Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովում Հայաստանի պատվիրակության ղեկավար Վահան Հովհաննիսյանը «Առավոտ» թերթի հարցազրույցում որոշ կետեր է ներկայացնում Ղարաբաղի հարցով Գորան Լենմարկերի զեկույցից, որը ներկայացվելու է հուլիսի 1-5-ը Վաշինգտոնում կայանալիք ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի ամառային նստաշրջանում: Զեկույցի 28-րդ կետում նշվում է. - «Կոնֆլիկտի կենտրոնական հարցը Լեռնային Ղարաբաղի կարգավիճակն է», - բացահայտում է Վահան Հովհաննիսյանը՝ ընդգծելով. - «Ուրիշ բանաձեւերում եւ զեկույցներում նման ձեւակերպման չեք հանդիպի»: Նրա փոխանցմամբ, լուծումը Լենմարկերը կապում է եվրաինտեգրման գործընթացի հետ, ինչը «մեզ համար ճիշտ է եւ դրական»: Մի հետաքրքիր կետ եւս կա, որտեղ ասվում է, որ Ղարաբաղն ուզում է դառնալ անկախ պետություն: «Իսկ սա նշանակում է, որ վերջապես Ղարաբաղի տեսակետն առաջին անգամ հնչում է հենց որպես Ղարաբաղի տեսակետ», - «Առավոտ»-ում շեշտադրում է Վահան Հովհաննիսյանը՝ ամփոփելով. - «Այս զեկույցը կարելի է համարել խորհրդարանական դիվանագիտության հաղթանակ»:

Անդրադառնալով վերջին տարիներին տարբեր տրամաչափի գործիչների՝ Լեռնային Ղարաբաղից Հայաստան տեղափոխվելու ավանդույթին՝ Ազատական առաջադիմական կուսակցության նախագահ Հովհաննես Հովաննիսյանը «Առավոտ»-ում ասում է. - «Չի կարելի ամբողջ Ղարաբաղի մտավոր ռեսուրսը հանել Ղարաբաղից ու բերել Հայաստան: Այդ դեպքում ի՞նչ հիմնախնդրի կարգավորման մասին է խոսքը»:

Նույն թերթը, անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախկին նախախար Սամվել Բաբայանի՝ Հայաստանում կուսակցություն ստեղծելուն ուղղված քայլերին, գրում է. - «Առաջին հայացքից թվում է, թե «լոխ լավ ա», բայց դա՝ միայն առաջին հայացքից՝ եթե մի պահ մոռանանք քաղաքացիության հարցը. մի հանգամանք, որ խանգարում էր 98-ին Ռոբերտ Քոչարյանին, 2003-ին՝ Րաֆֆի Հովհաննիսյանին ու Արամ Կարապետյանին... Սամվել Բաբայանի դեպքում ավելի բարդ է. չունենալով Հայաստանի քաղաքացիություն, մեր երկրի օրենսդրությամբ նա իրավունք չունի Հայաստանում քաղաքականությամբ զբաղվել, եւ առավել եւս՝ կուսակցության անդամ լինել», - արձանագրում է «Առավոտ»-ը: «Բայց նրա գրասենյակում Սամվել Բաբայանի փոխարեն հաստատ համոզմունք հայտնեցին, որ նա Հայաստանի քաղաքացի է եւ համապատասխան անձնագիր ունի: Թե որ թվականից՝ դժվարացան ասել», - հավելում է թերթը՝ ամբողջացնելով. - «Այդ մասին գիտի միայն ինքը, իսկ հանրությունը դրա մասին կիմանա, երբ պարոն Բաբայանը կուսակցություն բացի ու մասնակցի հայաստանյան ընտրություններին»:

Ըստ «Հայոց աշխարհ»-ի, ընթացիկ տարում Ադրբեջանի պաշտպանական ծախսերին 300 միլիոն հատկացնելու Իլհամ Ալիեւի խոստումը անկասկած չի կարող աննկատ մնալ հայկական կողմի համար, սակայն, մեկնաբանի կարծիքով, ներկա պահին «առավել մտահոգողն ու վտանգավորը ոչ թե նման մեթոդներով բանակցային գործընթացի վրա ներազդելու Ադրբեջանի ղեկավարության անթաքույց ցանկությունն է, որքան ներքաղաքական անկանխատեսելի կացությունը, որ ստեղծվում է այդ երկրում»:

«Եվրախորհրդի ճնշման տակ Քոչարյանը դիմում է զիջումների», - ձեւակերպված է «Ազգ»-ում: Մեկնաբանի նախանշմամբ՝ աշնանը Հայաստանում կայանալիք սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն եւ Ադրբեջանի խորհրդարանական ընտրություները կարող են «փորձություն լինել Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների համար»:

«Հայկական ժամանակ»-ի մատուցմամբ, Շավարշ Քոչարյանն անկեղծորեն խոստովանել է. - «Ճիշտն ասած՝ ինձ համար անսպասելի էր, որ իշխանությունները կընդունեն Վենետիկի հանձնաժողովի բոլոր առաջարկները առանց վերապահության: Եվ, այո, կա ընդդիմության հրապարակային հայտարարությունը, որ այդ առաջարկներն ընդունվելու դեպքում մենք մասնակցում ենք սահմանադրական գործընթացին»: «Մենք տեր ենք մեր արած հայտարարությանը», - ասել է Շավարշ Քոչարյանը: - «15 տարի է՝ ընդդիմություն եմ, եւ առաջին անգամ երկրի համար աննախադեպ հնարավորություն է ստեղծվում ճգնաժամից դուրս գալու»:

«Փորձը ցույց է տալիս, որ Իրանի աջակողմյան, ֆունդամենտալ ուժերը ավելի հիմնարար հարաբերություններ են հաստատում Հայաստանի հետ, քան ժողովրդավար բնույթ ունեցողները», - «Առավոտ»-ի հարցազրույցում կարծիք է հայտնում Երեւանի պետական համալսարանի իրանագիտության ամբիոնի վարիչ Գառնիկ Ասատրյանը: «Ռաֆսանջանիի ժամանակ եւ դրանից առաջ երբեք Իրանի որեւէ նախագահ չի հայտարարել, որ Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի անքակտելի մասն է, իսկ պարոն Խաթամին երեք անգամ տարբեր ատյաններից հայտարարեց դա», - իր կարծիքը հիմնավորում է Ասատրյանը՝ ընդգծելով. - «Իրանի ժողովուրդը ճիշտ ընտրություն է արել: Ահմադինեջադի օգտին քվեարկելը նշանակում էր ասել «այո» վարչակարգին եւ նրա քաղաքականությանը եւ «ոչ»՝ ութ տարվա կիսադեմոկրատական փոփոխություններին: Ես չեմ գտնում, որ պարոն Ահմադինեջադի ընտրությունը ետընթաց քայլ է. դա ժողովրդի ընտրությունն է: Սա ցույց է տալիս, որ վարչակարգն ամուր արմատներ ունի հասարակության մեջ, եւ առանձին ընդդիմադիր ելույթներ կրում էին զուտ դեկորատիվ բնույթ: Դրանք հիմնականում հրահրված էին դրսից»:

«Գոլդեն փելես»-ի իրական սեփականատերը Հայկ Ճշմարիտյանն է», - ընդգծված մատուցում է «Ազգ»-ը՝ նշելով, թե տրանսպորտի եւ կապի փոխնախարար Հայկ Ճշմարիտյանը առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարար Կարեն Ճշմարիտյանի ազգականն է: Թերթը մի քանի անպատասխան հարցադրումներ է բարձրացնում. - «Ի՞նչ իրավունք ունի բարձրաստիճան պաշտոնյան զբաղվելու բիզնեսով... Ի՞նչ միջոցներով է 180 հազար դրամ աշխատավարձ ստացող փոխնախարարը մոտավոր հաշվարկներով ավելի քան երեք միլիոն դոլար արժողությամբ հյուրանոց կառուցում եւ վերջապես՝ մի՞թե այս տեղեկատվությանը ծանոթ չէր հյուրանոցի բացումը կատարած երկրի նախագահը»:


Հրաչ Մելքումյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG