Մատչելիության հղումներ

«Թայմ»-ի տարածած տեսասկավառակը հերքում է Հայոց ցեղասպանությունը


Այսօր լույս տեսած «Թայմ» ամերիկյան հեղինակավոր հանդեսի վերջին համարին կցված տեսասկավառակում /DVD/ հերքվում է Հայոց ցեղասպանությունը:

Թուրքիայում պատրաստված տեսասկավառակը «Թայմ»-ի բաժանորդներին տեղեկացնում է, որ 1915 թվականին 0սմանյան Թուրքիայում կատարվածը ոչ թե ցեղասպանություն էր, այլ տեղահանություն, որի ընթացքում Թուրքիայի կառավարությունը օրապահիկ է տվել տեղահանված հայերին եւ հաճախ նրանք կերակրվել են ավելի լավ, քան նրանց ուղեկցող թուրք զինվորները: Ֆիլմի հեղինակները Թուրքիայի ներքին գործերի նախկին նախարար Թալեաթ փաշային ներկայացրել են որպես ազգային հերոս:

Ադրբեջանի ներկայացուցիչը կինոնկարում պնդում է, թե «հայերը, որոնք ժամանակին կոտորել են թուրքերին, այժմ կոտորում են ադրբեջանցիներին»: Տեսասկավառակում ասված է, որ հայերը կռվել են Հիտլերի բանակում, իսկ հետո ահաբեկչություն իրականացրել թուրք դիվանագետների դեմ:

«Թայմ»-ի տարածած ֆիլմի հեղինակները ցույց են տալիս թուրքերի «եղբայրական գերեզմաններ» եւ եզրակացնում. - «Նրանք, ովքեր պնդում են, թե ցեղասպանության են ենթարկվել, իրենք են իրագործել ցեղասպանություն»:

Անկարայի առեւտրի պալատի նախագահ Սինան Այգունը նախօրեին հայտնել է, որ ֆիլմի պատրաստման համար անհրաժեշտ 1 միլիոն դոլարը ստացվել է նվիրատվությունների ձեւով, իսկ այն «Թայմ» հանդեսի միջոցով տարածելու համար աշխատանք է տարվել մոտ կես տարի:

«Թայմ» շաբաթականի տարածած այս ֆիլմը շաբաթվա ընթացքում կստանան կես միլիոն եվրոպացիներ:


Արմեն Դուլյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG