Մատչելիության հղումներ

Հայաստանի եւ Վրաստանի վարչապետները պայմանավորվել են հանդիպել Ջավախքում


Հունիսի 2-3-ը Թբիլիսիում կայանալիք ԱՊՀ անդամ պետությունների կառավարությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստին մասնակցելու նպատակով չորեքշաբթի օրը Վրաստան էր մեկնել Հայաստանի վարչապետ Անդրանիկ Մարգարյանի գլխավորած պատվիրակությունը:

Ինչպես տեղեկացնում է կառավարության տեղեկատվության եւ հասրակայնության հետ կապերի վարչությունը, ժամանումից անմիջապես հետո Հայաստանի պատվիրակությունը մեկնել է Վրաստանի կառավարության շենք, որտեղ կայացել է Անդրանիկ Մարգարյանի եւ Վրաստանի վարչապետ Զուրաբ Նողաիդելու շուրջ մեկ ժամ տեւած առանձնազրույցը:

Երկու երկրների վարչապետները քննարկել են առեւտրատնտեսական հարաբերությունների, տրանսպորտի ոլորտում, Հայաստանին Վրաստանի պետական պարտքի կարգավորման, հայ-վրացական պետական սահմանի սահմանաբաժան գծերի հստակեցման (դեմարկացման), էներգետիկայի բնագավառում նոր ուղղություններով համագործակցության վերաբերյալ հարցերը:

Վարչապետները հանգամանորեն քննարկել են Հայաստան-Վրաստան նոր բարձրավոլտ էլեկտրական գծի կառուցման խնդիրը: Վարչապետ Զուրաբ Նոգաիդելին վերահաստատել է Իրան-Հայաստան գազամուղի հետ կապված Վրաստանի մասնակցության շահագրգռությունը, ինչին ի պատասխան Անդրանիկ Մարգարյանը նշել է, թե դեռեւս իրագործվում է նախագծի առաջին փուլը, սակայն ապագայում հայկական կողմը չի բացառում այդ առաջարկի ուղղությամբ Վրաստանի հետ քննարկումների անցկացումը:

Հանդիպմանը անդրադարձ է եղել նաեւ Վրաստանում բնակվող հայկական համայնքի, մասնավորապես, ջավախահայության հիմնահարցին: Զուրաբ Նոգաիդելին վերահաստատել է Վրաստանի ղեկավարության մտադրությունը՝ Սամցխե-Ջավախեթիի տարածաշրջանի սոցիալ-տնտեսական վիճակի բարելավման ծրագրի իրականացման վերաբերյալ:

Զուրաբ Նոգաիդելին եւ Անդրանիկ Մարգարյանը պայմանավորվել են հաջորդ անգամ աշխատանքային հանդիպում ունենալ Ջավախքում, որը կկայանա առաջիկա հուլիս կամ օգոստոս ամիսներին:

Հինգշաբթի օրը նախատեսվում է վարչապետ Անդրանիկ Մարգարյանի հանդիպումը Վրաստանի խորհրդարանի նախագահ Նինո Բուրջանաձեի հետ, որից հետո վարչապետի աշխատանքային այցը կշարունակվի ԱՊՀ անդամ պետությունների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստի ծրագրով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG