցիայի գործունեությունը նորմալ լիներ, բացասական երեւույթները ռեալ կյանքում այսքան շատ չէին լինի», - «Իրավունք»-ում բանաձեւում է ԱԺ Ժողպատգամավոր խմբի նախագահ Կարեն Կարապետյանը:

«Արեւմուտքի աջակցությանն ապավինողները չեն գիտակցում, որ պառակտված ընդդիմությանը չեն աջակցում: Հեղափոխության մասին խոսողներն իրենց պառակտվածությամբ միայն երկարաձգում են գործող իշխանության կյանքը», - ձեւակերպված է «Այբ-Ֆե»-ում:


Հրաչ Մելքումյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG