Մատչելիության հղումներ

Հայաստանի էներգետիկայի զարգացման ռազմավարական ծրագիրը արժանացավ կառավարության հավանությանը


Այսօրվա նիստում կառավարությունը հավանություն տվեց մինչեւ 2025 թվականը Հայաստանի էներգետիկայի զարգացման ռազմավարական ծրագրին։ Էներգետիկայի փոխնախարար Արեգ Գալստյանը նիստից հետո լրագրողներին մանրամասնեց փաստաթղթի դրույթները՝ ասելով, թե ոլորտի զարգացման ռազմավարությունը ըստ առաջնահերթության ներառում է առանձին զարգացման ծրագրեր:

«Համար մեկ նախագիծը Իրան – Հայաստան գազամուղի շինարարությունն է», - ասաց փոխնախարարը՝ հավելելով, թե այժմ բանակցություններ են ընթանում անցած տարվա նոյեմբերին մեկնարկած գազամուղի շինարարության երկրորդ՝ ավելի երկար հատվածի ֆինանսավորման գծով հավանական գործընկերների հետ:

Գլխավոր ներդրողը, իհարկե, ռուսական «Գազպրոմ» ընկերությունն է, որն ի դեպ, երկար ժամանակ անտարբեր էր այդ նախագծի նկատմամբ, ու երբ իրանական կողմը անսպասելի գործնական հետաքրքրություն դրսեւորեց կառուցվելիք գազամուղի նկատմամբ, ռուսական ընկերությունը հասավ այն բանին, որպեսզի մաս կազմի Իրան Հայաստան գազամուղի շինարարարությանը։

Ռուս-իրանական մրցակցությունը Հայաստանի էներգետիկ շուկայում անզեն աչքով էլ տեսանելի է։ Այս երկու կողմերի միջեւ հատկապես լուրջ պայքար է ծավալվել Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկի համար. ՋԷԿ-ի գործող 4 բլոկերը պարտքի դիմաց Ռուսաստանին անցնելուց հետո հինգերոդ բլոկի ճակատագիրը միառժամանակ օդում կախված մնաց։ Սակայն այդ կիսակառույցի դերը կտրուկ աճեց Իրան-Հայաստան գազամուղի կառուցման մեկնարկից հետո։ Մեկը մյուսին են հաջորդում ռուսական եւ իրանական կողմերից հնչող շահավետ առաջարկներ։

Իրազեկ աղբյուրների վկայությամբ, ռուսական «Գազպրոմ» եւ «Ռուսաստանի միավորված էներգահամակարգեր» (ՌԱՕ ԵԷՍ) ընկերությունները համատեղ առաջարկ են արել 150 միլիոն դոլարի վարկով ավարտին հասցնել 5-րդ էներգաբլոկի շինարարությունը, որից հետո՝ դառնալ դրա սեփականատերը:

Իրանական կողմը, ընդհակառակը, առաջարկել է իր միջոցներով ավարտին հասցնել հինգերորդ բլոկի շինարարարությունը, իսկ ծախսերը փոխհատուցել նորակառույց ՋԷԿ-ում արտադրված հոսանքի հաշվին։ Ընդ որում, նույն աղբյուրների պնդմամբ, իրանական կողմը առաջարկում է իր միջոցներով Հրազդանի ՋԷԿ-ին հասցնել նաեւ կառուցվող Իրան-Հայաստան գազատարի մի ճյուղավորումը։ Իրանը, փաստորեն, ավելի մատչելի ու հայկական կողմից ներդրում չպահանջող տարբերակներ առաջարկելով, ձգտում է ռուսականին այլընտրանք ստեղծել Հայաստանի էներգաարտադրող համակարգում, ընդ որում՝ որեւէ սեփականության չհավակնելով։

Արեգ Գալստյանն այսօր իրեն ուղղված հարցին, թե 5-րդ բլոկի հարցում մրցակցող ո՞ր կողմին կտրվի գերապատվությունը, պատասխանեց, թե «ընտրությունը կատարվելու է տնտեսական դաշտում»:

«Որ առաջարկությունը կլինի տնտեսապես ավելի շահավետ մեր պետության համար, դա էլ կընտրվի», - ավելացրեց փոխնախարարը:

Այսօր հաստատված փատաթղթից տպավորություն է ստեղծվում, թե այն մշակվել է Մեծամորի ատոմակայանի փակումը հիմնավորելու համար:

«Մենք ամեն ինչ անում ենք, որ ծրագրված ժամանակից (դա 2016 թվականն է) շուտ էներգաբլոկերը հանենք շահագործումից», - ասաց Գալստյանը: - «Բայց, որպեսզի դա մենք անենք, մենք պետք է ունենանք այդ բազիսային էներգիայի համազոր [հզորություններ] կառուցված եւ ինֆրաստրուկտուրային հարցերը լուծենք»:

Մեծամորի ատոմակայանը փակելու առաջին փուլն իրագործելու համար, ըստ Գալստյանի, պահանջվում է 44 միլիոն դոլար։


Ատոմ Մարգարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG