Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Ամբողջ աշխարհում դոլարը կայունացել է 12 ցենտով, ինչը համարժեք է 55-60 դրամի: Մինչդեռ Հայաստանում տեղի է ունենում հակառակ պրոցեսը, որը որեւէ տնտեսագիտական բացատրություն չունի եւ չի կարող ունենալ, եւ իշխանության վերին օղակում մի քանի մարդ է կազմակերպում ողջ այս գործընթացը», - «Հայկական ժամանակ»-ում ասում է պետեկամուտների նախկին նախարար, այժմ «Հանրապետություն» ընդդիմադիր կուսակցության քաղխորհրդի անդամ Սմբատ Այվազյանը: - «Անցած տարի Հայաստան մուտք է գործել 1-1,5 միլիարդ դոլար տրանսֆերտ: Այս տարվա կանխատեսումները նույն շրջանակում են, մինչդեռ այդ գումարի 20-30 տոկոսը ժողովրդից անմիջապես հավաքում են... Փոշեծծիչի այս տեխնոլոգիան թույլ չի տալիս, որ ժողովրդի կենսամակարդակը որեւէ կերպ բարձրանա», - ասում է Այվազյանը՝ վկայակոչելով երկու պատճառ՝ նախ իշխանական բուրգում նստած մի քանիսն այս տեխնոլոգիայով եռապատկում են իրենց ունեցվածքը եւ երկրորդ՝ ընտրությունների ընթացքում «աղքատ ժողովրդի ձայնը գնելը շատ ավելի դյուրին է»:

«Գոլոս Արմենիի»-ին, անդրադառնալով ընտրատարածքների վերակազմավորմանը, պատկերում է. - «Եթե ինչ-որ մեկին թույլատրվում է ինքակամ վերաձեւել ընտարատածքների քարտեզը՝ իր վրա վերցնելով պետական մարմնի լիազորությունը, ապա ինչու այդ սուպերմենը ընտրատարածքի շենքերը չդասավորի այնպես, ինչպես հարմար է «լավ տղերքին», որոնք արդեն երկրորդ, երրորդ անգամ Ազգային ժողով են անցնում, եւ հիմա արդեն հոգ են տանում, որ 2007-ին նույնպես այնտեղ հայտնվեն... Այսօր նրանք ստանձնել են Կենտրոնական ընտրական հանձնաժողովի լիազորությունները, վաղը կյուրացնեն դատավճիռ կայացնելու՝ դատավորի իրավունքը, վաղը չէ մյուս օրը՝ կորոշեն Թամանյանի արձանի տեղում Երրորդ հանրապետության «լավ պախանների» կիսանդրիները դնել», - սարկազմով գրում է «Գոլոս Արմենիի»-ին:

Ըստ «Հայկական ժամանակ»-ի, Ընտրական օրենսգրքում վերջերս տեղի ունեցած փոփոխությունները բավական նուրբ իրավիճակ են ստեղծել ընդդիմության համար. - «Կուսակցությունները Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամության իրենց թեկնածուների անունները պետք է մինչեւ հուլիսի 15-ը ներկայացնեն հանրապետության նախագահի աշխատակազմին: Քոչարյանն էլ հրամանագրով պետք է ձեւավորի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը: Նրա կողմից ԿԸՀ նշանակումը զուտ ֆորմալ գործողություն է, բայց մի տեսակ լավ չի ստացվում, որ Քոչարյանի լեգիտիմությունը չճանաչող ընդդիմությունը նրան է դիմում սեփական որոշումը օրինականացնելու խնդրանքով», - գրում է թերթը՝ զարգացնելով. - «Ստացվում է, որ ընդդիմությունը սեփական որոշման լեգիտիմացում է ակնկալում իր իսկ պնդմամբ ոչ լեգիտիմ նախագահից: Թերեւս կարելի է մտածել, որ հենց նման իրավիճակ ստեղծելու համար են ոմանք փոփոխել ԿԸՀ ձեւավորելու կարգը»:

«Մերօրյա Հայաստանի ներքին իրողությունների ու դրա անբաժան բաղադրիչը հանդիսացող էլիտար շինարարական գործընթացների դոմինանտ աճը դարձած չտեսնված զոռբայությունը սրընթաց շարունակում է իր հաղթարշավը», - արձանագրում է «Առավոտ»-ը: Թերթի մատուցմամբ, եթե բանաձեւելու լինենք այդ ոճը կամ, ավելի ճիշտ՝ այդ զոռբայությունը, ապա այն կընդունի մոտավորապես հետեւյալ տեսքը. - «Թող 5-10 հոգու համար շատ լավ լինի՝ թքած թե մի քանի հարյուրի համար վատ չի լինի»:

«Իրավունք»-ի մեկնաբանի հայացքով, առավել հավանական է, որ մինչեւ նոյեմբեր ընդդիմության մեծամասնությունը հակվի հանրաքվեին «ոչ» ասելու տարբերակին՝ ելնելով տրամաբանությունից, թե տվյալ քվեարկությունը ոչ թե իրավական, այլ քաղաքական բնույթ ունի, ու Սահմանադրությանն «այո» ասելը ինքնաբերաբար կնշանակի Ռոբերտ Քոչարյանին բարեփոխումներ անցկացնելու իրավունք տալ եւ դրանով լեգիտիմացնել նրան:

«Արդարություն» դաշինքի երեկվա նիստից «Հայկական ժամանակ»-ի թղթակցի համար պարզ է դարձել միայն մեկ բան՝ այդ դաշինքում կա ընդամենը մեկ կուսակցություն՝ «Հանրապետությունը», որի համար սահմանադրական բարեփոխումների գործընթացը քաղաքական հարց է, եւ այդկուսակցությունը չի պատրաստվում գործող իշխանության հետ գնալ քաղաքական որեւէ կոմպրոմիսի՝ անգամ եթե «Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովը բացասական վերաբերմունք ձեւավորի հայաստանյան ընդդիմության հանդեպ, որը հրաժարվում է կատարել ԵԽԽՎ-ի վերջին բանաձեւի պահանջն ու չի մասնակցում սահմանադրական բարեփոխումների գործընթացին»:

«Հայոց աշխարհ»-ի մատուցմամբ, Եվրախորհրդի մակարդակով ձեռք բերված պայմանավորվածություններից հետո, թվում է, թե որեւէ լուրջ պատճառ չկա տապալելու սահմանադրական հանրաքվեն, մինչդեռ հեղափոխության հայրենի մրրկահավերը շարունակում են առաջնորդվել «Մահ կամ հեղափոխություն» կարգախոսով:

«Հայաստանը չի կարող անմասն մնալ կայունության եւ խաղաղության հաստատման միջազգային ջանքերին, եւ պատահական չէ, որ Հայաստանի զինված ուժերի խաղաղապահ ստորաբաժանումները ներգրավված են ինչպես Կոսովոյի խաղաղապահ, այնպես էլ հետպատերազմյան Իրաքի վերականգնման գործողություններում», - «Հայաստանի Հանրապետություն» թերթի փոխանցմամբ, ասել է երկրի զինված ուժերի գլխավոր շտաբի պետը՝ ավելացնելով, որ Իրաքում մեր երկիրը «իր առջեւ խնդիր չի դնում լուծել ռազմական որեւէ հիմնահարց»:

«Հակակոռուպցիոն սեմինարների ու միջոցառումների քանակով Հայաստանը երեւի աշխարհում առաջին տեղն է գրավում, սակայն դրանից կոռուպցիայի քանակը մեզանում բոլորովին չի նվազում,» - ձեւակերված է «Հայկական ժամանակ»-ում:


Հրաչ Մելքումյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG