Մատչելիության հղումներ

Թբիլիսյան հրապարակում հայտնաբերված նռնակը մարտական չէր


Արձագանքելով երեկ ուշ երեկոյան միջազգային լրատվական գործակալությունների հաղորդած լուրին, համաձայն որի մայիսի 10-ին Թբիլիսիի Ազատության հրապարակում Միացյալ Նահանգների նախագահ Ջորջ Բուշի ելույթի ժամանակ կանխվել է ահաբեկչության փորձ, Վրաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Գելա Բեժուաշվիլին չորեքշաբթի օրը հայտարարել է, թե դրա բուն նպատակը «մարդկանց վախեցնելն ու ուշադրություն գրավելն էր»:

Առաջին հաղորդագրություններում ասվում էր, թե անհայտ անձը մոտ 30-50 մետր հեռավորությունից նռնակ է նետել նախագահների ուղղությամբ: Նշվում էր նաեւ խորհրդային տարիներին արտադրված նռնակի տեսակը՝ ՌԴԳ-5:

Հաջորդ հաղորդագրություններում ընդգծվել է երկու սկզբունքային հանգամանք: Առաջին՝ նռնակը ոչ թե նետել են, այլ մի ոստիկան հայտնաբերել էր այն եւ դուրս հանել հրապարակից: Եվ երկրորդ՝ նռնակը վտանգավոր չէր, քանզի դրանում չկար պայթուցիչ:

«Այդ ՌԴԳ-5-ը չէր պայթի», - ասել է Գելա Բեժուաշվիլին: - «Մենք կարծում ենք, որ բուն նպատակը՝ մարդկանց վախեցնելն ու ուշադրություն գրավելն էր»:

«Եթե նման բան պատահեր ոչ թե Ջորջ Բուշի այցի, այլ որեւէ ուրիշ միջոցառման ժամանակ, հավատացեք, այսքան աղմուկ չէր լինի», - ասել է Վրաստանի ներքին գործերի նախարար Վանո Մերաբիշվիլին:

Վրացի եւ ամերիկացի իրավապահները համատեղ ջանքերով հետաքննություն են անցկացնում: Ըստ փորձագետների, մեծ թվով անմեղ մարդիկ կտուժեին, եթե ամբոխի մեջ այդ տեսակի նռնակ պայթեր, բայց նախագահներին պայթյունը վնաս չէր հասցնի, որովհետեւ նրանց եւ հրապարակում հավաքված մարդկանց միջեւ ամերիկացիները տեղադրել էին զրակուռ թափանցիկ վահանակ:

«Ազատություն» ռադիոկայանի վրացական ծառայության աշխատակիցը հաղորդել է, որ իրավապահները հետաքննում են միջադեպը: Այս պահին ձերբակալվածներ չկան:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG