Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


Ազգային ժողովի պատգամավոր, «Օրինաց երկիր» խմբակցության անդամ Հովհաննես Մարգարյանը «Հայկական ժամանակ»-ի թղթակցի հետ զրույցում ասում է, թե պատրաստվում է դիմել դատախազություն՝ Շիրակի մարզպետ Ռոմիկ Մանուկյանին քրեական պատասխանատվության ենթարկելու միջնորդությամբ: Մարգարյանը կարծում է, որ Մանուկյանը զրպարտել է իրեն, երբ թերթի նախորդ համարներից մեկում հայտարարել է, որ ինքը նստել է հումանիտար կաթի փոշու գողության գործով: Նշելով, թե իշխանական կոալիցիայի ներսում առկա հակասությունները էլ ավելի կխորանան, «Հայկական ժամանակ»-ի մեկնաբանը շարունակում է. - «Հովհաննես Մարգարյանին հիասթափություն է սպասվում, եւ Ռոմիկ Մանուկյանի դեմ քրեական գործ չի հարուցվի ոչ միայն քաղաքական, այլեւ իրավական պատճառներով»: Մարգարյանն ինքն է խոստովանում, որ իրավապահ մարմինները հետագայում փոխել են իր կարգավիճակը եւ ինքը դարձել է վկա: Բայց մինչ այդ որոշակի ժամանակ կալանքի տակ է անցկացրել, եւ այս փաստը, ըստ մեկնաբանի, բավարար է, որպեսզի Մանուկյանի ասածը ակնհայտ սուտ չհամարվի»: «Էլ չենք ասում, որ եթե բանը բանից անցնի, Մանուկյանն իրավունք կունենա պահանջել վերհանել նախկինում հարուցված այդ քրեական գործի նյութերը», - հուշում է «Հայկական ժամանակ»-ը:

«Առավոտ»-ի՝ ապագային ուղղված հայացքով, հայրենական ընտրությունների պատմության մեջ վրա է հասնում կտրուկ շրջադարձ: « 2007-2008 թվականների ընտրությունները նախորդներից տարբերվելու են նրանով, որ դրանց առաջին անգամ մասնակցելու են 18-ը նոր լրացած քաղաքացիները, որոնց վստահորեն կարելի է համարել հետխորհրդային դարաշրջանի սերունդ: Իսկ դա արդեն որակապես այլ կարգի ընտրող է, որը պատկերացում չունի էժան երշիկի, արհմիութենական ուղեգրերի, անվճար կրթության եւ բուժօգնության մասին», - գրում է թերթը՝ շարունակելով. - «Ո’չ ձրի երշիկի խոստումներին, ո’չ ընտրակաշառքին, ո’չ էլ ժողովրդավարության մասին խոսակցություններին այդ 18 տարեկանները չեն հավատում: Միակ բանը, որն իրենց հետաքրքրում է, սեփական շահն է: Եվ դա լավ, առողջ երեւույթ է: Միայն թե պարզ չէ, թե որն է այն քաղաքական ուժը, որն այդ շահը կարտահայտի»:

«Ազգ»-ի մեկնաբանը այսօր մեծացող սերնդի նկարագիրն ու մտածողությունը բնորոշում է այսպես՝ «անվստահելի, խորամանկ, օգտապաշտական, կեղծ, եսասիրական»: «Նրանցից շատերը սպառողական հոգեբանությամբ, ապազգային եւ ապամարդկային մտածողությամբ են ապրում», - բնորոշում է «Ազգ»-ը:

Իրավապաշտպան Վարդան Հարությունյանը «Հայկական ժամանակ»-ում գրում է. - «Վերականգնվեցին սովետական տոները, նորից դարձանք Ռուսաստանի հարավային ֆորպոստ, պաշտոնապես նշվում է չեկիստի օրը, ընտրություններն այլեւս ձեւական են, ինչպես հնում` թեկնածուները որոշվում ու հաղթում են, եւ լավագույնը մեկ թեկնածուից բաղկացած ընտրությունն է, իսկ պետությունը՝ օրվա իշխանավորը»: «Ապրում ենք սովետական բարքերով ու սովետական մտածողությամբ ոչ սովետական հռչակված երկրում», - ձեւակերպում է իրավապաշտպանը: - «Այս ֆոնին բացատրելի են եւ այն լարվածությունը, որով բոլորը սպասում են խոստացված հեղափոխությանը եւ այս իրականության ավարտին, ինչպես սպասում էին սովետների տապալմանը»:

«Իմ դժգոհությունը, իմ զայրույթն եմ արտահայտում, որ Հայաստանի ղեկավարությունը կտրականապես եւ շիտակ չի հայտարարում, որ մենք հավերժ Ռուսաստանի հետ ենք: Այդպես շարունակել՝ կնշանակի նպաստավոր պայմաններ ստեղծել զանազան գունավոր հեղափոխությունների համար», - «Հայոց աշխարհ» թերթում հայտարարում է Հայաստանի կոմկուսի առաջին քարտուղար Ռուբեն Թովմասյանը:

«Մեկ կամ երկու հարցազրույցում ԱԺ խոսնակի արտահայտած բարի կամքը բավարար չէ, որպեսզի ՕԵԿ-ին մենք համարենք քաղաքական գործընկեր», - «Առավոտ»-ում շեշտադրում է «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սուրեն Սուրենյանցը: - «ՕԵԿ-ը պետք է ապաշխարի»: Դա է, ըստ Սուրենյանցի, «Հանրապետություն» կուսակցության եւ ՕԵԿ-ի համագործակցության նախապայմաններից մեկը. - «Մենք միանշանակորեն ենք գնահատել 2003-ի իրադարձությունները եւ այսօր ստեղծված իրավիճակը: Եթե ՕԵԿ-ը կապաշխարի այդ իրադարձություններին մասնակցելու համար եւ կվերանայի իր մոտեցումներն այդ խնդիրների շուրջ, միգուցե կարող է նաեւ իր կշիռն ու դերն ունենալ քաղաքական դաշտում եւ Հայաստանի ժողովրդավարացման գործընթացում»:

«Բջջային կապի ոլորտում երկու օպերատորների միջեւ մրցակցությունը գնալով նոր որակ է ստանում՝ սկսվում է բաժանորդներին գրավելու փուլը: Մինչ «Ղ-Տելեկոմ»-ը դեռեւս պատրաստվում է մտնել շուկա, «ԱրմենՏել»-ը որոշել է մասնակիորեն իջեցնել բջջային կապի ծառայության սակագները՝ փորձելով նեղացնել նոր օպերատորի գործունեության դաշտը», - գրում է «Հայոց աշխարհ»-ը՝ տեղեկացնելով, որ հուլիսի 1-ից «իզի» քարտի րոպեավճարի արժեքը 134 դրամից «ԱրմենՏել»-ը իջեցնելու է 99 դրամի:


Հրաչ Մելքումյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG