Մատչելիության հղումներ

Բնապահպանության նախարարությանը տրվեցին վերահսկողական նոր լիազորություններ


Կառավարությունն այսօրվա որոշմամբ բնապահպանական վերահսկողության բոլոր լիազորություններն ամրագրեց այդ խնդիրներով զբաղվող նախարարությանը: Բնապահպանության նախարար Վարդան Այվազյանի բնորոշմամբ, նման որոշումը «նոր էջ է բնապահպանության ոլորտում»:

«Որովհետեւ վերջնականապես մենք կարողացանք մինչեւ այժմ գործող բազմաթիվ օրենսդրական հղումները ամփոփել եւ կիրառել մեկ օրենքի մարմնում», - պարզաբանեց Այվազյանը՝ գոհունակությամբ հայտարարելով, որ մինչեւ տարեվերջ իրենց համակարգում աշխատող 225 բնապահպան տեսուչները կունենան հատուկ արտահագուստ, զենք, ձեռնաշղթաներ, տրանսպորտի միջոցներ:

Բնապահպանական տեսանկյունից առավել խնդրահարույց են, ըստ նախարարի, մայրաքաղաքի օդային ավազանի գերաղտոտվածությունը, հողերի էրոզիան: Ավտովառելիքի թունավոր արտանետումների ու փոշու պարունակությունը մայրաքաղաքի օդում 180 տոկոսով գերազանցում է թույլատրելի նորման։ Իսկ հանրապետության հողատեսքերի 60-70 տոկոսը քայքայված է էրոզիայով ու ենթակա է վերականգման։

Վարդան Այվազյանի խոսքերով, Սեւանա լճի պահպանման խնդիրը այսօր այլեւս հրատապ չէ, քանի որ լճի մակարդակը մոտ 2 մետրով բարձրացել է:

«Այն, որ մեզ համար գերխնդիր էր, այսօր արդեն գերխնդիր չէ», - հայտարարեց նախարարը: - «Սեւանի մակարդակը այսօր 1898 մետրից ավելի է»:

Այստեղ, սակայն, մեկ այլ խնդիր կա. լճի մակարդակի բարձրացման հետեւանքով 1500 հեկտար անտառ, ինչպես նաեւ ավտոճանապարհների որոշակի մասը կանցնեն ջրի տակ։ Արդեն այժմ հանձնարարական կա ափամերձ 120 հեկտար անտառային տարածքը մաքրելու վերաբերյալ։

Ինչ վերաբերում է ափամերձ կառույցներին, ապա դրանց հարցը, ըստ նախարարի, երկրորդական է. - «Որովհետեւ հիմնականում վտանգման են ենթարկված այն կառույցները, որոնք ժամանակին ապօրինի էին կառուցվել»:

Իսկ կառավարության որոշմամբ կառուցված հանգստյան տների համար, Այվազյանի հավաստմամբ, կգործի համապատասխան փոխհատուցման մեխանիզմ:


Ատոմ Մարգարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG