Մատչելիության հղումներ

«Հայաստանի սահմանադրության նախագիծն արմատական փոփոխությունների կարիք ունի»


Ինչպես տեղեկացրել է Հայաստանում Եվրախորհրդի տեղեկատվական գրասենյակը, անցած շաբաթավերջին Եվրախորհրդի Վենետիկի հանձնաժողովը գնահատել է Հայաստանի Ազգային Ժողովի կողմից մայիսի 11-ին առաջին ընթերցմամբ ընդունված սահմանադրական բարեփոխումների նախագիծը:

«Վենետիկի հանձնաժողովի Հայաստանի սահմանադրական բարեփոխումների աշխատանքային խումբն իր խորին անբավարարվածությունն է արտահայտել այս փաստաթղթի կապակցությամբ, քանի որ Հանձնաժողովի մեկնաբանությունների մեծ մասը հաշվի չեն առնվել, մասնավորապես` նախագահի եւ խորհրդարանի իշխանությունների միջեւ հավասարակշռությանը (ինչն առավել ուժեղ դեր էր ենթադրում Ազգային ժողովի համար), դատական համակարգի անկախությանը եւ Երեւանի քաղաքապետի ընտրությանը (նախագահի կողմից նշանակման փոխարեն) վերաբերող առաջարկները», - ասված է եզրակացության մեջ:

«Սահմանադրական փոփոխությունների նախագիծը պետք է արմատականորեն վերանայվի մինչեւ երկրորդ ընթերցմամբ ընդունվելը», - ասել է Վենետիկի հանձնաժողովի անդամ Կաարլո Տուորին Ֆինլանդիայից:

Աշխատանքային խմբի անդամները նաեւ նշել են, որ «եթե փաստաթուղթն ամբողջովին չարտացոլի Վենետիկի հանձնաժողովի կարծիքը, սահմանադրական բարեփոխումների ողջ գործընթացը Հայաստանին չի մոտեցնի եվրոպական արժեքներին եւ չի նպաստի հետագա եվրոպական ինտեգրման նպատակի իրականացմանը»:

Վենետիկի հանձնաժողովի աշխատանքային խմբի ներկայացուցիչները հունիսի 2-ին կժամանեն Հայաստան` իշխանությունների հետ վերոհիշյալ խնդիրները քննարկելու նպատակով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG