Մատչելիության հղումներ

Իրանի նորընտիր նախագահը շարունակելու է իր նախորդի քաղաքականությունը հարեւան պետությունների հետ փոխհարաբերություններում


Ինչպես չորեքշաբթի օրը Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ հանդիպման ժամանակ ասել է Իրանի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը, Իրանի նորընտիր նախագահ Մահմուդ Ահմադինեժադը «մտադիր է շարունակել իր նախորդի քաղաքականությունը հատկապես հարեւան պետությունների հետ փոխհարաբերություններում»:

Հայաստանի նախագահի մամլո գրասենյակի տարածած հաղորդագրության համաձայն, Իրանի Հորմոզգան նահանգի նահանգապետ Էբրահիմ Դերազմիսուն նախագահ Քոչարյանին է փոխանցել նաեւ Իրանի նախկին նախագահ Խաթամիի ողջույնները:

Հանդիպման սկզբում անդրադառնալով Իրանում անցակցված նախագահական ընտրություններին, Ռոբերտ Քոչարյանը հույս է հայտնել, որ «մինչ օրս ծավալված հայ-իրանական ակտիվ շփումները եւ ձեռք բերված պայմանավորվածությունները կշարունակեն գործել նաեւ Իրանի նորընտիր նախագահի պաշտոնավարման օրոք»:

«Անդրադառնալով տնտեսական կապերի ընդլայնմանը, Ռոբերտ Քոչարյանը նշել է, որ թեեւ արդեն հայ-իրանական մի շարք խոշոր ծրագրեր են իրականացվում, սակայն Հայաստանի դինամիկ զարգացող տնտեսությունն ընձեռում է համագործակցության նոր հնարավորություններ», - փոխանցում է հաղորդագրությունը՝ հավելելով, որ Քոչարյանը «կարեւորել է Իրանը Հայաստանին կապող նոր ավտոճանապարհի կառուցումը»:

Հորմոզգանի նահանգապետը նշել է, որ «երկու ազատ եւ երեք հատուկ տնտեսական գոտի, երեք միջազգային օդանավակայան եւ մեծ նավահանգստային քաղաք ունեցող Հորմոզգան նահանգը լավ միջավայր է հայ-իրանական տնտեսական կապերի զարգացման համար, եւ որ ինքն անձամբ պատրաստ է աջակցել դրանով հետաքրքրվող հայ գործարարներին»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG