Մատչելիության հղումներ

Հասարակածային Գվինեայի նախագահը ներում է շնորհել հայ օդաչուներին


Հասարակածային Գվինեայի նախագահ Թեոդորո Օբիանգ Նգուեման կիրակի օրը ներում է շնորհել 6 հայաստանցի օդաչուներին, ովքեր պետական հեղաշրջման փորձին մասնակցելու համար աֆրիկյան այս երկրում դատապարտվել էին երկարատեւ ազատազրկման:

«Ֆրանսպրես» գործակալության փոխանցմամբ, ներումը շնորհվել է որպես մարդասիական քայլ՝ նախագահ Նգուեմայի 63-ամյակի կապացությամբ, որը Հասարակածային վինեայում նշվում է որպես ազգային տոն:

Հասարակածային Գվինեայի նախագահի հրամանագրի համաձայն, 6 հայ օդաչուները պետք է անմիջապես ազատ արձակվեն եւ «հանձնվեն լիազորված իշխանություններին, որոնք կհետեւեն, որ օդաչուները տեղափոխվեն Հայաստան»:

Անցած տարվա մարտին հայ օդաչուները ձերբակալվել էին, իսկ նոյեմբերին դատապարտվել 14-ից 24 տարվա ազատազրկման՝ Հասարակածային Գվինեայի նախագահի դեմ հեղաշրջման փորձին մասնակցելու մեղադրանքով:

Նույն մեղադրանքն էր ներկայացվել նաեւ Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Մարգրետ Թետչերի որդուն՝ Մարկ Թետչերին, որը Հարավային Աֆրիկայում իրեն մեղավոր էր ճանաչել միայն այդ երկրի օրենքները խախտելու համար եւ շուրջ կես միլիոն դոլարի տուգանք վճարել:

Հայաստանցի օդաչուները, որոնք հայկական օդանավով Հասարակածային Գվինեա էին ժամանել 2004 թվականի հունվարին, մինչեւ ձերբակալությունը հասցրել էին ընդամենը մեկ թռիչք կատարել դեպի Կոնգոյի դեմոկրատական հանրապետություն:

Հայաստանցի օդաչուների ազատ արձակման համար ջանքեր էին գործադրում Հայաստնաի իշխանությունները եւ Համաշխարհային հայկական կոնգրեսի եւ Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը:


Արմեն Դուլյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG