Մատչելիության հղումներ

Համաշխարհային բանկի փորձագետները բարձր են գնահատել հայաստանյան բարեփոխումները


Երկօրյա այցով Հայաստանում գտնվող Համաշխարհային բանկի փոխնախագահ Շիգեո Կացուին երկրի նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ հանդիպման ընթացքում վերջինիս փոխանցել է Համաշխարհային բանկի անկախ փորձագիտական խմբի բարձր գնահատականը հայաստանյան բարեփոխումների կատարողականի վերաբերյալ:

Երեքշաբթի օրը այցի ավարտին հրավիրած ասուլիսում նույնպես Կացուին շեշտեց, թե վերջին երեք տարիների ընթացքում Հայաստանում «մեծ դրական փոփոխություններ են տեղի ունեցել»:

«Ինձ շատ է տպավորել Հայաստանի իշխանությունների պատրաստակամությունը եւ վճռականությունը հասնել հստակ արդյունքների», - ասաց նա։ - «Երեք տարվա ընթացքում Հայաստանի տնտեսությունը մոտ մեկ երրորդով աճել է, ու դա նկատելի է: Ավելի ինտենսիվ տնտեսական գործունեություն կա, հատկապես՝ մեծ ծավալի շինարարություն»:

Հայաստանյան բարեփոխումները համեմատելով տարածաշրջանի մյուս երկրների հետ, պարոն Կացուին ասաց, թե Վրաստանը ետ է մնացել, ու միայն «վարդերի հեղափոխությունից» հետո է փորձում հասնել Հայաստանին:

«Ինչ վերաբերում է Ադրբեջանին, ապա այդ երկիրը մտնում է մի ժամանակաշրջան, երբ առաջիկա 12-15 տարվա ընթացքում կօգտագործի իր մեծ նավթային պաշարները», - ասաց Կացուին:

Համաշխարհային բանկի երեւանյան գրասենյակի տնօրեն Ռոջեր Ռոբինսոնը այսօրվա ասուլիսում փոխանցեց, թե առաջիկա մեկ տարվա ընթացքում Հայաստանը Համաշխարհային բանկի օժանդակությամբ 4 ծրագիր կիրականցնի, որոնց ընդհանուր արժեքը 60 միլիոն դոլար է։ Ծրագրերը հիմնականում վերաբերում են կրթության, առողջապահության, սոցիալական եւ կառավարման բնագավառների բարեփոխումներին։

Թե’ Հայաստանը եւ թե’ Թուրքիան Համաշխարհային բանկի հաճախորդներ են: Հարցին, թե Համաշխարհային բանկը չի՞ պատրաստվում ազդել Թուրքիայի վրա, որպեսզի վերջինս վերաբացի Հայաստանի հետ սահմանը, բանկի փոխնախագահը պատասխանեց. - «Սահմանների վերաբացումը մեր կազմակերպության իրավասություններից դուրս է, սակայն, մենք կարող ենք օգնել, գնահատումներ կատարել, թե ինչպիսին կլինի սահմանների վերաբացման տնտեսական ազդեցությունը»:


Ատոմ Մարգարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG