Մատչելիության հղումներ

ԱՄՆ ֆինանսական օգնությունը Հայաստանին հաջորդ տարի կկազմի շուրջ 68 միլիոն դոլար


Ինչպես հինգշաբթի օրը հաղորդել է Ամերիկայի հայկական համագումարը, ԱՄՆ Կոնգրեսի արտաքին հատկացումների ենթակոմիտեն քվեարկությամբ հաստատել է 2006 թվականի ֆինանսական տարում Հայաստանին շուրջ 68 միլիոն դոլարի օգնություն ցուցաբերելու մասին որոշումը:

Նշվում է, թե չնայած նախկին խորհրդային հանրապետություններին ցուցաբերվող օգնության նվազման ընդհանուր միտմանը, ենթակոմիտեի անդամները քվեարկել են Հայաստանին 67,5 միլիոն դոլարի, Լեռնային Ղարաբաղին՝ շուրջ 5 միլիոն դոլար օգնություն տրամադրելու մասին որոշման օգտին, ինչպես նաեւ հաստատել են Հայաստանին եւ Ադրբեջանին հավասարության հիմունքներով 5,75 միլիոն դոլարի ռազմական օգնություն ցուցաբերելու որոշումը:

Հայաստանին հատկացվելիք ֆինանսական օգնությունը 12,5 միլիոն դոլարով ավելին է այս տարի ավելի վաղ նախագահ Բուշի վարչակազմի՝ Կոնգրեսին ներկայացրած օգնության ծավալից: Իսկ ընդհանուր առմամբ, նախկին խորհրդային հանրապետություններին Միացյալ Նահանգների կողմից ցուցաբերվող օգնությունը նվազելու է մինչեւ 477 միլիոն՝ 2005 ֆինանսական տարվա 555 միլիոն դոլարի դիմաց:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG