Մատչելիության հղումներ

Հայաստանցիների մեծամասնությունը փոխել է կարծիքը ՆԱՏՕ-ին անդամակցության հարցում


Ինչպես ուրբաթ օրը կայացած ասուլիսում արձանագրեցին Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի փորձագետները՝ եթե մոտ մեկ տարի առաջ կենտրոնի կատարած սոցիոլոգիական ուսումնասիրությունները ցույց էին տվել, որ Հայաստանի քաղաքացիների մեծ մասը բացասաբար է վերաբերում ՆԱՏՕ-ին երկրի անդամակցությանը, ապա այսօր պատկերը փոխվել է:

Կենտրոնի՝ վերջերս անկացրած հարցման արդյունքում, որով ընդգրվել է 40 փորձագետ ու 1500 շարքային քաղաքացի՝ Հայաստանի ամբողջ տարածքում, ՆԱՏՕ-ին անդամակցելուն կողմ են արտահայտվել հարցվածների գրեթե 35 տոկոսը, դեմ՝ 33,4 տոկոսը:

Ինչպես նշեցին Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնում այսօր ասուլիս հրավիրած փորձագետները, զարմանալի չէ, որ ՆԱՏՕ-ին անդամակցելուն կողմ են արտահայտվում փորձագետները: Սակայն հանրային կարծիքի նման փոփոխությունը, իրոք, ուշադրության արժանի է:

Հարցմանը մասնակցած ե’ւ փորձագետների, ե’ւ հանրության մոտ 60 տոկոսը գտնում է, որ այլ երկրների կողմից Հայաստանի վրա ներազդելու հիմնական գործոնը Լեռային Ղարաբաղի հակամարտությունն է, երկրորդ տեղում «ոչ օրինական իշխանությունները» տարբերակն է:

Կենտրոնի փորձագետ Ստեփան Սաֆարյանի վերլուծությամբ, եթե 90-ականների կեսերին ղարաբաղյան եւ ընդհանրապես տարածաշրջանային բոլոր հակամարտությունների կարգավորումը հրատապ էր համարվում նավթային ուղիների համար ճանապարհ հարթելու առումով, ապա հիմա, երբ այդ ճանապարհների խնդիրը լուծված է, հակամարտությունների լուծումը դիտարկվում է «ռուսական ազդեցության նվազեցման համատեքստում»:

«Եթե կարգավորվեն այդ կոնֆլիկտները, ապա կավարտվի այսպես կոչված «մեծ խաղը», որի արդյունքներից մեկը պետք է լինի այն, որ մրցակից ուժերից մեկը պետք է դուրս մղվի տարածաշրջանից», - բացատրեց Սաֆարյանը:

Ավելին՝ Միացյալ Նահանգները, փորձագետի խոսքերով, Ղարաբաղյան կոնֆլիկտի լուծումը փոխանցում է Եվրամիությանը՝ ներառելով այն եվրոպականացման գործընթացի համատեքստում:

«Եվրոպական օրակարգում արդեն իսկ հիմքեր են նախատեսվում այդ խնդիրը եւս եվրոպականացման համատեքստ տեղափոխելու եւ կոնֆլիկտը կառավարման էտապից դեպի լուծման փուլ տեղափոխելու առումով», - ասաց Սաֆարյանը:

Հարցին, թե ո՞ր երկրի ազդեցությունն է ամենամեծը հարավկովկասյան 3 երկրներում, հարցվածների մեծամասնության կարծիքով, Ադրբեջանում եւ հատկապես Վրաստանում միանշանակ առաջատար դիրքում է ԱՄՆ-ը, իսկ Հայաստանում՝ Ռուսաստանը:

«Հայաստանը շրջանցող Բաքու - Թբիլիսի - Ջեյհան նավթամուղն իր հետ կբերի Թուրքիա - Վրաստան - Ադրբեջան դաշինքի խորացում եւ Հայաստանի մեկուսացում», - կարծում է փորձագետների 65 եւ հանրության 48 տոկոսը:

ՆԱՏՕ-ին անդամակցության առնչությամբ հարցին, թե ինչու՞ է նպատակահարմար, որ Հայաստանն անդամակցի այդ կառույցին, հանրության շրջանում ամենատարածված տեսակետը հետեւյալն է. ՆԱՏՕ-ն անվտանություն ապահովող ամենաարդյունավետ համակարգն է: Երկրորդ տարածված պատասխանը հետեւյալն է. նպատակահարմար է, որ Հայաստանը, Ադրբեջանն ու Վրաստանը լինեն անվտանգության միասնական համակարգում:

Ինչպես բացատրեց Հայաստանի Ազատական առաջադիմական կուսակցության քաղխորհրդի քարտուղար Էդվարդ Անտինյանը, Հարավային Կովկասի երկրների՝ միեւնույն անվտանգության համակարգում եւ միեւնույն տնտեսական տիրույթում հայտնվելու դեպքում «իրական կդառնա տարածաշրջանային համագործակցությունը»:

«Սա նրանց [Հարավային Կովկասի երկրների] երկարաժամկետ խաղաղ ապրելու գրավականն է», - եզրափակեց Անտինյանը:


Նանե Աճեմյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG