Մատչելիության հղումներ

Ազգային ժողովը պատրաստում է Ստրասբուրգ ուղարկվելիք Սահմանադրական փոփոխությունների փաթեթը


Չորեքշաբթի օրը Հայաստանի խորհրդարանում «աշխատանքային խումբը» քննարկում էր երկրի Սահմանադրության բարեփոխումների փաթեթը, որն արդեն վաղը պետք է ուղարկվի Վենետիկի հանձնաժողովի դատին:

Հայաստանի արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը, խորհրդարանի փոխխոսնակ Տիգրան Թորոսյանը, ինչպես նաեւ սահմանադրական բարեփոխումների նախագծի վրա տարվող աշխատանքին առնչվող մյուս պաշտոնյաները «Ազատություն» ռադիոկայանին ասացին, որ արվում են բարեփոխումների վերջին ճշգրտումները՝ պնդելով, որ դրանք կարտացոլեն Եվրոպայի խորհրդի փորձագետների բոլոր առաջարկությունները:

«Բոլոր պայմանավորվածությունները պահպանված են», - ասաց Տիգրան Թորոսյանը: - «Մի քանի տեխնիկական խնդիրներ են մնում, որոնք, կարծում եմ, այսօրվա ընթացքում կլուծվեն, եւ վաղը անպայման կուղարկենք»:

Ըստ Վենետիկի հանձնաժողովի փորձագետների հետ ձեռք բերված պայմանավորվածությունների, վերանայված փաթեթում ընդլայնվելու է խորհրդարանի դերը կառավարության ձեւավորման գործում, սահմանափակվելու են նախագահի լիազորությունները դատավորների նշանակման հարցում, ընտրովի է դառնալու Երեւանի քաղաքապետի պաշտոնը:

Եվրոպացի փորձագետների այս առաջարկությունները համընկնում են խորհրդարանական օրինաստեղծ աշխատանքը գրեթե մեկուկես տարի բոյկոտող հայաստանյան ընդդիմության մեծամասնության պահանջներին:

Ընդդիմադիր ուժերից «Հանրապետություն» կուսակցությունը, այդուհանդերձ, շարունակում է մերժել նախագահ Քոչարյանի եւ կառավարող կոալիցիայի առաջադրած փոփոխությությունները: Կուսակցության՝ այսօր կայացած քաղխորհրդի նիստի ընդմիջմանը, վերջինիս նախագահ Արամ Սարգսյանը «Ազատություն» ռադիոկայանին ասաց. - «Մենք Սահմանադրությունը դիտում ենք որպես քաղաքական փաստաթուղթ եւ համարում ենք, որ այս իշխանությունները, մասնավորապես Ռոբերտ Քոչարյանը չի կարողացել գարանտը լինել նախագահական արդար ընտրությունների, Ազգային ժողովի արդար ընտրությունների... Հետեւաբար նրա առաջարկած Սահմանադրությանը մենք միանշանակ ոչ ենք ասելու»:

«Սա է մեր քաղխորհրդի որոշումը եւ սա է մեր մոտեցումը», - ավելացրեց նա՝ բացատրելով. - «Որովհետեւ այս իշխանությունների համար կարեւոր չէ, թե ինչպիսի օրենք են նրանք խախտում՝ լավը, թե վատը»:

Հարցին, թե չի՞ կարող արդյոք դա մեկուսացման մեջ դնել «Հանրապետություն» կուսակցությանը (նաեւ ընդիմության գերակշիռ մասից), Սարգսյանը պատասխանեց. - «Ես վախենում եմ հասարակությունից մեկուսանալու խնդրից, իսկ քաղաքական կուսակցություններից մեկուսանալը ինձ համար խնդիր չէ: Ես գիտեմ, որ հասարակության համար Սահմանադրական բարեփոխումները... բացարձակ օրվա պահանջարկ չունի: Ես համոզված ձեզ ասում եմ, որ 830 հազար մարդ ընտրատեղամաս չի գալու»:

830 հազար ձայն է առնվազն անհրաժեշտ, որպեսզի նոյեմբերին կայանալիք հանրաքվեում ընդունվեն Սահմանադրական բարեփոխումները:

«Անիմաստ է մասնակցել մի պրոցեսի, որն ի սկզբանե գիտես, որ պիտի խախտումներով կայանա», - եզրափակեց Արամ Սարգսյանը:


Ռուզան Խաչատրյան եւ Արմեն Զաքարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG