Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


Լոնդոնում կատարված ահաբեկչությունը հայաստանյան մամուլը առավելապես ներկայացնում է լրատվական հաղորդագրություններով: Եզակի մեկնաբանությամբ «Առավոտ»-ի խմբագրականում նշված է. - «Այսպիսով, ակնհայտ է դառնում, որ ահաբեկչության դեմ ծավալված միջազգային պայքարն առայժմ շոշափելի արդյունքների չի հանգեցրել. Մեծ ութնյակի բուն նստավայրի անվտանգության ապահովման համար ծախսված են հարյուր միլիոնավոր եվրոներ, բայց ինչպե՞ս պաշտպանել մետրոյով ու ավտոբուսներով երթեւեկող շարքային բրիտանացիներին»:

«Եթե Ադրբեջանում սկսվի գունավոր հեղափոխություն, ապա ամեն ինչ կարվի, որպեսզի նման հեղափոխություն սկսվի նաեւ Հայաստանում, քանի որ Հայաստանի ու Ադրբեջանի պարագայում միշտ առկա է, այսպես կոչված, պարիտետային սկբունքը», - կանխատեսում է «Իրավունք»ի մեկնաբանը՝ անդրադառնալով աշնանը Ադրբեջանում կայանալիք ընտրությունների ժամանակ հնարավոր զարգացումներին: Վերլուծելով Հայաստանի ներքաղաքական իրավիճակը՝ մեկնաբանն ուրվագծում է. - «Բավականին ակնհայտ է, որ Սահմանադրական բարեփոխումը ձեռնտու է Ռոբերտ Քոչարյանին, քանի որ նա, կոպիտ ասած, գնացող է եւ սեփական վարկանիշը բարեփոխիչի անունով բարձրացնելու խնդիր ունի: Եվ նույնքան ակնհայտ է, որ այդ բարեփոխումը ձեռնտու չէ Սերժ Սարգսյանին, քանի որ հանգեցնում է իշխանական լծակների եւ վարչական ռեսուրսի որոշակի ապակենտրոնացման»:

«Հեղափոխությունը մեզ այլեւս պարտադրված է», - նույն թերթի հարցազրույցում շեշտադրում է «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը: Թղթակցի հարցադրմանն էլ, թե տարբերություններ կան «Հանրապետություն» կուսակցության եւ ՀԺԿ-ի հայացքների միջեւ, մասնավորապես ՀԺԿ-ն շեշտադրում է խնդրի լուծման սահմանադրական ճանապարհը, Արամ Սարգսյանը պատասխանում է. - «Այս իշխանությունների շնորհիվ երկիրը վաղուց արդեն սահմանադրական հունից դուրս է եկել: Հեղափոխությամբ երկիրը պետք է բերել սահմանադրական դաշտ, այնուհետեւ սահմանադրական ճանապարհով ապահովել անհրաժեշտ բարեփոխումները»:

«Առավոտ»-ի ներկայացմամբ, Եվրախորհրդի խորհրդանարական վեհաժողովում հայաստանյան պատվիրակության եւ Վենետիկի հանձնաժողովի աշխատանքային խմբի համատեղ քննարկումների արդյունքում ընդունված փաստաթուղթը «խճճել է ընդդիմության ու, մասնավորապես, «Արդարություն» դաշինքի խաղաթղթերն ու ներքին անդորրը». - «Մի կողմից, ընդդիմությանն ուղղված կոչը՝ դադարեցնել բոյկոտն ու կոալիցիայի հետ համատեղ քննարկել սահմանադրական բարեփոխումների նախագիծը, ընդդիմության համար խորհրդարան վերադառնալու լավ պատրվակ է: Մյուս կողմից, ընդդիմությունը կարծում է, որ Ազգային ժողովի աշխատանքները բոյկոտելու հիմնական պատճառները տակավին վերացված չեն, ուստի վերադարձը Ազգային ժողով հիմազուրկ է»: «Առավոտ»-ում ՍԻՄ նախագահ Հրանտ Խաչատրյանը ընդգծում է. - «Ընդդիմադիր դաշտը, նվազագույնը «Արդարություն» դաշինքը պետք է ունենա միասնական որոշում»: Իսկ «Իրավունք»-ում «Արդարություն» դաշինքի քարտուղար Վիկտոր Դալլաքյանը ընդարձակում է. - «Ճիշտ կլինի, որ «Ազգային միաբանություն»-ը եւ «Արդարություն»-ը Ազգային ժողովի աշխատանքներին մասնակցելու կամ չմասնակցելու հարցում միասնական դիրքորոշմամբ հանդես գան»:

«Սահմանադրական բարեփոխումների աշխատանքներին չմասնակցելու՝ «Հանրապետութուն» կուսակցության արդեն հայտնի դիրքորոշմանը խորհրդարանի փոխնախագահ Տիգրան Թորոսյանը «Այբ-Ֆե»-ում արձագանքում է. - «Ճիշտ կլիներ փաստաթղթի նկատմամբ լիներ վերաբերմունքը եւ ոչ թե նախագծի հեղինակների»:

«Հայոց աշխարհ»-ում իրավապաշտպան կազմակերպության ղեկավար Պուշկին Սերոբյանը՝ պարզաբանելով, թե ինչու է քննադատում մարդու իրավունքների պաշտպան Լարիսա Ալավերդյանին, նշում է. - «Մենք մարդու իրավունքների պաշտպանին հստակ քննադատել ենք կիսատ-պռատ, իրավաբանորեն անգրագետ զեկույց ներկայացնելու, ավելին՝ անգործության, հանցագործությունները, իրավախախտումները կոծկելու համար»: Սերոբյանի գնահատմամբ, Լարիսա Ալավերդյանի զեկույցը ի նպաստ իշխանավորների է՝ իշխանավորների դեմ չէ. - «Ցանկացած իշխանություն ուղղակի կերազեր այդ որակի պաշտպան ունենալ: Մինչդեռ այնպես է ներկայացվում, թե քանի որ պաշտպանը իշխանությունների ոտքը տրորել է, բոլոր իշխանավորներին հավասարակշռությունից հանել է, սրանք էլ վախեցել են ու հարձակվել մարդու իրավունքների պաշտպանի վրա»:

Գրող, հրապարակախոս Ռուբեն Հովսեփյանը «Երկիր»-ի հարցազրույցում անդրադառնում է նաեւ կոռուպցիային. - «Սա իսկապես չարիք է, մեր առաջընթացը կասեցնող, խոչընդոտող բան է: Համոզված եմ, որ կոռուպցիայի դեմ պայքարը ոչ այնքան պետության խնդիրն է, որքան հասարակության: Որովհետեւ, եթե ընդունենք նույնիսկ արդար, աչալուրջ իշխանության գոյությունը, առանց հասարակության մասնակցության նա ոչինչ չի կարող անել»: «Մենք բոլորս գիտենք, թե ինչ է կատարվում, բայց մեզանից ոչ մեկը չի կարողանում դա դնել արդարադատության սեղանի վրա», - ընդգծում է Հովսեփյանը:

Անդրադառնալով վերջին օրերին «ԱրմենՏել»-ի բջջային կապի վատ որակին՝ «Ազգ»-ն արձանագրում է. - «Դարձյալ ստացվում է, որ վճարում ենք, կամ պիտի վճարենք մի բանի համար, ինչը չկա»:

Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Վան Բայբուրթյանը «Հայկական ժամանակ»-ի հարցազրույցում նշում է. - «Վրաստանում կոռուպցիայի մակարդակը նախկինում եւ այսօր կարելի է բնութագրել որպես տարբերություն երկրի ու երկնքի միջեւ»: Ի պատասխան թղթակցի հարցին, թե՝ «կոռուպցիայի բարձր մակարդակ ունեցող Հայաստանի փրկությունը ե՞ւս ժողովրդավարական հեղափոխությունն է, Վան Բայբուրթյանը ասում է. - «Հայաստանում վիճակը բոլորովին այլ է. Հայաստանն ավելի կազմակերպված երկիր է... Համենայն դեպս, հեղափոխության հոտ ես Հայաստանում չեմ զգում»:

Վրաստանի քաղաքական կուլիսների բամբասանքի՝ կանանց հանդեպ նախագահ Սահակաշվիլու ունեցած թուլության մասին հարցին Բայբուրթյանը «Հայկական ժամանակ»-ում պատասխանում է. - «Սահակաշվիլին բյուրեղացած ինտելիգենտ է: Նա շատ գալանտ տղամարդ է՝ երիտասարդ, տաքարյուն, եւ հաճույքով է նայում կանանց»:


Հրաչ Մելքումյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG