Մատչելիության հղումներ

Հրանտ Մարգարյանը «ձեւական» է որակում կոալիցիայի գոյությունը


Հինգշաբթի օրը հրավիրած ասուլիսում Դաշնակցության բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը, ընդունելով, որ իշխանական կոալիցիայի ներսում կան «տարաձայնություն, վեճ, վիճաբանություն, քննարկում», ասաց, թե կոալիցիան «կա ձեւականորեն»:

«Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե հնարավո՞ր է, որ 2007-ի խորհրդարանական ընտրություններից առաջ Դաշնակցությունը ընդդիմադիր կեցվածք ընդունի, Մարգարյանը երկիմաստ պատասխան տվեց. - «Կարող է պատահի այդպես լինի... Կարող է լինի, կարող է չլինի»:

«Իսկապես իշխանության [կոալիցիայի] չորս տարբեր թեւերի միջեւ [կան] տարաձայնություն, վեճ, վիճաբանություն, քննարկում», - շարունակեց նա: - «Այսօր կոալիցիա թե’ կա, թե’ չկա... Կա ձեւականորեն»:

«Մեր ճիգն այն է, որ կարողանանք կոալիցիան վերականգնել: Եվ թող ոչ ոք ոչ ոքի չխաբի... Սա փաստն է, իրավիճակն է, այս երկրի իրականությունն է: Այս իրականությանը պետք է նայել բաց աչքերով, քաջաբար, որպեսզի կարողանանք լուծում գտնել», - ասաց Մարգարյանը՝ համոզմունք հայտնելով, որ շուտով կոալիցիան կսկսի լիարժեքորեն աշխատել, շուտով կոլաիցիոն խորհուրդը նորից նիստեր կանցկացնի:

Կիրակի օրը Լեռնային Ղարաբաղում կայանալիք խորհրդարանական ընտրություններին ՀՅԴ-ն մասնակցում է «Շարժում-88» դաշինքի կազմում՝ ընդդիմադիր կեցվածքով: Պարզաբանելով դա, Հրանտ Մարգարյանը ասաց. - «Մեզ ընդդիմադիր դաշտ մղեց հենց ինքը՝ [Լեռնային Ղարաբաղի] իշխանությունը»:

Նրա խոսքերով, սոցիալ-տնտեսական խնդիրների լուծման հարցում առկա տարաձայնությունները ստիպեցին Դաշնակցությանը ընդունել ընդդիմադիր կեցվածք:

«Կան մարդիկ, որ ասում են՝ Ղարաբաղի վիճակը լավ է, բայց պետք է ավելի լավացնել: Մենք ասում ենք՝ լավ չի, բայց պետք է անպայման լավացնել: Սա է գոյություն ունեցող տարբերությունը, բայց՝ էական տարբերություն է»:


Կարինե Քալանթարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG