Մատչելիության հղումներ

Բժիշկները պայքարում են ծալկացի հայ երիտասարդի կյանքի համար


Հունիսի 25-ին Ծալկայի շրջանի Հոլեանք գյուղում վրացի զինվորականի կողմից հրազենից վիրավորված Վլադիմիր Նազարեթյանի առողջական վիճակը դեռ ծանր է: Բժիշկները պայքարում են նրա կյանքի համար:

«Ա-Ինֆո» գործակալության փոխանցմամբ, Ծալկայի շրջանային սակրեբուլոյի նախագահ Ռազմիկ Հանեսյանի կարծիքով, վրացի զինվորականների կատարածը կարելի է համարել այն բանի ապացույց, որ ՆԳՆ հատուկ նշանակության զորաջոկատի տեղակայումը Ծալկայի շրջանում այլ նպատակներ է հետապնդում:

«Եթե Նազարեթյանը դեպքի կապակցությամբ մեղավոր էլ լիներ, զինվորականները չպետք է կրակեին, հատկապես այն պատճառով, որ նախքան նրա վրա կրակելը, արդեն շարքից հանել էին նրա մեքենան, եւ նա փախուստի դիմել չէր կարող», - ասել է Հանեսյանը:

Հատուկ նշանակության զորաջոկատի տեղակայման կապակցությամբ իր դժգոհությունն է հայտնել Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Հայկ Մելտոնյանը:

«Եթե հատուկ զորաջոկատայիններին բերել են շրջանում արտակարգ դեպքերին արձագանքելու համար, ապա թող դրանով զբաղվեն, այլ ոչ թե արտակարգ դեպքեր հրահրելով», - նշել է հայազգի խորհրդարանականը՝ ավելացնելով, որ «Նազարեթյանի վրա կրակելը վիրավորանք է Վրաստանում ապրող հայերի եւ բոլոր ազգային փոքրամասնությունների նկատմամբ»:

Մելտոնյանը նաեւ հավաստիացրել է, որ հետամուտ է լինելու դեպքի կապակցությամբ հարուցված քրեական գործի քննությանը:

Ծալկայի շրջանի ղեկավար Միխայիլ Զկիտիշվիլին եւս կատարվածը համարում է հատուկջոկատայինների սանձարձակության արդյունք: Նա միաժամանակ դժգոհել է, որ հատուկ նշանակության զորաջոկատ Ծալկայում տեղակայելու որոշում ընդունելիս հաշվի չի առնվել շրջանի ղեկավարության եւ բնակչության կարծիքը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG