Մատչելիության հղումներ

Հայոց ցեղասպանության մասին բանաձեւը կրկին քննարկվելու է ԱՄՆ Կոնգրեսում


Եվս մի քանի շաբաթ եւ Միացյալ Նահանգների Կոնգրեսում կրկին կքննարկվի Հայոց Ցեղասպանության ճանաչման վերաբերյալ բանաձեւը, որի հեղինակն է դեմոկրատ կոնգրեսական Ադամ Շիֆը:

Կոնգրեսականը բանաձեւ ներկայացնելու իրավունք ստացել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի միջազգային հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Հենրի Հայդից:

«Առաջիկա շաբաթների ընթացքում Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի միջազգային հարաբերությունների հանձնաժողովում ներկայացնելու եմ նոր բանաձեւ՝ Հայոց ցեղասպանության ճանաչման մասին», - «Ազատություն» ռադիոկայանի հետ բացառիկ հարցազրույցում նշեց կոնգրեսական Շիֆը:

Բոլոր այն կոնգրեսականները, ովքեր փորձում էին ցեղասպանությունը ճանաչող բանաձեւ ներկայացնել համապատասխան հանձնաժողովներում, չէին կարողանում ներկայացնել այն՝ ապահովելով քննարկում ու քվեարկություն:

Երեկ ձեռք բերված համաձայնությունը հնարավորություն կտա կոնգրեսական Շիֆին քննարկում եւ քվեարկություն անցկացնել իր հեղինակած բանաձեւի շուրջ: Վերջին անգամ նման քվեարկություն միջազգային հարաբերությունների հանձնաժողովում տեղի է ունեցել հինգ տարի առաջ:

Մինչ այդ հայկական հարցերով կոնգրեսական խմբի անդամ Ադամ Շիֆը երկու օրենսդրական լրամշակում էր ներկայացրել Հայոց ցեղասպանության վերաբերյալ: Դրանցից մեկը արձանագրում էր Հայոց ցեղասպանության իրողությունը, մյուսը՝ դատապարտում Թուրքիայի կողմից Հայաստանի շրջափակումը:

Կոնգրեսի հանձնաժողովը, սակայն, հրաժարվել էր քննարկել օրենսդրական լրամշակումները: Ադամ Շիֆը համաձայնել էր հանել իր լրամշակումները՝ պայմանով, որ Կոնգրեսի միջազգային հարաբերությունների հանձնաժողովը ընդունի իր մշակած նոր բանաձեւը:

Կոնգրեսականը բացատրեց, որ այդ համաձայնությունը չի երաշխավորում հանձնաժողովի նախագահի կամ անդամների աջակցությունը: Սակայն, վերջին հինգ տարվա ընթացքում խոչընդոտը հենց լսումներ եւ քվեարկություն անցկացնելու հնարավորություն ստանալն էր:

«Այս հնարավորությունն արդեն տրված է», - ասաց կոնգրեսական Ադամ Շիֆը:

«Բանաձեւը ներկայացնելու է Հայոց ցեղասպանության պատմությունը, նշվելու է, որ անցած դարի առաջին ցեղասպանության ընթացքում ծրագրված կերպով մեկ եւ կես միլիոն հայեր են սպանվել: Բանաձեւում նշվելու է նաեւ, որ Կոնգրեսը ճանաչում է ցեղասպանությունը», - հայտնեց Ադամ Շիֆը:


Հրայր Թամրազյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG