Մատչելիության հղումներ

Վրաստանը, Ռուսաստանը եւ Աբխազիան կարող են համաձայնության հասնել աբխազական երկաթուղու վերականգնման հարցում


Աբխազիայի տարածքով անցնող եւ Վրաստանն ու Ռուսաստանը միացնող երկաթուղու վերականգնման մասին համաձայնագիրը կարող է ստորագրվել Գալիի շրջանում հուլիսի 2-ին:

«Ռոսբալթ» գործակալության աղբյուրը չի բացառել նաեւ Գալիի շրջան վրացի փախստականների անվտանգ վերադարձի մասին արձանագրության ստորագրման հնարավորությունը: Աղբյուրի փոխանցմամբ, ներկայումս համապատասխան փաստաթղթերի վրա են աշխատում Վրաստանի, Ռուսաստանի եւ Աբխազիայի փորձագետները:

Վերջիններիս գնահատումներով, երկաթգծի վերականգնման համար կպահանջվի առնվազն 150 միլիոն դոլար: Ռուսաստանում համարում են, որ տվյալ նախագծի ֆինանսավորումը պետք է ապահովեն շահագրգիռ կողմերը՝ Ռուսաստանը, Վրաստանը, Աբխազիան, Հայաստանը եւ որոշ չափով՝ Ադրբեջանը:

Հայաստանն արդեն հայտնել է երկաթգծի վերականգնմանը մասնակցելու պատրաստակամության մասին:

Երկաթգծի վիճակի հանգամանալից ուսումնասիրությունը Վրաստանի, Ռուսաստանի եւ Աբխազիայի փորձագետները կսկսեն հուլիսի 15-ից: Այժմ դրա անվտանգության աստիճանն են ուսումնասիրում վրաց-աբխազական հակամարտության գոտում տեղակայված ռուսաստանցի սակրավորները, քանի որ տեղեկատվության կա, թե երկաթգծի առանձին հատվածներ եւ դրան հարող որոշ տարածքների ականապատված են:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG