Մատչելիության հղումներ

Լրագրողը ձերբակալվել է շանտաժի մեղադրանքով


Հինգշաբթի օրը Հայաստանի գլխավոր դատախազությունը տարածած հաղորդագրությամբ տեղեկացրել է, որ շանտաժի եւ դրամաշորթության մեղադրանքով ձերբակալվել է ազատ լրագրող Թերեզա Ասատրյանը:

Դատախազության հաղորդագրության մեջ նշվում է, որ Թերեզա Ասատրայնը Վանաձորի նոտարական տարածքի նոտար Արուսյակ Ազարյանից պահանջել է 3500 դոլար՝ նրան դատի չտալու խոստումի դիմաց:

Ըստ Արուսյակ Ազարյանի, լրագրողը իրեն ասել է, թե իբր Հայաստանի ազգային ավտանգության ծառայությունում Ազարյանի դեմ քրեական գործ են պատրաստվում հարուցել, եւ սպառնացել է այդ մասին հոդված գրել թերթում:

Ազարյանը նաեւ հայտնել է, թե Թերեզա Ասատրյանին 1000 ԱՄՆ դոլար է տվել մայիսի 17-ին՝ ազգային անվտանգության ծառայությանը դիմելու որոշում կայացնելուց մի քանի օր առաջ:

«Մայրս տառապում է սրտի ծանր հիվանդությամբ, եւ ես կարծում էի, որ նա կարող է մահանալ, եթե ինձ ձերբակալեն», - «Ազատություն» ռադիոկայանին ասել է Արուսյակ Ազարյանը:

Թերեզա Ասատրյանի պաշտպան Անժելա Հոգոսյանը, մինչդեռ, հերքել է վանաձորցի նոտարի մեղադրանքները եւ ներկայացրել կատարվածի իր վարկածը:

Նրա խոսքերով, Ազարյանի մեղադրանքները նպատակ ունեն խանգարել իր պաշտպանյալի կողմից Վանաձորում աղմկահարույց սպանության հետ նոտարի կապը հաստատող հոդվածի հրապարակմանը:

Անցյալ տարվա հուլիսին քրեական շրջանակներում որոշակի հեղինակություն վայելող վանաձորցի Գոգա Առաքելյանի սպանության մանրամասները մինչեւ օրս բացահայտված չեն:

Ձերբակալված Թերեզա Ասատրյանի հոդվածը պետք է հրապարակվեր խիստ հակաիշխանական կեցվածք ունեցող «Չորրորդ իշխանություն» թերթում: Թերթի գործադիր տնօրեն Մհեր Ղալեչյանի խոսքերով, անցյալ շաբաթ Թերեզա Ասատրյանը կապվել է թերթի հետ եւ առաջարկել հոդված գրել Վանաձորում տեղի ունեցած սպանության թեմայով:

«Ըստ Թերեզայի, Ազարյանը զանգահարել է Գոգա Առաքելյանին եւ պայամանավորվել 10 րոպե հետո հանդիպել որոշակի վայրում: 10 րոպե անց այդտեղ Առաքելյանը սպանվել է», - «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց Ղալեչյանը՝ ավելացնելով, թե Արուսյակ Ազարյանը Թերեզա Ասատրյանին սպառնացել է կալանքով՝ ներկայանալով որպես Գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի մտերիմ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG