Մատչելիության հղումներ

Տեղի կունենա Իրաքում հայկական զորախմբի ռոտացիան


Այս տարվա հունվարին Իրաք մեկնած հայկական 46 հոգանոց առաջին զորախումբը Հայաստան կվերադառնա հուլիսի 10-ից 20-ը: Դրան կնախորդի նույն թվաքանակով խաղաղապահների մեկնումը Իրաք:

Հայ բժիշկները, սակրավորներն եւ վարորդներ կշարունակեն ծառայել Միացյալ Նահանգների առաջնորդած բազմազգ ուժերի՝ Լեհաստանի ստորաբաժանման կազմում:

Հայաստանի պաշտպանության նախարարության արտաքին կապերի վարչությունից «Ազատություն» ռադիոկայանին հայտնեցին, թե նոր կազմն արդեն համալրված է, եւ առաջին կազմից որեւէ մեկն ընդգրկված չէ նրանում, չնայած ցանկացողներ եղել են:

Խոստացված հազար դոլար աշխատավարձի վճարումն ամեն ամիս կատարվել է ժամանակին: Զինծառայողներից այս պահին ուղղակի տեղեկություններ չունենք, սակայն միջնորդավորված տեղեկություններով, երբեմն ուշացումներ եղել են, բայց ի վերջո, աշխատավարձերն ամբողջությամբ վճարվել են:

Ծառայության բացասական կողմը խիստ շոգ կլիման է, դրականը՝ հնարավորությունը սեփական աչքերով տեսնել ամերիկյան բանակի առավելությունները, հատկապես՝ կարգուկանոնի հարցում:

Պաշտպանության նախարարությունը նշում է նաեւ, որ հայկական զորախումբը անգամ տեխնիկական կորուստներ չի ունեցել:


Ռուզան Խաչատրյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG