Մատչելիության հղումներ

Արամ Սարգսյան. «Իշխանափոխությունը պիտի լինի հանուն ժողովրդավարության»


«Հանրապետություն» կուսակցության առաջնորդ, Հայաստանի նախկին վարչապետ Արամ Սարգսյանը երկուշաբթի օրը ասաց, թե Հայաստանում իշխանափոխությունը «այս անգամ լինելու է հանուն ժողովրդավարության»:

«Այս անգամ իշխանափոխությունը պիտի լինի հանուն ժողովրդավարության», - «Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում ասաց Արամ Սարգսյանը՝ պարզաբանելով. - «Ոչ թե հանուն որեւէ մեկի իշխանության գալու, այլ հանուն ժողովրդավարության... Համաժողովրդական ընդվզումով իշխանափոխություն»:

«Իշխանությունը պիտի փոխվի հեղափոխությամբ, որպեսզի փոխենք արժեքային համակարգը», - ավելացրեց նա: - «Նորմալ երկրներում իշխանությունները փոխվում են ընտրություններով: Հայաստանում ընտրություններով իշխանություն չի փոխվում»:

Արամ Սարգսյանը գալիք ամսվա սկզբին Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության հրավերով մեկնելու է Միացյալ Նահանգներ: Նրա խոսքերով, բացի հայկական համայնքի հետ հանդիպումներից, այցի նպատակներից է նաեւ «որոշակի քաղաքական շփումներ ունենալ Միացյալ Նահանգների տարբեր սենատորների հետ՝ օրենսդրական դաշտի առումով»:

Անցած շաբաթ Միացյալ Նահանգների նախագահ Ջորջ Բուշը հայտարարել էր, թե ողջ Կովկասում եւ Միջին Ասիայում մեծացել են սպասումները՝ կապված փոփոխությունների հեռանկարների հետ: «Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե արդյո՞ք իր այցը տեղավորվում է Միացյալ Նահանգների նախագահի այդ հայտարարության շրջանակներում, Արամ Սարգսյանը պատասխանեց. - «Իսկ ինչո՞ւ ոչ: Նաեւ այդ շրջանակում»:

«Միացյալ Նահանգների, արեւմտյան ժողովրդավարությունից մենք սովորելու շատ բան ունենք», - ավելացրեց նա՝ շարունակելով. - «Արեւմտյան քաղաքակրթությունը միշտ թիկունք կանգնում ժողովրդին եւ դա անվանում է ժողովրդավարություն... Իսկ ռուսները պաշտպանում են Միլոշեւիչին, պաշտպանում են Սադդամ Հուսեյնին, պաշտպանում են Լուկաշենկոյին, պաշտպանում են Քոչարյանին, որին ժողովուրդը ամբողջությամբ մերժում է»:

Նրա խոսքերով, հենց դա է պատճառը, որ Ռուսաստանը պարտվում է:

«Ռուսաստանը ոչինչ չի առաջարկում... Թող առաջարկեն՝ քննարկենք», - ասաց նախկին վարչապետը՝ հակադրելով. - «Արեւմուտքն առաջարկում է: Առաջարկում է չկեղծել ընտրությունները, անցկացնել արդար ընտրություններ, ձեւավորել անկախ դատական, օրենսդիր եւ գործադիր մարմիններ»:


Արմեն Զաքարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG