Մատչելիության հղումներ

Ֆրանսիայի Պլեսի-Ռոբենսոն քաղաքում բացվել է զորավար Անդրանիկի արձանը


Հունիսի 4-ին Փարիզի մերձակայքում գտնվող Պլեսի-Ռոբենսոն քաղաքի կենտրոնական զբոսայգում Հայաստանի դեսպան Էդվարդ Նալբանդյանը եւ Ֆրանսիայի Ազգային Ժողովի պատգամավոր, Պլեսի-Ռոբենսոնի քաղաքապետ Ֆիլիպ Պեմզեկը հանդիսավորությամբ բացել են զորավար Անդրանիկի արձանը։

Հայոց Ցեղասպանության 90-ամյակին նվիրված միջոցառումների կազմակերպման պետական հանձնաժողովի մամլո կենտրոնի փոխանցմամբ, հուշարձանը Պլեսի-Ռոբենսոն քաղաքին է նվիրել Երեւանի Արաբկիրի թաղապետարանը: Միջոցառմանը մասնակցելու համար Երեւանից ժամանել էր Արաբկիրի թաղապետարանի պատվիրակությունը՝ թաղապետ Լեւոն Հարությունյանի գլխավորությամբ։

Դեսպան Նալբանդյանը նշել է, որ ազգային հերոս զորավար Անդրանիկի արձանն ավելանում է Ֆրանսիայի քաղաքներում ու շրջաններում Հայաստանին եւ հայ ժողովրդին նվիրված հարյուրից ավելի հուշակոթողներին, փողոցներին ու հրապարակներին, որոնք յուրահատուկ ձեւով խորհրդանշում են Հայաստանի եւ Ֆրանսիայի միջեւ հաստատված մեծ բարեկամությունը եւ հարաբերությունների ջերմությունն ու խորությունը։

Հուշարձանի բացման արարողությանը, որը նվիրված էր Հայոց ցեղասպանության 90-ամյակին, ներկա են եղել նախկին նախարար Պատրիկ Դեւեջյանը, Ֆրանսիայի պետական ու քաղաքական գործիչներ, սենատորներ, պատգամավորներ, Փարիզյան շրջանի պրեֆեկտը, հայ համայնքի հարյուրավոր ներկայացուցիչներ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG