Մատչելիության հղումներ

Lycos Europe ընկերությունը աշխատակիցների մի մասին առաջարկել է տեղափոխվել Հայաստան


Եվրոպական առաջատար ինտերնետային ընկերություններից մեկը՝ Lycos Europe-ը, ըստ հաղորդագրությունների, ծրագրում է մի քանի տասնյակ համակարգչային ծրագրավորողների տեղափոխել Հայաստան:

Ֆրանսիական լրատվամիջոցների փոխանցմամբ, ընկերությունը ծրագրում է կրճատել Փարիզի մասնաճյուղի 109 աշխատակիցներից 75-ին եւ նրանցից 34-ին առաջարկել է տեղափոխվել ընկերության հայաստանյան մասնաճյուղ՝ ամսական 300- 500 եվրո աշխատավարձով: Մինչդեռ Ֆրանսիայում նրանք ստանում են 2,5-3,5 հազար եվրո:

«Ես կարծում եմ, կյանքն այնտեղ ավելի էժան է», - «Ֆրանս Պրես» գործակալության փոխանցմամբ, ասել է ընկերության ղեկավարներից մեկը՝ ավելացնելով, թե ընկերությունը պատրաստ է հոգալ նաեւ Հայաստան տեղափոխվելու ցանկություն հայտնողների ճանապարհածախսը եւ բնակարանային ծախսերը:

Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի մասնագետները, սակայն, գտնում են, որ նման աշխատավարձը ցածր է անգամ Հայաստանի համար: Նրանց խոսքերով, փորձառու ծրագրավորողները Հայաստանում վաստակում են ամսական շուրջ հազար դոլար:

Lycos Europe-ը, որի ինտերնետային պորտալը մեծ ժողովրդականություն է վայելում ամբողջ Եվրոպայում, Հայաստանում մասնաճյուղ է բացել երեք տարի առաջ: Lycos Armenia կոչվող մասնաճյուղը արագորեն զարգացել է եւ այսօր ունի մոտ 170 աշխատակից՝ հիմնականում ծրագրավորողներ:

Ըստ Lycos Armenia-ի ինտերնետային էջի, նախատեսվում է այս տարվա ընթացքում աշխատողների թիվը հասցնել 220-ի: Lycos Europe-ում, որը մասնաճյուղեր ունի գրեթե բոլոր եվրոպական մայրաքաղաքներում, այսօր աշխատում է շուրջ 900 մարդ:


Ատոմ Մարգարյան եւ Էմիլ Դանիելյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG