Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


Հուլիսի 5-ին նշված Սահմանադրության օրվա կապակցությամբ «Հայաստանի Հանրապետություն» թերթը ներկայացնում է երկրի նախագահի, Ազգային ժողովի նախագահի, վարչապետի, Ամենայն հայոց կաթողիկոսի ուղերձները: Սահմանադրական դատարանում անցկացված խորհրդաժողովից էլ՝ Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանի գնահատականը. - «Անհրաժեշտ է գնահատել Երրորդ հանրապետության այն գործիչների ջանքերը, ովքեր կարողացել են ստեղծել գործող Սահմանադրությունը: Այդ հիմնադիր փաստաթղթով Հայաստանը կարողացել է անդամակցել Եվրոպայի խորհրդին, նաեւ՝ տասը տարի զերծ է մնացել լուրջ ցնցումներից»:

«Ներկայիս քաղաքական մշակույթի տեսակետից բավականին արտառոց էր Դավիթ Հարությունյանի շնորհակալությունը հանրապետության առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին, Ազգային ժողովի նախկին նախագահ Բաբկեն Արարքցյանին, հայտնի իրավագետ Վլադիմիր Նազարյանին, որոնց ջանքերի շնորհիվ ընդունվեց Սահմանադրությունը», - արձաքանգում է «Առավոտ»-ը:

«Նախկինների համար երեկվա օրը առիթ էր նոստալգիկ հիշողությունների մեջ ընկնելու:Ներկաները բոլոր երկրների եւ ժամանակների բոլշեւիկների նման գտնում են, որ պատմությունը սկսվում է իրենցից եւ ուրիշների ընդունած Սահմանադրությունը նշելու առանձին ցանկություն չունեն... Ժողովուրդը հաստատ սեղան չէր նստում եւ «Սահմանադրության կենդանի կենացը» բաժակ չէր բարձրացնում», - նկարագրում է «Առավոտ»-ը՝ տեսականորեն իրավացի համարելով Սահմանադրության օրը Սահմանադրական դատարանում ինչ-որ կերպ նշելը: - «Բայց գործնականում ավելի լավ է չնշվեր, որովհետեւ հերթական վարկաբեկված պետական մարմնի արտաբերած ցանկացած միտք լավագույն դեպքում դատապարտված է անտարբերության, իսկ երբեմն էլ կարող է նույնիսկ նյարդայնացնել»: «Սահմանադրական մշակույթ, իմացաբանական հիմքեր. այդ ամենը, իհարկե, շատ գեղեցիկ է հնչում, մանավանդ այնպիսի փորձառու հռետորի շուրթերից, ինչպիսին Գագիկ Հարությունյանն է: Բայց այդ ի՞նչ մշակույթի մասին է խոսքը, երբ այդ նույն պետական մարմինը առնվազն հինգ անգամ վավերացրել է անօրինական ընտրությունները, երբ նա, քաղաքական նպատակահարմարությունից ելնելով, պատրաստ է ցանկացած մարդու տեղեկանք տալ ՀՀ քաղաքացի լինելու մասին: Եվ եթե պետք լինի՝ այդ նույն մարմինը, իմացաբանական հիմքերից ելնելով, կհայտատարի, որ ներկայիս նախագահը իրավունք ունի ցմահ մնալ իր պաշտոնում»:

Սահմանադրության օրվա առիթով ՀՀՇ-ի երեկվա ասուլիսին մասնակցած «Ազգ»-ի թղթակցի ձեւակերպմամբ՝ ՀՀՇ-ն եւս մեկ անգամ փաստեց, որ ինքը հայրենական քաղաքական դաշտի այն ուժերից է, ովքեր դեմ են այսօրվա իշխանությունների հետագա գործունեությանը եւ հաստատակամորեն գործելու են սահմանադրական փոփոխությունների անցկացման դեմ:

«Չորրորդ իշխանություն»-ը՝ գրելով, թե Ստեփան Դեմիրճյանը հանդիպել է Ռոբերտ Քոչարյանի հետ, ենթադրում է, որ քննարկման թեման կարող էին լինել սահմանադրական փոփոխությունները: Թերթի մեկնաբանությամբ, սահմանադրական ճանապարհով իշխանափոխության հարցում Քոչարյանի ու Դեմիրճյանի տեսակետները իրարից առանձնապես չեն տարբերվում՝ երկուսն էլ այն կարծիքին են, որ այդ հարցը պետք է լուծվի 2008 թվականին:

«Հայոց աշխարհ»-ի գնահատմամբ՝ Վաշինգտոնում ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նստաշրջանին ներկայացված Գորան Լենմարկերի զեկույցն ու բանաձեւի հակիրճ, հստակ նախագիծը լուրջ առաջընթաց է հայկական կողմի համար՝ Եվրախորհրդի ձմեռային նստաշրջանում Դեյվիդ Աթկինսոնի հայտնի զեկույցի ու բանաձեւի համեմատությամբ: «Եվրոպական կառույցների ընդունած նախորդ բանաձեւերի միակողմանիորեն ադրբեջանանպաստ բովանդակությանը փոխարինելու է գալիս միջազգային հանրության սպասողական պրագմատիզմը, որը դառնում է յուրահատուկ քննություն՝ կողմերի կառուցողականության դրսեւորման հարցում», - գրում է մեկնաբանը:

Հեղափոխությունն ու բիզնեսը դիտարկելով նույն ծիրում՝ «Հայոց աշխարհ»-ը ընդհանրացնում է. - «Ժամանակները փոխվում են, հեղափոխությունները ձեռք են բերում նոր գույներ ու ուրվագծեր, հայտնվում են պայքարի նոր, ավելի մարդասիրական մեթոդներ: Այնտեղ, ուր հարյուր կամ երկու հարյուր տարի առաջ կրակում էին, այժմ ճղավում են ու դրոշներ թափահարում: Այնտեղ, ուր նախկինում ազնվականների տներից ներքնակներ ու մոմակալներ էին քարշ տալիս իրենց խրճիթները, այժմ վերաբաշխում են սեփականության իրավունքները, արտադրական հզորություններն ու արժեթղթերը»: Անփոփոխ է, ըստ թերթի, երկու գործոն՝ «ցանկացած վերաբաշխմանն աջակցելու ամբոխի պատրաստակամությունը եւ այդ վերաբաշխումն իր օգտին շրջելու գործունյա ճարպիկների հմտությունը»: «Հենց այդ մասին են երազում այժմ հայրենի մրրկահավերը, իսկ սովամահ լինող ժողովրդի համար կուրծք ծեծելը ծխածածկոց է՝ սքողելու իրական նպատակները»:


Հրաչ Մելքումյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG