Մատչելիության հղումներ

Վարդան Օսկանյանը ելույթ է ունեցել Իրաքին նվիրված միջազգային կոնֆերանսում


Երեկ Բրյուսելում ավարտված երկօրյա միջազգային կոնֆերանսում, որ նվիրված էր Իրաքին, ելույթ է ունեցել Հայաստանի արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանը:

Հայաստանի արգործնախարարը բարձր է գնահատել միջոցառման կազմակերպման փաստը՝ ըդգծելով, որ «այն չափազանց կարեւոր նշանակություն ունի Իրաքում գտնվող մարդկանց համար, որոնք պետք է իմանան միջազգային հանրության շարունակական ներգրավվածության մասին»:

«Այդ հանգամանքը ներգրավված կողմերին պարտավորեցնում է շեշտակիորեն ավելացնել երկրի վերակառուցմանն ուղղված իրենց ջանքերը», - ասել է Վարդան Օսկանյանը: - «Նույնիսկ Հայաստանի պես համեստ հնարավորություններով փոքր երկրները, որոնց մասնակցությունը կրում է խորհրդանշական բնույթ, հրաշալի են գիտակցում բարոյական աջակցության եւ շահագրգիռ դիտորդների ուղեկցող ուժի արժեքը»:

Անդրադառնալով Իրաքում հայկական ներկայությանը, նախարարը ասել է, որ տեղի «մեծաթիվ եւ հին հայ համայնքը» հույս ունի սեփական «ներդրումն ունենալ Իրաքի բարգավաճ եւ խաղաղ ապագայի կայացմանը»:

«Հայաստանն, իր հերթին, ցանկանում է իր հարաբերությունները զարգացնել խաղաղ, միացյալ եւ ժողովրդավարական Իրաքի հետ: Ուղիղ գծով ընդամենը 200 մղոն է բաժանում մեր երկու մայրաքաղաքները եւ հեշտությամբ հաղորդակցվելն ու համագործակցելը հետաքրքրում է մեզ բոլորիս», - Հայաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության փոխանցմամբ, իր ելույթը եզրափակել է Վարդան Օսկանյանը:

Միջազգային կոնֆերանսին ներկա ավելի քան 80 երկրների արտգործնախարարներ, ՄԱԿ-ի եւ միջազգային այլ կազմակերպությունների ղեկավարներ ու պաշտոնյաներ քննարկել են Իրաքի քաղաքական բարեփոխումների, տնտեսության վերականգման եւ երկրի վեռակառուցման, ինչպես նաեւ օրենքի գերակայության եւ հասարակական կարգի հաստատման հետ կապված հարցեր:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Քոֆի Անանը, Եվրամիության նախագահությունը ստանձնած Լյուքսեմբուրգի արտգործնախարար Ժան Ասսելբորնը, ինչպես նաեւ ԱՄՆ պետքարտուղար Կոնդոլիզա Ռայսը խոսել են Իրաքի հետ միջազգային նոր գործընկերության հաստաման անհրաժեշտության մասին:

Իրաքյան նորընտիր կառավարության անդամները ներկայացրել են երկրի ապագայի վերաբերյալ իրենց պատկերացումները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG