Մատչելիության հղումներ

Լրացավ Անդրանիկ Մարգարյանի վարչապետության 5 տարին


Հայաստանի վարչապետ Անդրանիկ Մարգարյանը հինգշաբթի օրը հրավիրած ասուլիսում այդ բարձր պաշտոնում իր երկարակեցությունը բացատրեց «լավ աշխատելով», «ռեալ խնդրներ դնելով եւ այդ խնդիրները ճիշտ կատարելով»:

Պաշտոնավարաման հնգամյա արդյունքներն ամփոփելով` վարչապետն այսօր ասաց, որ իրեն հաջողվել է անել ավելին, քան ծրագրված էր:

Հարցին, թե ինչպիսի՞ն են արդյունքները կոռուպցիայի դեմ պայքարում, Անդրանիկ Մարգարյանը պատասխանեց, թե «քիչ են դեպքերը, երբ կաշառք ստանալու պահին մարդիկ են ձերբակալվել»: Նրա խոսքերով, սակայն, իրեն հաջողվել է պայքարել կոռուպցիայի արմատների դեմ. մշակվել է հակակոռուպցիոն ռազմավարություն, իրականացվում են միջոցառումներ:

Անդրանիկ Մարգարյանը ժխտական պատասխանեց հարցին, թե իբրեւ հաջողակ վարչապետ եւ առաջատար քաղաքական կուսակցության նախագահ չի՞ պատրաստվում 2008-ի նախագահական ընտրություններում առաջադրել իր թեկնածութունը: Առաջիկա թիրախը, ըստ Մարգարյանի, 2007-ի խորհրդարանական ընտրություններն են, ինչից հետո միայն կպարզվի իր կուսակցության դիրքորոշումը:

Բնականաբար, վարչապետին հարցեր ուղղվեցին ավելի մոտակա ընտրությունների՝ մայրաքաղաքի Ավան համայնքի թաղապետի արտահերթ ընտրությունների մասին։ «Հայկական ժամանակ» օրաթերթը այսօր տեղեկություններ էր հրապարակել այստեղ առաջադրված միակ թեկնածուի՝ վարչապետի որդու սեփականության վերաբերյալ, ըստ որի 27-ամյա Տարոն Մարգարյանը համատեղ սեփականության իրավունքով երկու բնակարան եւ երեք ավտոտնակ ունի Ավան թաղամասում, եւս երեք բնակարան (արդեն անձնական սեփականության իրավունքով)՝ Կենտրոն համայնքի Թումանյան փողոցում։ Ըստ թերթի հրապարակման, Տարոն Մարգարյանին են պատկանում նաեւ «Հայջրնախագիծ» ինստիտուտի երկու հարկաբաժինները՝ 622 քառակուսի մետր մակերեսով, Ավանի խոշոր ունիվերսամը եւ 400 քառակուսի մետր հողատարածք։

Անդրանիկ Մարգարյանը պարզաբանեց, թե Ավանի երկու բնակարանները իրեն եւ իր կնոջը պատկանող գույք են, իսկ Թումանյան փողոցի երեք բնակարանները հարսի բերած օժիտն է, որը վերջինս նվիրվել է ամուսնուն։

Ինչ վերաբերում է Ավանի ունիվերսամին, ապա այն որդուն չի պատկանում։ Պարզապես, ըստ վարչապետի, «Հայկական ժամանակ»-ի թղթակիցը չի կարողացել ճիշտ կարդալ իր որդու ներկայացրած տեղականքը։


Ատոմ Մարգարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG