Մատչելիության հղումներ

ՀՀԿ-ում տարբեր կերպ են մեկնաբանում Ալավերդու քաղաքապետի ընտրությունների արդյունքը


Կառավարող կոալիցիայի խոշորագույն՝ Հայաստանի հանրապետական կուսակցությունում տարակերպ են մեկնաբանում անցած կիրակի Ալավերդու քաղաքապետի ընտրություններում իրենց թեկնածուի պարտությունը:

Տեղական բաշխիչ ցանցի տնօրեն Արթուր Նալբանդյանը ընդտրություններում հաղթել է ՀՀԿ երիտասարդական թեւի առաջադրած թեկնածուին՝ Էդվարդ Շարմազանովին: Վերջինս, երիտասարդ հանրապետականների պնդմամբ, վայելում էր Լոռու մարզպետ, ՀՀԿ անդամ Հենրիկ Քոչինյանի աջակցությունը:

«Այն, որ մարզպետը աջակցել է թեկնածուներից մեկին, կոնկրետ՝ Արթուր Նալբանդյանին, դա հայտնի փաստ է», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Հանրապետական կուսակցության խորհրդարանական խմբակցության անդամ Արմեն Աշոտյանը, ով ընտրություններում եղել է Շարմազանովի վստահված անձը: - «Այս ընտրությունների բանաձեւը կարելի է ձեւակերպել այսպես. ՀՀԿ Լոռու մարզային կազմակերպությունը ընդդեմ ՀՀԿ երիտասարդական կազմակերպության»:

«Ես, որպես երիտասարդական կազմակերպության ղեկավար, այդ հարցը բարձրացնելու եմ` կուսակցական կարգապահության հետ կապված, կուսակցության ղեկավարության առջեւ», - ավելացրեց Աշոտյանը:

Թեեւ պարտվող կողմը չի պատրաստվում բողոքարկել ընտրությունների արդյունքները եւ արդեն շնորհավորել է հաղթած թեկնածուին, Աշոտյանի կարծիքով, ընտրություններն անցել են բազմաթիվ խախտումներով, ինչը չէր կարող չազդել դրանց արդյունքի վրա:

ՀՀԿ խորհրդարանական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը, ի տարբերություն իր երիտասարդ կուսակցի, կարծում է, որ Հենրիկ Քոչինյանը չի աջակցել ոչ հանրապետական թեկնածուին:

«Չեմ կարծում, որ նման երեւույթ կա», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Սահակյանը: - «Աջակցել ես հասկանում եմ քարոզարշավին մասնակցել, ելույթներ ունենալ, որը չի եղել»:

«Կարծում եմ, որ եթե ռեսուրսներ իշխանական օգտագործվեին, առավել շատ մենք ունեինք շանս դա օգտագործելու, քան կարող էր անել Լոռու մարզպետը», - շարունակեց նա: - «Եթե մենք լիովին մասնակցեինք ընտրություններին եւ մեր բոլոր ռեսուրսները ներդնեինք, լրիվ կերպով արդյունքները այլ կլինեին»:


Ռուզաննա Ստեփանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG