Մատչելիության հղումներ

Սահմանադրական բարեփոխումների գործընթացը «վճռորոշ է Հայաստանի ապագայի համար»


«Սահմանադրական բարեփոխումները Ագոյի խմբի ուշադրության կենտրոնում են: Վենետիկի հանձնաժողովի հետ ձեռք բերված համաձայությունները շատ խոստումնալից են, գտնված լուծումները՝ շատ լավը», - երեքշաբթի օրը հայաստանյան հանդիպումների ավարտին արտգործնախարար Վարդան Օսկանյանի հետ համատեղ ասուլիսում հայտարարեց Եվրախորհրդի նախարարների կոմիտեի դիտորդական խմբի («Ագոյի խումբ») ղեկավար Ռոլանդ Վեգեները:

Նա հույս հայտնեց, որ սահմանադրական բարեփոխումների՝ համաձայնեցված նախագծի հաստատումը «ժողովրդավարության պատմության նոր էջ» կդառնա Հայաստանի համար:

«Կարեւորագույն կետերից մեկը, իհարկե, այն է, որ այս աշխատանքն արվել է ընդդիմադիր կուսակցությունների հետ համատեղ, եւ հիմա մենք կարող ենք հաստատել, որ մեծամասնություն հանդիսացող կուսակցություններն ու խորհրդարանի ընդդիմադիր ուժերը համակարծիք են: Իսկ դա նշանակում է, որ օգոստոսին խորհրդարանում օրինագիծը կվայելի բոլորի հավանությունը: Եվ եթե հաստատվի, ապա դրանով այս երկրում կսկսվի ժողովրդավարության պատմության նոր էջ», - ասաց Վեգեները: - «Դա կնշանակի նաեւ իշխանության եւ ընդդիմության փոխհարաբերությունների նոր փուլի սկիզբ: Իսկ այս ամենի փորձաքարը կհանդիսանա նոյեմբերին կայանալիք ժողովրդական հանրաքվեն»:

Նա նաեւ փոխանցեց, որ նախագահ Քոչարյանը եւ Հայաստանի կառավարությունը իրենց վստահեցրել են, որ կաջակցեն հանրաքվեի անցկացմանը եւ կհամոզեն ժողովրդին, որ Սահմանադրության այս փոփոխությունները ճիշտ լուծում են:

«Այս գործընթացը վճռորոշ դեր կունենա երկրի ապագայի համար», - ասաց Ռոլանդ Վեգեները:

Հարցին, թե ի՞նչ զարգացումներ կարելի է ակնկալել սահմանադրական հանրաքվեի բացասական արդյունքի դեպքում, Եվրախորհրդի նախարարների կոմիտեի դիտորդական խմբի ղեկավարը պատասխանեց. - «Մենք մեկնում են այն կետից, որ հանրաքվեի արդյունքը դրական կլինի եւ դրա վրա ենք կառուցում մեր հետագա ակնկալիքներն ու քաղաքականությունը»:

Վեգեների ներկայացմամբ, ձեռք բերված համաձայնություններից հատկապես կարեւոր է Ազգային ժողովի եւ կառավարության ուժերի բալանսավորումը՝ երբ նախագահը նշանակում է վարչապետին, բայց վարչապետը պետք է վայելի խորհրդարանի վստահությունը:

«Մյուս կարեւոր կետն այն է, որ երաշխավորվելու է արդարադատության համակարգի անխակությունը: Այստեղ հատկապես առանձնացնեմ արդարադատության խորհրդի դերը, որը պատասխանատու է լինելու ոլորտի նշանակումների եւ երաշխավորումների համար», - շարունակեց նա: - «Եվ երրորդը քաղաքապետի ընտրությունն է, ինչը կորոշվի օրենքով, բայց եթե հաշվի առնենք, որ գոյություն ունի տեղական ինքնակառավարման մարմիների խարտիան, որը նախատեսում է բոլոր քաղաքապետերի ընտրովիությունը, ապա այս հարցն էլ կլուծվի»:

Երեկ երեկոյան նախագահ Ռոբերտ Քոչարյանը քաղաքական կոալիցիայի ղեկավարների հետ քննարկել եւ հավանություն էր տվել Վենետիկի հանձնաժողովի հետ սահմանադրական փոփոխությունների շուրջ նախորդ շաբաթ ձեռք բերված գրավոր պայմանավորվածություններին:

«Հանրապետության նախագահը հայտնեց իր լիակատար աջակցությունը», - «Ազատություն» ռադիոկայանին երեքշաբթի օրը փոխանցեց Ազգային Ժողովի եւ Հանրապետական կուսակցության փոխնախագահ, Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովում Հայաստանի պատվիրակության ղեկավար Տիգրան Թորոսյանը՝ ավելացնելով, որ մշակվելիք եւ մինչեւ հուլիսի 7-ը Վենետիկի հանձնաժողովին ուղարկվելիք նախագիծը «անվերապահորեն կընդգրկի» եվրոպացի փորձագետների բոլոր առաջարկությունները:


Նանե Աճեմյան եւ Ռուզան Խաչատրյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG