Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


(Շաբաթ, 4-ը հունիսի)

Համադրելով Հայաստանի նախագահի ու Ազգային Ժողովի նախահագի հետ կայացած Վենետիկի հանձնաժողովի ներկայացուցիչների հանդիպումները՝ «Հայկական ժամանակ»-ը գրում է. - «Ըստ ԱԺ նախագահի, Երեւանի քաղաքապետի պաշտոնը միանշանակ ընտրովի պետք է լինի: Իսկ Ռոբերտ Քոչարյանն առաջարկել է այդ դրույթն ընդհանրապես հանել Սահմանադրությունից եւ թողնել օրենքի կարգավորմանը»: «Արթուր Բաղդասարյանը միանշանակ պնդել է, որ եթե Սահմանադրությամբ երաշխավորված չէ իշխանությունների հստակ տարանջատումը, ապա մենք չենք կարող խոսել իրական ժողովրդավարական բարեփոխումների մասին, եւ այն ուժերը, որ այսօր խոսում են ժողովրդավարության զարգացման մասին, պիտի նախանձախնդիր լինեն, որ իշխանության որեւէ թեւում գերլիազորություններ չկուտակվեն: Սրան հակառակ Քոչարյանը Բուքիքիոյին բոլորովին այլ բաներ է ասել», - գրում է թերթը՝ մեջբերելով Վենետիկի հանձնաժողովի փորձագետի պատասխանը. - «Խոսելով իշխանության թեւերի միջեւ հավասարակշռության եւ տարանջատման մասին՝ նախագահն ասաց, որ Հարավային Կովկասի երկրներում մարդկանց անհրաժեշտ են հզոր ղեկավարներ»:

Նույն թերթը ներկայացնում է նաեւ Արթուր Բաղդասարյանի ու «Հանրապետություն» ընդդիմադիր կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանի միմյանց վերաբերյալ արտահայտած կարծիքները: «Արամ Սարգսյանի համար իշխանական բուրգի միակ դեմոկրատական ուժն ԱԺ նախագահն է, եւ հարցին, թե հնարավո՞ր է ընդդիմությունը համախմբվի վերջինիս շուրջ, նախօրեին պատասխանել էր, որ դա կախված է Արթուր Բաղդասարյանից», - փոխանցում է «Հայկական ժամանակ»-ը՝ շարունակելով. - «Երեկ էլ ԱԺ նախագահն ասաց. «Ես տպավորված եմ Արամ Սարգսյանի այդ գնահատականից»:

Արթուր Բաղդասարյանը «Հայկական ժամանակ»-ի հարցազրույցում նաեւ ընդգծում է. - «Ես համոզված եմ, որ Հայաստանում անհրաժեշտ են բարեփոխումներ, եւ հեղափոխությունները եւս, ի վերջո, կատարվում են նույն բարեփոխումները կատարելու հիմնավորմամբ: Ես հասկանում եմ այն մարդկանց, ովքեր խոսում են Հայաստանում հեղափոխությունների մասին, նրանք չեն հավատում բարեփոխումների հնարավորությանն ու հաջողությանը»:

Միաժամանակ, նշելով, թե ամեն մի հեղափոխություն ետ է մղում, նշանակում է ցնցումներ՝ Արթուր Բաղդասարյանը բանաձեւում է. - «Մենք պետք է գնանք ոչ թե հեղափոխությունների, այլ իրական բարեփոխումների խորացման ճանապարհով»:

«Հայոց աշխարհ»-ի գնահատմամբ, արմատականների հեղափոխության կոչերն այսօր «ընդամենը արդարացնում են սեփական կազմակերպչական անկարողությունը»:

«Հետխորհրդային երկրների բոլոր քաղաքացիները իսկապես ցանկանում են ժողովրդավարություն, ազատություն, արդար ընտրություններ, կոռումպացված չինովնիկներից եւ նրանց թեւերի տակ հարստացող օլիգարխներից շուտափույթ ազատում», - ընդհանուր հայտարարի է բերում «Առավոտ»-ը: Ըստ թերթի, սակայն, խնդիրն այն է, որ «վարդագույն եւ նարնջագույն հեղափոխություններն այդ խնդիրները չլուծեցին»: «Զգալի արդյունքներ չգրանցած ժողովրդավարական հեղափոխությունների ձախողված փորձը աշխատում է հօգուտ ավտորիտար ռեժիմների», - եզրահանգում է մեկնաբանը՝ շաղկապելով. - «Հայ ժողովուրդը, որը իր առաջին թավշյա հեղափոխությունը ապրեց 15 տարի առաջ, հասցրե՛ց «հագենալ» դրա պտուղներից: Ունենալով նման փորձ՝ մեր՝ առանց այդ էլ զգուշավոր եւ պահպանողական ժողովուրդը վերապահումներով է մոտենում ցանկացած կտրուկ փոփոխությունների: Իսկ հիմա արդեն աչքի առաջ ունենալով վերոհիշյալ խրտվիլակը` մեր ժողովուրդը կարող է առհասարակ հրաժարվել իր երկրում ինչ-որ բան փոխելու մտադրությունից»:

«Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի երկու տասնյակից ավելի պատգամավորներ դիմել են ԵԽԽՎ ղեկավարությանը հունիսյան լիագումար նիստում Հայաստանում սահմանադրական բարեփոխումների ընթացքը որպես հրատապ հարց քննարկելու առաջարկով», - «Հայկական ժամանակ»-ին փոխանցել է Շավարշ Քոչարյանը: Թերթը շարունակում է. - «Չնայած պատվիրակության իշխանամետ անդամները Շավարշ Քոչարյանին են մեղադրում այդ ստորագրահավաքը հրահրելու մեջ, սակայն վերջինս ասել է, որ ինքը մեղավոր չէ»:

«Մեր արմատականները ժողովրդին կոչ արեցին հանրաքվեում վճռական ՈՉ ասել սահմանադրական փոփոխություններին եւ լրացումներին: Մինչեւ հանրաքվեն այդ փաթեթը դեռ անցնելու է երկրորդ, երրորդ ընթերցմամբ: Ինչո՞ւ արմատականները այսքան շտապեցին», - այս հարցադրումով «Գոլոս Արմենիի»-ն գրում է. - «Մինչեւ Եվրախորհրդում Ադրբեջանի հարցի քննարկումը, հերթական անգամ Հայաստանը զոհ է դառնում հավասարակշռելու քաղաքականությանը: Եվ ընդհանուր առմամբ, ըստ թերթի, «Հայաստանի ընդդիմությունը ծառայում է ուրիշների հետաքրքրություններին»:

«Հակառակ հաճախակի հնչող կանխատեսումների, թե ԱՊՀ կառույցը քայքայման եզրին է, եւ պետք է ընդամենը նրա հուղարկավորությունը կազմակերպել, ընդհանուր առմամբ վարչապետները լավատեսություն արտահայտեցին՝ ասելով, որ նույնիսկ գունավոր հեղափոխություններ ապրած Վրաստանն ու Ուկրաինան որեւէ տարաձայնություն չեն ունենա մյուս երկրների հետ: Թբիլիսիում 12 երկրների վարչապետները նախանշեցին համագործակցության նոր լեյտմոտիվ` գործողությունների ակտիվացում գլխավորապես տնտեսական ասպարեզում», - ամփոփում է ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարների թբիլիսյան նիստը լուսաբանած «Ազգ»-ի թղթակիցը: «Հայոց աշխարհ»-ում էլ ընդգծված-վերնագրված է. - «ԱՊՀ-ի մահվան մասին լուրերը խիստ չափազանցված են»:


Հրաչ Մելքումյան

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG