Մատչելիության հղումներ

Սերգո Երիցյան. «Ինչպիսին երկիրն է, այնպիսին էլ՝ կրթական ոլորտը»


Հինգշաբթի օրը հրավիրած ասուլիսում Հայաստանի կրթության եւ գիտության նախարար Սերգո Երիցյանը չհամաձայնեց ՄԱԿ-ի՝ վերջերս կատարած ուսումնասիրության եզրակացությանը, թե կրթական ոլորտը Հայաստանում ամենակոռումպացվածն է:

«Ես այն կարծիքին չեմ, թե ամենակոռումպացվածը կրթության համակարգն է», - ասաց նա: - «Ես կարծում եմ, որ այդ առումով [կրթության ոլորտը] ամենավերջին տեղերում է: Թե ինչ ուսումնասիրություն է կատարել ՄԱԿ-ի գրասենյակը, ինչ մեթոդներով եւ ինչ գործիքներով՝ որեւէ կերպ չհաջողվեց իմանալ»:

Կրթական ոլորտում կոռուպցիայի դրսեւորումներին վերջին շրջանում հաճած են անդրադառնում նաեւ ուսանողական կազմակերպությունները, մասնավորապես՝ ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը:

«Անկեղծ ասած, շատ զարմանում եմ, որ շատ երիտասարդական կազմակերպություններ, մասնավորապես «Նիկոլ Աղբալյան» [միությունը] շատ հուզված եւ անհանգստացած են այս համակարգի հետ կապված», - այդ կապակցությամբ ասաց Երիցյանը՝ հայտարարելով. - «Համակարգը այսօր կոռումպացված է այնքանով, որքանով մի քանի տարի առաջ»:

Դա, թերեւս, անսքող ակնարկ էր, թե ոլորտը մի քանի տարի առաջ ղեկավարում էր ՀՅԴ ղեկավար անդամ Լեւոն Մկրտչյանը:

Այսօրվա ասուլիսում նախարարը ներկայացրեց գալիք բուհական ընդունելության քննությունների մի քանի նորամուծությունները: Նախ Երիցյանը հիշեցրեց, որ այս տարվանից հանրակրթական դպրոցը ոսկե մեդալով ավարտողները չեն օգտվելու որեւէ արտոնությունից:

Ընդունելության քննությունների արդյունքները այսուհետ գնահատվելու են ոչ թե կլորացված գնահատականներով, այլ տասնորդականներով: Այսինքն՝ եթե նախկինում 18,8 կամ 18,6 գնահատականը կլորացվում էր, ապա այսուհետ կլորացում չի կատարվելու:

«Կլորացում չի կատարվելու նաեւ երեք քննությունների գնահատականները գումարելու դեպքում», - հավելեց նախարարը՝ պարզաբանելով. - «Այս քայլին մենք գնացել ենք այն պարզ պատճառով, որ անցած տարիներին բազմաթիվ վիճահարույց խնդիրներ էին առաջ գալիս, երբ 0,2 միավորը կարող էր ուսանողի ճակատագրում շատ կարեւոր դեր խաղալ»:


Նանե Աճեմյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG