Մատչելիության հղումներ

Ջորջ Բուշ. «Հայաստանը մեծ առաջընթաց է իրականացրել վերջին 15 տարիների ընթացքում»


Ամերիկայի Միացյալ Նահանգներում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Թաթուլ Մարգարյանն իր հավատարմագրերն է հանձնել ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշին: Ինչպես տեղեկացնում է արտգործնախարարության մամլո ծառայությունը, արարողության ընթացքում տեղի է ունեցել ուղերձների ավանդական փոխանակում հայ-ամերիկյան հարաբերությունների ներկա վիճակի եւ հեռանկարի վերաբերյալ:

Թաթուլ Մարգարյանի խոսքում բարձր է գնահատվել հայ-ամերիկյան հարաբերությունների ներկայիս մակարդակը, նշվել է, թե «դրանց զարգացման հիմքում մեր երկու պետությունների ընդհանուր շահերն են, ժողովուրդների բարեկամությունը եւ արժեհամակարգերի ընդհանրությունը»:

Շնորհակալություն հայտնելով անկախությունից ի վեր Հայաստանին ցուցաբերված օժանդակության համար, դեսպանը մատնանշել է հայ-ամերիկյան համագործակցության կարեւորությունը քաղաքական, ռազմական եւ առեւտրատնտեսական ոլորտներում եւ հայտնում է ԱՄՆ հետ գործընկերություն ծավալելու Հայաստանի իշխանությունների պատրաստակամությունը:

ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշը բարձր է գնահատել Հայաստանի հետ բարեկամությունը՝ նշելով, որ երկու երկրները կապված են բացառիկ պատմության շնորհիվ:

«1991 թվականի Հայաստանի անկախացումից ի վեր մենք միասին ենք աշխատել ժողովրդավարական հաստատությունների եւ հարաճուն տնտեսության ստեղծման ուղղությամբ, որպեսզի Հայաստանը վերակառուցվեր եւ վերացներ 1988թ. աղետալի երկրաշարժի, Խորհրդային Միության փլուզման եւ Լեռնային Ղարաբաղի հարցով սահմանակից Ադրբեջանի հետ ավերիչ պատերազմի հետեւանքները», - նշվում է ԱՄՆ նախագահի ուղերձում:

«Հայաստանն այնքան մեծ առաջընթաց է իրականացրել վերջին 15 տարիների ընթացքում, որ ընդգրկվել է «Հազարամյակի մարտահրավերների» օգնության ծրագրում: Խորապես գնահատում եմ ահաբեկչության դեմ համաշխարհային պատերազմի ընթացքում Հայաստանի կողմից տրամադրված օժանդակությունը, ինչպես նաեւ Հայաստանի կողմից Իրաքում կայուն եւ ժողովրդավարական պետության կայացման անցումային շրջանին աջակցելու նպատակով ուժերի գործուղումը», - ասվում է նախագահ Բուշի խոսքում:

Ջորջ Բուշը մեկ անգամ եւս հաստատել է ԱՄՆ պատրաստակամությունը օժանդակելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության եւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG