Մատչելիության հղումներ

Ռուսաստանը Վրաստանին մեղադրում է «շանտաժի» մեջ


Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը «անընդունելի շանտաժ» է որակել Վրաստանի խորհրդարանի խոսնակ Նինո Բուրջանաձեի հայտարարությունը, թե իշխանությունները պատրաստ են մայիսի 15-ից սկսել Վրաստանի տարածքից ռուսաստանյան ռազմակայանների միակողմանի դուրսբերումը:

«Եթե առաջիկա օրերին այս հարցում առաջխաղացում չարձանագրվի, ուժի մեջ կմտնի երկրի տարածքից ռուսաստանյան ռազմակայանները միակողմանիորեն դուրս բերելու մասին երկրի խորհրդարանի մարտի 9-ի բանաձեւը», - հինգշաբթի օրը հայտարարել էր Նինո Բուրջանաձեն:

Վրաստանի խորհրդարանի ընդունած բանաձեւը նախատեսում է, որ, եթե կողմերը այս հարցում համաձայնության չհանգեն մինչեւ մայիսի 15-ը, Վրաստանի արտգործնախարարությունը կդադարեցնի մուտքի արտոնագրերի տրամադրումը ռուսաստանցի զինծառայողներին, իսկ ռազմակայանների պարտքերը կձեւակերպեն որպես Ռուսաստանի պետական պարտք Վրաստանին:

«Վերջնագրերի եւ շանտաժի լեզուն անընդունելի է, երբ խոսքում ենք նման բարդ եւ բազմակողմանի խնդրի մասին», - «Ինտերֆաքս» գործակալությանը հինգշաբթի օրը ասել է Ռուսաստանի պաշտպանության նախարարության խոսնակ գնդապետ Վյաչեսլավ Սեդովը:

Նրա կարծիքով, նման հայտարարությունները հատկապես անընդունելի են հիմա, երբ կողմերը ակտիվորեն աշխատում են առաջարկների ուղղությամբ ու փորձում գտնել Վրաստանի տարածքից ռուսաստանյան ռազմակայանների դուրսբերման խնդրի հետ կապված երկուստեք ընդունելի լուծում:

Ի դեպ, «Ինտերֆաքս» գործակալությունը՝ վկայակոչելով Հասարակական կարծիքի ուսումնասիրության համառուսաստանյան կենտրոնի վերջին հարցումների տվյալները, հայտնում է, թե ռուսաստանցիների միայն 6 տոկոս են կողմ են ԱՊՀ երկրներում Ռուսաստանի ռազմակայանների փակմանը:

Հարցվածների ճնշող մեծամասնությունը գտնում է, որ ռազմակայանները պետք է պահպանվեն, քանի որ դրանով կպաշտպանվեն Ռուսաստանի շահերը ԱՊՀ երկրներում (20 տոկոս), կապահովվի Ռուսաստանի եւ ԱՊՀ երկրների անվտանգությունը (18 տոկոս):

Ռուսաստանցիների 12 տոկոսը գնտում են, թե ռազմակայանների պահպանումը կխոչընդոտի Միացյալ Նահանգների եւ ՆԱՏՕ-ի մյուս անդմա պետությունների ներթափանցումը նախկին խորհրդային տարածք:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG