Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Առավոտ»-ը գավառական մտածողության ու ազգային սնապարծության հետեւանք է համարում, որ երկար ու ձիգ տարիներ «Հայաստանի քաղաքական մտքի տիտանները չեն կարողանում, կամ չեն ուզում, մի քանի պրիմիտիվագույն նախադասություն խազմզել սահմանադրական բարեփոխումներ կոչված բազմաչարչար փաստաթղթի մեջ, ինչի պատճառով շարունականաբար անհարմար վիճակում ենք հայտնվում եվրոպական զանազան ատյանների առջեւ»:

«Իրավունք» թերթի հայացքով, անգամ եթե «ընդդիմությունը ի վիճակի չլինի իրագործել հեղափոխութուն ներքեւից, դեռեւս չի նշանակում, որ հեղափոխական փոփոխություններ չեն լինի»: Նկատելով, թե Մարդու իրավունքների պաշտպան Լարիսա Ալավերդյանը ինքն իրեն իշխանական համակարգից դուրս է բերել եւ վաստակել իշխանական ամբողջ վերնախավի բուռն զայրույթը՝ «Իրավունք»-ը առանձնացնում է եւ Արթուր Բաղդասարյանին. - «Հաջորդ թեկնածուն, որը դեպքերի տրամաբանությամբ կարող է հետագայում դուրս գալ համակարգի թելադրած խաղի կանոններից, դա Ազգային ժողովի խոսնակ Արթուր Բաղդասարյանն է, ով արդեն իսկ այսօր հանդես է գալիս համակարգի համար անընդունելի դրույթների պաշտպանությամբ: Մասնավորապես՝ պնդում է, որ սահմանադրական փոփոխությունների փաթեթում պետք է ընդունվեն Վենետիկի հանձնաժողովի առաջարկած բոլոր շտկումերը, այդ թվում եւ գործող համակարգի համար մահացու վտանգ ներկայացնող դրույթը՝ Երեւանի քաղաքապետի ընտրովիության վերաբերյալ»:

Հեղափոխության հնավորությունները քննարկող թերթից «Ազգ»-ը, զուգահեռներ անցկացնելով Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, վերլուծում է. - «Ալիեւի հնարավոր տապալումն առաջին հերթին հարված կլինի Ռոբերտ Քոչարյանի համար, քանի որ Հայաստանի նախագահը կմնա Անդրկովկասում ընտրական կեղծիքները հանդուրժող միակ առաջնորդը: Հետեւաբար Երեւանի համար Ադրբեջանում հնարավոր իշխանափոխությունը չպիտի ցանկալի լինի»: «Եթե հարեւան Ադրբեջանում ժողովրդավարության պակասը կամ բացակայությունը փոխհատուցվում է կասպյան նավթով, ապա Հայաստանն Արեւմուտքի համար գրավիչ լինելու այլ ռեսուրս չունի, քան ժողովրդավարությունը», - գրում է մեկնաբանը: - «Իրական ժողովրդավարության հաստատումը Հայաստանում պետք է հետաքրքրի մեզ՝ շարքային քաղաքացիներիս, որովհետեւ ամեն քայլափոխի ոտնահարվում են մե'ր իրավունքները, յուրաքանչյուր ընտրության մե'ր քվեներն են առեւանգվում, եւ ամեն քայլափոխի կհանդիպենք ապօրինությունների ու սափրած գլուխների»:

«Չորրորդ իշխանություն»-ը, անդրադառնալով ընդդիմության մի շարք առաջնորդների՝ օրերս հայտնած դիրքրոշումներին, բխեցնում է. - «Ընդդիմությունը կոնկրետ քայլերի իրականացման պարզ ծրագիր անգամ չունի, եւ Հայաստանում իրական ժողովրդավարություն հաստատելու պահանջարկ առայժմ միայն հասարակության շրջանում է գերիշխում, եւ ոչ թե ընդդիմության շարքերում»:

«Հեղափոխության կանխատեսումները որպես քաղաքական ասպարեզում մնալու եղանակ» վերնագրի ներքո «Հայոց աշխարհ»-ը մատուցում է. - «Շարունակաբար խոստացվող, բայց այդպես էլ իրականություն չդարձող «մոտալուտ» հեղափոխությունների ու իշխանափոխությունների պարբերական ձախողման գաղտնիքը թաքնված է հենց երկրի ներսում... Մեզանում ուղղակի գոյություն չունեն ոչ միայն հեղափոխական ցնցումների օբյեկտիվ նախադրյալներ, այլեւ շատ թե քիչ լուրջ ընդդիմադիր ուժեր»:

«Հանրապետություն» կուսակցության ղեկավարին շատ ավելի հեշտ է օվկիանոսի մյուս կողմից ներկայանալ որպես գունավոր հեղափոխության առաջնորդ, քան այստեղ՝ տեղում բացատրել, թե ինչու հերթական անգամ չիրագործեց խոստացած հեղափոխությունը», - ասես լրացնում է «Գոլոս Արմենիի»-ին:

«Հայկական ժամանակ»-ը, ներկայացնելով Գլենդեյլում Արամ Սարգսյանի հանդիպումը հայ համայնքի ներկայացուցիչների հետ, գրում է. - «Դահլիճում ներկաները չափազանց տպավորվել են Արամ Սարգսյանի ելույթից, սական նրանցից շատերը սկսել են արտասվել, երբ Արամ Սարգսյանը հայտարարել է, որ Հայաստանում ծիրանը հասել է»:



Հրաչ Մելքումյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG