Մատչելիության հղումներ

ԱՄՀ-ն նոր վարկային ծրագրով Հայաստանին կհատկացնի շուրջ 34 միլիոն դոլար


Առաջիկա երեք տարիներին Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) Հայաստանին շուրջ 34 միլիոն դոլար արտոնյալ վարկ կհատկացնի՝ Աղքատության կրճատման եւ տնտեսական աճի աջակցման ծրագրի շրջանակներում։

ԱՄՀ երեւանյան գրասենյակի տնօրեն Ջեյմս ՄըքՀյուն ուրբաթ օրը լրագրողներին փոխանցեց, որ Արժույթի միջազգային հիմնադրամի տնօրենների խորհուրդը արդեն հաստատել է նոր վարկային ծրագիրը Հայաստանի համար։

Արժույթի հիմնադրամի ներկայացուցիչը այսօրվա ասուլիսում վերահաստատեց իր զորակցութունը Կենտրոնական բանկի կողմից արժույթի փոխանակման կետերի նկատմամբ վարվող կոշտ քաղաքականությանը։

Վերջերս Հայաստանի Կենտրոնական բանկը ստուգումների արդյունքում միայն մայրաքաղաքում 17 փոխանակման կետեր փակեց։ ՄըքՀյուն նորմալ է համարում Կենտրոնական բանկի նման կտրուկ քայլերը, երբ փոխանակման կետերում տեղի են ունենում կանխիկ փողով մեծ գործարքներ: Նրա խոսքերով, փոխանակման կետերը սոսկ ստվերային գործարքների վերջին՝ տեսանելի փուլն են։

«Հիմնական խնդիրն այն է, որ մասնավոր հատվածի շատ ներկայացուցիչներ չեն ցանկանում հարկ վճարել ու դա անելու ամենահեշտ ձեւը կանխիկով աշխատելն է», - բացատրեց նա՝ ուղղակիորեն ակնարկելով, որ այդ կերպ խոշոր գումարներ են լվացվում։

Մի խոսքով, դոլարն արժեզրկվում է, քանի որ մեծ ստվերային տնտեսություն կա։ Այս բացատրությունն, անշուշտ, մոտ է իրականությանը, թեեւ, Կենտրոնական բանկը շարունակ պնդում է, թե դոլարն արժեզրկվում է, քանի որ դրսից մեր հայրենակիցները ամեն տարի աստղաբաշխական գումարներ են ուղարկում Հայաստան։

Ջեյմս ՄըքՀյուի փոխանցմամբ, նոր եռամյա վարկային ծրագրի անկյունաքարը Հայաստանում հարկերի հավաքագրման մակարդակը բարձրացնելն է։

«Ես գտնում եմ, որ մեր ծրագիրը անդրադառնում է հարկերից խուսափելու պրոբլեմի լուծմանը շատ վճռական կերպով», շեշտում է հիմնադրամի ներկայացուցիչը։

Անցյալ տարի, մինչդեռ, Հայաստանում հնարավոր է եղել հավաքել Համախառն ներքին արդյունքի ընդամենը 15,6 տոկոսին հավասար գումար։ Դա շատ ցածր է ցուցանիշ է։ Ընդ որում, վերջին տարիներին Հայաստանում հարկերի հավաքման մակարդակը գրեթե չի բարձրացել։

Արժույթի միջազգային հիմնադրամի վարկերը աղքատ երկրներին տրվող արտոնյալ վարկեր են՝ տարեկան 0,5 տոկոս տոկոսադրույքով ու մարման 10 տարվա ժամկետով։


Ատոմ Մարգարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG